Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը. երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում

Ազգային ժողովում քննարկվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում է, թե որ տարիքային խմբին է ուղղված երիտասարդական քաղաքականությունը։
«Մինչ այս թեև օրենք չկար, բայց տարբեր ենթաօրենսդրական ակտերում երիտասարդության տարիքը սահմանվում էր 16-30 տարեկան, իսկ որոշ ծրագրերում, օրինակ՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրում այն ընդլայնվել էր մինչև 35 տարեկանը»,- նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նոր օրենքով սահմանվել է, որ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը։
«13 տարեկանից երիտասարդների հետ աշխատանքը, մասնագիտական կողմնորոշումը և նրանց հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան ծրագրերի իրականացումը առավել արդյունավետ է։ Սա լավագույն եվրոպական փորձն է։ Մյուս կողմից՝ 30-35 տարեկանի ընդգրկումը պայմանավորված է մեր ժողովրդագրական խնդիրներով։ Հայաստանում երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում»,- ասաց փոխնախարարը։