Ընդդիմությունն անգամ իր իսկ բերած նախագծի համար չներկայացավ նիստերին. Հայկ Սահակյան
Ներքաղաքական
Երեւանի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Մայր Հայաստան»-ը եւ «Ազգային առաջընթաց»-ը, երեկ արտահերթ նիստ էի հրավիրել, որին իր կտրուկ պատասխանն էր տվել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունը: Տարածել էին հայտարարություն, որում ասվում էր, որ բոյկոտելու էին արտահերթ նիստը, այն համարում են անհիմն եւ կեղծ օրակարգով հագեցած: Տապալված նիստի մասին «Իրավունք»-ը զրուցել է ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
— Ընդդիմությունը մեղադրում է Ձեր խմբակցությանը՝ իրենց հրավիրած արտահերթ նիստը տապալելու մեջ: Եթե անգամ այդ նիստին քվորում ապահովեիք, արդյո՞ք սա նշանակում էր, որ կարող էր ընդդիմության նախագիծը կարմիր գծերի եւ տրանսպորտի գնի վերաբերյալ ընդունվել:
— «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել այս առումով, եւ ընդդիմությունն ուղղակի բեւեռացնում է քաղաքացիներին, որպեսզի չխոսեն, թե ինչ հետեւանքներ կունենա այս ռեֆորմին չգնալը։ Իհարկե, իրենք դրա համար պատասխանատվություն չեն կրում, եւ այս հարցը դարձնում են քաղաքական շահարկման առարկա։ Իրենք արդեն մի անգամ բերել են իրենց նախագիծը եւ նույնիսկ ընդդիմության ամբողջ կազմով չեն ներկայացել։
— Կարծում եք, որ ընդդիմությունը պարզապես դիվիդենտնե՞ր է քաղում ստեղծված իրավիճակից` լավ գիտակցելով, որ եթե անգամ «Հանրապետություն»-ն ու ՔՊ-ն մասնակցեին նիստին, միեւնույնն է, դեմ էին քվեարկելու, եւ չէին անցնելու իրենց առաջարկած նախագծերը:
— Արդեն նշեցի, որ իրենց ներկայացրած նախագիծը` տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, եկել է ավագանու նիստի, եւ նույնիսկ իրենք իրենց չեն կարողացել համոզել եւ ներկայանալ ամբողջ կազմով։ Սա դժվար, բարդ ճանապարհ է, ու մենք կրում ենք այդ պատասխանատվությունը` միչեւ վերջ գնալու:
— Փաշինյանը դեռ չի արտահայտել իր կարծիքը տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ: Մտավախություն չունե՞ք, որ, ի վերջո, այս գործընթացը կկասեցվի՝ հենց նրա մակարդակով, թե՞ շարունելու եք կիսել դրա պատասխանտվությունը Տիգրան Ավինյանի հետ միասին:
— Ն. Փաշինյանը ՔՊ կուսակցության ղեկավարն է, եւ իր կարծիքը հայտնելն իրենց կուսակցության ներքին հարցն է։ Մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց ինչպես նշել ենք, գնալու ենք Եվրոպական մոդելի քաղաք ունենալու ճանապարհով։
— Գյումրու ՏԻՄ ընտրություններին մտադի՞ր է մասնակցել «Հանրապետություն» կուսակցությունը: Եթե՝ այո, ապա կմասնակցի միայնա՞կ, թե՞ դաշինքով:
— Այս հարցը չենք քննարկել կուսակցությունում, որոշում ունենալու դեպքում՝ կհայտնենք:
— Ամեն դեպքում, Գյումրու ՏԻՄ ընտրություններին հնարավո՞ր է, որ հանդես գաք իշխող ՔՊ կուսակցության հետ միասին:
— Մեկ բառով՝ ոչ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ