ՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԱ՞Վ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄՈՒՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄՈՒՐՃԻ ՏԱԿ
Վերլուծություն
Այն, որ Փաշինյանը զանգահարեց Պուտինին, իհարկե, սպասելի էր: Ասենք, պատահական չէր նաեւ օրը՝ հունվարի 17-ին: Հիշեցնենք, որ այդ օրը ՌԴ նախագահն ընդունել էր իրանցի իր գործընկերոջը, եւ ստորագրվեց ռուս-իրանական «Ռազմավարական համագործակցության» միանգամայն ծանրակշիռ փաստաթուղթը:
ԹՐԱՄՓԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Թե ինչու Նիկոլը հենց այդ օրը զանգահարեց Պուտինին, իհարկե, դժվար չէ հասկանալ: Նախ, իշխանության էր գալիս Թրամփը, ով առանձնակի հետաքրքրություն այդպես էլ չցուցաբերեց ո´չ հարավկովկասյան տարածաշրջանի եւ ո´չ էլ Հայաստանի նկատմամբ: Նիկոլը, ճիշտ է, այս ընթացքում հաջողացրեց Մակրոնի օգնությամբ մի փոքրիկ հանդիպում ունենալ Թրամփի հետ, լուսանկարվել: Ու վերջ, բոլոր ջանքերը՝ հրավիրվել Թրամփի երդմնակալությանը, ձախողվեցին: Ընդ որում, կան խոսակցություններ, որ նման տարբեր փորձերը, հատկապես՝ ԱՄՆ-ում Նիկոլի դեսպանի միջոցով իրականացվածները, հանդիպել են Թրամփի թիմի եթե ոչ կոպիտ, ապա գոնե կոշտ մերժմանը: Այն ակտիվությունը, որը դեռ ընտրական փուլում Նիկոլի դեսպանը դրսեւորում էր ի օգուտ դեմոկրատների, ինչպես այն ժամանակ ենք քանիցս հայտնել, թրամփականների աչքից չի վրիպել, եւ հիմա պարզապես դեսպանին էլ, Նիկոլին էլ ընկալում են` որպես լիբերաստական ուղղությամբ գործող կերպարներ: Եվ ներկա փուլում, երբ Թրամփի, այսպես ասենք, պահպանողական թիմի կողմից կտրուկ ավելացել է լիբերալների ուղղությամբ «դոզան», այդ թվում՝ եվրոպական ուղղությամբ հարվածների տեսքով, Նիկոլն էլ ընկալվում է, որպես այդ, առանց չափազանցության՝ թշնամական ուղղվածության գործիչ: Ճիշտ է, ոչ շատ առանցքային, բայց հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը ռուս-իրանական ուղղությամբ, այդ նշանակությունը աննշան էլ չես համարի:
Մյուս կողմից, նման է, որ Նիկոլը փորձեց հենց Հայաստանի այդ դիրքի հաշվին նաեւ Թրամփի մոտ «պետքական կադրի» դիրք վերցնել: Տեղեկացված անձինք վստահեցնում են, որ հենց դրան էր միտված նաեւ Բլինքենի հետ վերջերս Արոյի ստորագրած փաստաթուղթը. փորձում են հրամցնել, թե, ճիշտ է, դա ստորագրել է հեռացող պետքարտուղարը, բայց դրա էֆեկտիվությունից կօգտվի նրան փոխարինող թրամփական պետքարտուղարը: Այսինքն, թե իբր հավատարիմ են ԱՄՆ-ին առհասարակ, այլ ոչ թե կոնկրետ պահի գործող իշխանությանը: Բայց արդյոք այդ պայմանագիրը Թրամփի թիմում համարո՞ւմ են էֆեկտիվ կամ շատ կարեւոր. այն, որ Նիկոլին այդպես էլ Թրամփի երդմնակալությանը մոտ չթողեցին, հուշում է, որ ամեն դեպքում, որն էլ լինի Հայաստանի ուղղությամբ Թրամփի վերջնական ռազմավարությունը, գոնե այս պահին Նիկոլին դրա մեջ չեն տեսնում: Եվ նման միանշանակ ազդակը Նիկոլի համար՝ Մոսկվա զանգահարելու դրդապատճառներից մեկը դարձավ:
ԵՄ-ԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Հաջորդ դրդապատճառը, իհարկե, ռուս-իրանական պայմանագիրն էր: Այստեղ, իհարկե, նախ այս հետաքրքիր դետալը պետք է ֆիքսել: Թեեւ հայկական կողմը պաշտոնական հաղորդագրությունում շրջանցել էր ինչպես այն, որ զանգը Նիկոլի նախաձեռնությամբ էր, այնպես էլ դրա հիմնական թեման, սակայն ռուսները բացեցին բոլոր փակագծերը: Այսինքն, հենց Նիկոլի խնդրանքով է զրույցը կայացել, ինչպես նաեւ, որ նա, ըստ էության, բացատրություններ է տվել ԵՄ-ի անդամակցության իր հայտնի քայլերի հետ կապված: «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երեւանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ եւ գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Իհարկե, կարելի էր մտածել, թե սա սովորական` «երկու աթոռի վրա խաղալու» հին կուրսն է: Չնայած, այս հարցում, պայմանավորված Թրամփով, մեկ էական փոփոխություն է տեղի ունեցել. երկրորդ՝ եվրոպական «աթոռն» այս պահին ծայրահեղ խախուտ է դարձել, եւ դա չի կարող չտեսնել անգամ Նիկոլը: Միգուցե որոշակի հույսեր կային, որ լիբերալներին կհաջողվեր մինչեւ Թրամփի երդմնակալությունն ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել՝ ձախողելով իշխանության փոխանցումը: Տարբերակներից մեկն էլ կարող էր այն լինել, որ Ալիեւն այս ընթացքում կանցնի հարձակման, Իրանը կներքաշվի պատերազմի մեջ եւ այլն, եւ այդ ուղղությամբ ակնհայտորեն բրիտանական հետախուզությունն ակտիվորեն աշխատում էր: Բայց ահա, հունվարի 17-ին արդեն միանշանակ էր, որ ռուս-իրանական համաձայնագրի ստորագրումը չի ձախողվելու: Իսկ այդ համաձայնագիրը, որին դեռ կհասնենք, կարող է մասնավորապես հարավկովկասյան ուղղությամբ լրջագույն փոփոխություններ առաջ բերել: Արդյունքում, կրկնենք, պատահական չէր, որ հենց այդ օրն էլ Նիկոլը զանգահարեց Պուտինին, եւ, ըստ ռուսական աղբյուրների, նա Արոյին է ուղարկելու Մոսկվա:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՌԴ-ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Այսպիսով, ի՞նչ է ցույց տալիս ռուս-իրանական համաձայնագիրը: Նախ, կարելի է նկատել նաեւ ուղղակիորեն մեզ վերաբերող դրա առանցքային դրույթներից մեկը: Այն է՝ «Ռուսաստանը եւ Իրանը մտադիր են կանխել երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում»: Թե ինչ միջոցներում են «կանխելու», այդ մասին ուղիղ տեքստով բան չի ասվում: Բայց դատելով այդ փաստաթղթի ընդհանուր տրամաբանությունից, այդ թվում՝ դրանում ներառված բավականին ծանրակշիռ ռազմական բաղադրիչներից, հետախուզական ծառայությունների սերտ համագործակցության գաղափարի՝ «ազգային անվտանգության ամրապնդման եւ ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար», կարելի է ենթադրել, որ կկիրառվեն «բոլոր միջոցները»: Եվ դա տրամաբանական է. կողմերն այդ համաձայնագրով ֆիքսում են, որ մասնավորապես հարավկովկասյան ուղղությունը դիտարկում են, որպես մասշտաբային լոգիստիկ գոտի, այս հատվածում ունեն շատ մեծ տնտեսական հետաքրքրություններ, ու բնական է, որ բոլոր հիմնական ուժերին ազդարարում են իրենց այդ հետաքրքրությունները « բոլոր միջոցներով» պաշտպանելու պատրաստակամության մասին: Եվ իհարկե, այդ հանգամանքը չեն կարող հաշվի չառնել Ալիեւը, Նիկոլը, ասենք նաեւ Էրդողանը:
Իհարկե, հայտարարելը մի բան է, բայց ասածն իրականություն դարձնելը՝ այլ բան: Այսինքն, հիմնական հարց է դառնում, թե թրամփյան ԱՄՆ-ն պատրա՞ստ է հաշվի նստել ռուս-իրանական այդ շահի հետ: Ընդ որում այն, որ նման փաստաթուղթ ստորագրվեց Թրամփի ինագուրացիայի շեմին, դեռ էն գլխից էր հուշում, որ այդ միանգամայն պարզ մեսիջի հիմնական հասցեատերը հենց Թրամփն է:
Եվ ահա, ռուսական բավականին տեղեկացված աղբյուրն ակնարկում է, որ ռուս-իրանական համաձայնագրի որոշակի առանցքային դետալներ, այնուամենայնիվ, վերջնամշակվել են, նաեւ հաշվի առնելով Թրամփի թիմից եկած ազդակների արդյունքում: Այսինքն, որ որոշակի նախնական քննարկումներ, այնուամենայնիվ, եղել են: Այսպես, ռուս-իրանական ռազմավարական համաձայնագրի նախնական տարբերակում, դատելով իրանական եւ ռուսական տեղեկացված աղբյուրների հաղորդումներից, նախատեսված էր կողմերից մեկի ավտոմատ ռազմական միջամտություն՝ մյուսի մոտ առաջացող ռազմական հակամարտության դեպքում: Հենց այդ հիմնական դետալն էլ, նման է, որ պայմանագրի վերջնական տարբերակում մի փոքր մեղմվել է: Ըստ աղբյուրի. «Նախ, Ռուսաստանն այս փուլում պատրաստ չէ ներգրավվել պոտենցիալ մերձավորարեւելյան պատերազմի մեջ։ Նաեւ, կա ուկրաինական հակամարտությունը, եւ Իրանին մեխանիկորեն այդ պայմանագրով պատերազմի մեջ ներքաշելը եւս այս պահին նպատակահարմար չէ: Այն իմաստով, որ նաեւ Թրամփի թիմից են եկել հստակ ազդակներ, որ խոշոր բանակցություններից առաջ իրողություններն այդ կտրուկ քայլերով փոխելը հենց այդ բանակցությունների համար կարող են որոշակի խոչընդոտ դառնալ: Այն է` ՀՌՕ Իրանի մեխանիկական ներքաշումը Թրամփին հակառակորդ ներամերիկյան թիմի համար ընդդեմ ռուս-ամերիկյան բանակցությունների քարոզարշավի համար պարարտ հող կդառնա, որին անիմաստ պետք չէ գնալ: Իրանի պարագայում էլ Թրամփից եկել է առաջարկ` բանակցել նոր միջուկային պայմանագրի ուղղությամբ, եւ այս հարցում էլ կարող է ռուսների ռազմական ներգրավվածությունը նորից քարոզչական իմաստով խնդիր դառնալ: Այսինքն, ռազմական պարտադիր օգնության նորմը Թրամփի համար դառնում է խոչընդոտ` նման արմատական դրույթ Մոսկվային եւ Թեհրանին պարտադրող իրողությունների շուրջ բանակցային լուծումներ գտնելու համար: Իսկ եթե նման լուծումներ գտնվեն, պայմանագրային նման նորմը պարզապես կորցնում է իր արդիականությունը»:
Նման է, որ երեք կողմին էլ այս պահին ձեռնտու է իրար ավելորդ չնյարդայնացնել: Բայց նաեւ, իրավիճակը դեռ կարող է փոխվել: Եթե Թրամփի թիմը ո´չ Կրեմլին, ո´չ Իրանին չառաջարկի ընդունելի լուծումներ` ճգնաժամերի կարգավորման համար, ռազմական համագործակցության գործոնը կրկին կարող է գերիշխող դառնալ ռուս-իրանական հարաբերություններում եւ այս անգամ` առանձին պայմանագրի տեսքով, ինչի մասին, ի դեպ, ակնարկեց նաեւ Փեզեշկիանը:
Եթե այս տարբերակն է, ապա նշանակում է, որ Թրամփն էլ է ընդունելի համարում, որ նախ՝ չի կարող միջամտել ռուս-իրանական հարաբերություններին եւ նաեւ այդ հարաբերությունների համար առկա աշխարհագրական լոգիստիկաներին: Իսկ այդ դեպքում, արդեն միանշանակ, ողջ հարավկովկասյան տիրույթի աշխարհաքաղաքական ֆոնը չի կարող չհամապատասխանել ռուս-իրանական այդ գործընթացների տրամաբանությանը: