ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
Ներքաղաքական
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով»,- գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա ընդգծում է՝ ընդհանրապես, կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել Թրամփի վարչակազմի համար: Վերջիվերջո 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին: Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին։ Թրամփի երդմնակալության ողջ ընթացքը համեմված էր քրիստոնեական թեմատիկայով: Բացի "God Bless America" և "So Help Me God" ավանդական ձևակերպումներից, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորների աղոթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար: Իր երդմնակալության ելույթում Թրամփը տալիս էր այսպիսի ձևակերպումներ "I Was Saved by God", "We Will Not Forget Our God", "One Glorious Nation Under God", "People of Religion, Faith and Goodwill" և այլն:
«Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնեաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին: Նա նաև խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:
Այս խոստումներից որոշներն արդեն իսկ կյանքի է կոչել:
Ի դեպ, շատ գրագետ և հաշվարկված այս հարցին մոտեցավ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալությունից մեկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) հայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ ձևավորելու համար: Դե, եթե Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պետք է անեն այլոք:
Հիմա գանք Հայաստան
Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգտոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը հաղթելու է և պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել: Սա ճակատագրական սխալ էր և «պլան Բ» բնականաբար չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ):
Հատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակվել 2021թ. և պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրվի նրա պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկետով չեն նշանակում, գործում է 2+1 ավանդույթը և ընդհանրապես դեսպանի հետկանչի ժամկետի ընտրությունը քաղաքական որոշում է:
Հույսս կտրելով «դիվանագետներից» կարծում եմ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:
Ի դեպ, 1994թ., երբ Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը, կուսակցության և իշխանության հարաբերությունները ոչ պակաս լարված էին՝ քան այսօր: Սակայն, ի պատիվ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարյանի և Հայ Դատի (ANCA) գրասենյակի ղեկավարների, նրանք համագործակցության եզրեր գտնում էին հանուն Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասությունները: Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգտոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ»,-գրում է քաղաքագետը։
Ավելի վաղ, գրել էինք, որ Սասուն Խաչատրյանը պատրաստվում է իր նոր նշանակմանը․ «Euromedia24-ի տեղեկություններով իր նոր նշանակմանն է պատրաստվում Սասուն Խաչատրյանը, ով Փաշինյանի հեռախոսից ստացած վոթսափ SMS-ի նամակ-հարկադրանքով ստիպված եղավ տարեվերջին լքել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը` նույն նամակը ստացած ՆԳ նախարարի, ՊԵԿ նախագահի ու ԲԴԽ նախագահի եւ Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին։ Իրավապահ համակարգի ներսում խոսում են, որ Սասուն Խաչատրյանին տեղափոխում են արտերկիր՝ դիվանագիտական հաստիքի։
Սասուն Խաչատրյանն հավակնում է ԱՄՆ-ում Հայաստանի լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվել, բայց այս հաստիքն արդեն 3 տարուց ավելի է՝ զբաղեցնում է Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Մակունցը։ Անհավանական թվացող այս նշանակման հարցում, ասում են՝ նրան մեծապես օժանդակում է Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը, ով վերջերս դարձավ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը՝ ՔՊ-ի միաձայն քվեարկությամբ, իսկ մինչ այդ, հիշեցնենք, քայլ ձիով նվաճել էր Խաչատուրյանը մի քանի բարձր պաշտոններ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ էր, նախորդիվ եղել էր ԲԴԽ անդամ»։