Հունվարի 22-ը մշակութային երկու ահասարսուռ լուր բերեց. Ալլա Հակոբյան

2025 թվականի հունվարի 22-ը մշակութային ԵՐԿՈՒ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ լուր բերեց... Այլեւս Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից ԿՀԱՆՎԻ «ԱԶԳԱՅԻՆ» բառը։ Սա մեկ: Եվ երկրորդ լուրը` դա այն է, որ ԿՏԵՂԱՀԱՆՎԻ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին:
Առաջին որոշումը ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, ի դեպ, 31 «դեմ» ձայնով: Այսինքն, դահլիճում կար առնվազն 31 զույգ կոշիկ, իսկ 31 զույգ կոշիկը դա արդեն 62 հատ կոշիկ է դառնում... Այդ կոշիկները կարող էին իրենց ցասումը արտահայտել գոնե Խրուշչով պապիկի օրինակով` ինչպես ՄԱԿ-ի դահլիճում: Ավաղ, սկանդալ տեղի չունեցավ, եւ ՀԱՅ ԱԶԳԸ չիմացավ, թե ՔՊ-ականները էլ ինչ նոր «զուլում» բերեցին իր գլխին: Դե, դրանք 2018-ին Հայաստանի ՄՇԱԿՈՒՅԹԻ մայրաքաղաքից հասան Երեւան հենց ԱՅԴ նպատակով` որ օրական մի «զուլում» բերեն ՀԱՅԻ գլխին:
Երկրորդ լուրը բերեց` թե՛ անվանումով, թե՛ գործունեությամբ շիլափլավ դարձած, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն համարվող կառույցը, որն ի դեպ, ԱՌԱՋԻՆԸ պետք է պաշտպանի հենց մեր ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ: Սակայն, հիացմունքի ժպիտով այդ ՄՇԱԿՈՒՅԹԻ նախարարության ներկայացուցիչը ստորագրեց ինչ-որ մի «համագործակցության հուշագիր» կոչված «փաստաթուղթ», որը կարող է ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ դառնալ միայն թուրքի համար: Դե, այս ՀԱՅԻ գլխին «զուլում» բերողները ՅՈԹԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ է, ինչ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ են բերում միայն թուրքին եւ այլոց... Ուստի, հետեւողական լինելու համար, այդ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ոգեւորությամբ անրջեց, որ «նման ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ հնարավորինս ՇԱՏ լինեն»: Պահո՜... Իսկ սա արդեն առնվազն ՍՊԱՌՆԱԼԻՔ է ցանկացած ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴՈՒ համար:
Այսպիսով, արկղը բացված է, նախադեպը ստեղծված է, եւ հավանաբար միայն Սուրբ Սարգիս եկեղեցիով չեն բավարարվելու... Եվ ինչպես 2018-ին պլպլան ու ճռճռան թղթով փաթեթավորված ... մատուցվեց ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, այնպես էլ հիմա այս ամենը մատուցվում է որպես ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ:
Պարզվում է, մշակութային ժառանգության պաշտպանության համար պետք է իրականացնել ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ եւ նոր վայրում դրա տեղադրումը: Ակամայից այս գործողությունը հիշեցնում է Ամերիկայի հնդիկների ոսկին ուլունքներով «փոխանակումը», կամ Եգիպտոսի գանձերի թալանը, երբ Նապոլեոն Բոնապարտը 1801 թվականի եգիպտական արշավի ժամանակ Եգիպտոսից հանեց հսկայական քանակությամբ հնագիտական գանձեր: Այսօր Ռոզետայի քարը պահվում է Բրիտանական թանգարանում։ Նեֆերտիտիի կիսանդրին` Բեռլինի թանգարանում, Փարիզի Լուվրում պահվում է աստղագիտական բարելիեֆը՝ Դենդերայի կենդանակերպը, որը մինչ օրս պահպանված հնագույն երկնքի միակ ամբողջական քարտեզն է։ Ռոզետայի քարը գողացել են բրիտանացիները, Դենդերայի կենդանակերպը գողացել է ֆրանսիացի մի գող, ով պարզապես կտրել է հարթաքանդակը տաճարի առաստաղից եւ վաճառել Լուվրին: Եվ հարկավոր չէ եկեղեցու տեղափոխումը ներկայացնել որպես դրա պահպանման եւ վերականգնման բարի ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Եթե ազնիվ եք եւ իսկապես ցանկանում եք պահպանել ու վերականգնել Սուրբ Սարգիս եկեղեցին, ապա արեք դա ՀԵՆՑ ԻՐ ՏԵՂՈՒՄ, այլապես ձեր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ոչ միայն վրդովեցնում է, այլեւ կասկածներ է հարուցում...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ