Իմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս Մովսիսյան
Մշակութային
«Իրավունք»-ի զրուցակիցը ՄՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է, ով ոչ միայն հեղինակել է հիթ դարձած բազմաթիվ երգեր, այլեւ կատարում է դրանք անձամբ՝ վարպետորեն միաձուլելով խորը հուզականությունն ու կարեւոր ասելիքը:
«ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ՆԵՐՍԻ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԾՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԳԵՐԸ»
— Ո՞ր տարիքից սկսեցիք ստեղծագործել:
— Սկսել եմ ստեղծագործել դեռ մանկուց։ Այն ժամանակ իմ աշխարհը գունեղ էր, լի երեւակայությամբ ու անմեղությամբ, եւ այդ զգացմունքները շատ բնական ձեւով վերածվում էին ստեղծագործական պոռթկումների։ Սկզբում դրանք մանկական, պարզ խոսքեր ու մեղեդիներ էին, բայց արդեն այն ժամանակ հասկանում էի, որ արվեստն իմ ինքնարտահայտման գլխավոր ուղին է։ Կարող եմ ասել, որ ստեղծագործելը միշտ եղել է իմ բնական լեզուն։
— Նման հուզական երգերը ինչպե՞ս են ծնվում:
— Իմ երգերը ծնվում են այնպիսի պահերին, երբ բառերն այլեւս չեն կարող փոխանցել իմ ներսի ապրումները։ Դա մի գործընթաց է, երբ հոգիս, կարծես, լսելի է դառնում, ու ես միայն կատարողն եմ։ Երբեմն միտքս լուսավորվում է զգացմունքների խաչմերուկում՝ ուրախության, ցավի, երազանքների ու խենթության սահմանագծին։ Եվ այդ պահին ամեն մի նոտա, ամեն մի բառ վերածվում է անկեղծ խոստովանության։ Կարծես, ոչ թե ես եմ գրում, այլ ինչ-որ մեծ ուժ իմ ներսում ուղղորդում է ինձ։
«ԿԱՐԵՎՈՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՆԵՐԿԱՆ, ՔԱՆԶԻ ԱՅՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ԻՍԿԱԿԱՆԸ»
— «Քեզանից հետո ավելորդ է իմ հետոն»։ Ունեցե՞լ եք նման զգացողություն:
— Այդ տողն իմ երգի ամենաուժեղ ու բեկումնային պահերից մեկն է։ Իրականում այն մեկ զգացողության արտացոլում չէ, այլ մի ամբողջ ապրում, որտեղ միախառնվում են սերն ու կորստի վախը, կյանքի փիլիսոփայությունն ու ինքնաճանաչման դժվարին ուղին։ Տողը ծնվել է ոչ թե կյանքի իմաստը կորցնելու զգացումից, այլ մի պահից, երբ հասկանում ես՝ որոշ մարդիկ քո կյանքում այնպիսի նշանակություն ունեն, որ նրանց բացակայությամբ ամեն ինչ անիմաստ կթվա։ Այդ տողը, սակայն, նաեւ հիշեցնում է՝ կարեւոր է գնահատել ներկան, քանզի այն է մեզ համար միակ իսկականը։
— Քանի՞ երգի հեղինակ եք:
— Այս պահին ունեմ 10-ից ավելի թողարկված հեղինակային երգեր եւ մի շարք չթողարկված ստեղծագործություններ, որոնք դեռ իրենց ժամանակին են սպասում։ Յուրաքանչյուր երգ՝ թողարկված, թե չթողարկված, ինձ համար մի աշխարհ է՝ լի պատմություններով, զգացմունքներով ու խորհրդավորությամբ։ Իմ երգերը կուտակում են իմ ապրումները, ներսի փոթորիկները եւ հոգեւոր որոնումները՝ դառնալով իմ ձայնը՝ ուղղված աշխարհին։ Դրանք երբեք պարզապես բառեր ու երաժշտություն չեն, դրանք ապրումներ են։
«ԲԱՐԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԸ»
— Ձեզ դո՞ւր է գալիս ներկայիս երգարվեստը:
— Չնայած իմ ճաշակը շատ հաճախ հակված է ավելի հին ժամանակների արվեստին ու երաժշտությանը՝ դասական վարպետներին ու անկեղծ կատարումներին, չեմ կարող ժխտել, որ այսօր էլ կան ստեղծագործողներ, ովքեր իրենց բարձրաճաշակ աշխատանքով ոգեւորում են։ Բացի այդ, ներկայում երաժշտություն ստեղծելը շատ ավելի հասանելի է դարձել, ինչը մի կողմից հիանալի է, բայց նաեւ արվեստի դաշտ ներմուծում է որոշակի անգրագիտության հոսք։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ իսկական արվեստը միշտ կգտնի իր ուղին եւ կպահպանի իր խորությունը։
— Հավատո՞ւմ եք, որ բարին վերջապես կհաղթի չարին, թե՞ դա միայն հեքիաթներում է լինում:
— Հավատում եմ, որ բարին միշտ հաղթում է, բայց դրա հաղթանակը չի լինում հեշտ, կամ ակնթարթային։ Այն ընթացք է, որը պահանջում է ուժ, համբերություն ու մաքառում։ Բարին հաղթում է այնտեղ, որտեղ մարդիկ չեն կորցնում իրենց հավատը եւ շարունակում են ընտրել սիրո, լույսի ու հույսի ճանապարհը՝ նույնիսկ մթության մեջ։ Գուցե դա հեքիաթ է թվում, բայց չէ՞ որ հենց հեքիաթները սովորեցնում են հավատալ անհնարինին։
«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ, ԻՄ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԻՄ ԷՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ»
— Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ սպասե՞նք:
— Հիմա ես գտնվում եմ մի փուլում, երբ աշխատում եմ ինքս ինձ վրա, իմ արվեստի եւ իմ էության կատարելագործման վրա։ Դա ճանապարհ է, որը ինձ կկոփի, որպեսզի մոտ ապագայում բեմ բարձրանամ արդեն որպես կայացած, փայլող աստղ։ Առջեւում շատ նորություններ կան, նոր երգեր ու գեղեցիկ տեսահոլովակներ։ Ես լի եմ ստեղծագործական գաղափարներով, եւ իմ հանդիսատեսը կարող է սպասել նոր ու անկեղծ աշխատանքների, որոնք անպայման կհասցնեն իրենց հոգու ամենախորը տեղերը։
— Մենք գիտենք, որ Դուք այս պահին Հայաստանում չեք: Ե՞րբ եք վերադառնալու հայրենիք:
— Այս պահին գտնվում եմ արտերկրում, որտեղ ժամանակս տրամադրում եմ ինքնազարգացմանը, ստեղծագործական նորությունների վրա աշխատելուն եւ նոր փորձառություններ ձեռք բերելուն։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի երբ վերադառնամ հայրենիք, իմ հանդիսատեսին ներկայացնեմ ավելի հասուն ու հետաքրքիր աշխատանքներ։ Իմ սիրտը միշտ Հայաստանում է, եւ շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ՝ իմ նոր ծրագրերով եւ էներգիայով կիսվելու համար։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ