Այդ փաստաթուղթը վտանգավոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ. Մինասյան
Ներքաղաքական
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեկնարկող օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված քննարկումները արկածախնդրություն են եւ կեղծ օրակարգ։ Նրա խոսքով՝ իշխանություններն արհեստական օրակարգ առաջ տանելու փոխարեն՝ պետք է իրականացնեն այն նախագծերն ու նախաձեռնությունները, որոնք ամրագրված են 2017թ. ստորագրված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրով։ Այս փաստաթղթի իրականացումը նախատեսում է լայնածավալ աշխատանք, ինչպես նաեւ բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Ավելին, փաստաթուղթը Հայաստանը չի դնում աշխարհաքաղաքական ընտրության առջեւ:
— Սակայն դրա փոխարեն իշխանությունները մտցրել են թեմա, որը ներկա աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում չափազանց վտանգավոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ։ Դա կարող է պառակտում առաջացնել հայ հասարակության մեջ, բացել լարվածության եւ առճակատման նոր օջախներ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական անհեթեթություն: Չէ՞ որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված փաստաթուղթն ամեն ինչ է, բայց ոչ օրենք: Այս ձեւով փաստաթուղթը չի համապատասխանում օրենքով սահմանված որեւէ չափանիշի։ Սա լավագույն դեպքում հայտարարություն է: