Խոստացել էիր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի, թե՞ գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես, ամո՛թ է․ Սրբազան Հայր
Հանդիպում
Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև պետության և եկեղեցու հարաբերություններին:
Դիտարկմանը, որ պետությունը հեռացել է եկեղեցուց, իսկ եկեղեցին կարևոր գործառույթ ունի սփյուռքում հայապահպանության համար, Փաշինյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Որովհետև պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության»։
Փաշինյանի կարծիքով՝ եթե պետությունից բոլորը թափանցիկություն են պահանջում, ինչու եկեղեցին ևս չի կարող լինել թափանցիկ։ «Մենք ունենք պետությունում օրենսդրություն։ Մենք ասում ենք, երբ որ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- նշել է Փաշինյանը։
«Իրավունքի» հետ զրույցում, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադառնալով վերը նշվածին նկատեց․
-Փաշինյանը թող ցույց տա գեթ մի երկիր, որտեղ եկեղեցին ՀԴՄ-ով մոմ է վաճառում, իսկ մնացածը՝ նշանակում է բորբոքված ուղեղի արգասիք։ Չկա մի երկիր, որտեղ ծիսական ապրանքների վաճառքը ՀԴՄ-ով լինի կամ հարկվի։ Անգամ Սովետական միության ժամանակ մոմավաճառությունը չի հարկվել։
Ինչ վերաբերում է եկեղեցու թափանցիկ լինելուն, ապա եկեղեցին թափանցիկ է՝ ՀԴՄ տալով չէ, որ պետք է թափանցիկ լինենք։ Եկեղեցին իր ծառայությամբ ու առաքելությամբ է թափանցիկ։ Բա խոստացել էիր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի, թե՞ գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես, ամոթ է, դադարեցրեք այդ խելագար մարդու ասածները քննարկել։ Հիմա ինչ խելագար մի բան ասի, պետք է զանգեք Միքայել Սրբազանին հարցնեք իր կարծի՞քը։
-Սրբազան, բայց Ձեր նշած խելագար մարդը երկիրն է ներկայացնում ամեն դեպքում․․․
-Հիմա, խելագար են ընտրել, իմ մեղքը որն է կասե՞ք։