Աշխարհում ընդունված չէ, որ հայտարարագիր ներկայացնի իշխանության մեջ չգտնվող անձը․ Իրավաբանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտում է տեսնում

Իրավական առումով օրինաչա՞փ է եկամուտների համընդհանուր հայտարարագրման այս քաղաքականությունը, թե՞ ոչ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե երբ ասում են՝ պետությունը մեր գրպանն է մտնում, այդպես չէ, որովհետև «պետությունը դուք եք, ու այդ ձեռքը ձեր ձեռքն է», այսինքն՝ սրանով օգնում ենք, որ պետությունը հզորանա,հարցին անդրադառնում է փաստաբան Գևորգ Պետրոսյանը․
– Նիկոլ Փաշինյանը եթե ուզում է, որ Հայաստանը հզորանա, ապա ինքը պետք է հրաժարական ներկայացնի, որովհետև իր պաշտոնավարումն ուղղակիորեն հակացուցված է Հայաստանին ու հայ ժողովրդին: Ի՞նչ է նշանակում՝ պետությանն ենք օգնում, պետության գլխավոր իմաստը քաղաքացի ունենալու և նրան պաշտպանելու մեջ է, որովհետև հետո քաղաքացին է այդ պետության շահերը պաշտպանում՝ սահմանին, այլ հարթությունում, պետության շահը չպետք է հակադրվի քաղաքացու շահին:
Սա քաղաքացու գրպանը մտնելու յուրատեսակ հնարք է, որն ուղղակիորեն հակասում է հենց իր նախընտրական գլխավոր կարգախոսներից մեկին, ըստ որի քաղաքացին տուգանքի մատերիալ չէր, մինչդեռ քաղաքացին ամենաշատը իր իշխանության օրոք է դարձել տուգանքի մատերիալ:
Նա, տեսնելով, որ որևէ օտարերկրյա ներդրող Հայաստանում զրո ներդրում է արել, ու դրա պատճառը բացառապես Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը, քանի որ օտարերկրյա ներդրողները պատահական մարդիկ չեն, նրանք տեսնում են, որ եթե մի երկրի վարչապետ կանգնում ասում է՝ չկա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, ապա ո՞ր ներդրողը կբերի ու այդ երկրում ներդրում կանի:
Իր անհեռատես մտքերի, քաղաքականության, վարվեցողության պատճառով, քանի որ լրիվ կորցրել է հանրային վստահությունը նաև միջազգային հարթակներում, ոչ միայն երկրի ներսում, ոչ մեկը ներդրում չի կատարում: Նման նախաձեռնությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածից, որով ասվում է՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է, իսկ նա փոխանակ պետությունը ծառայեցնի մարդուն, մարդուն է ծառայեցնում պետությանը:
– Ըստ Փաշինյանի՝ սա նաև օգնելու է պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաները շատ հաճախ իրենց ունեցվածքը թաքցնում են՝ դրանք գրանցելով այս կամ այն բարեկամի անունով: Հիմա այս կերպ ամեն բան ավելի թափանցիկ կլինի:
– Ամենամեծ կոռուպցիան թույլ է տալիս հենց ինքը իր վարչակազմով, որովհետև պետությունից միլիոնների աշխատավարձեր են ստանում, պարգևավճարներ, գործուղման ծախսեր և այլն՝ ոչինչ չանելով իրենց կարգավիճակն արդարացնելու համար, իրականությունը սա է: Ես կոռուպցիոնե՞ր եմ, որ, ենթադրենք, 301 հազար դրամի նվեր եմ ստացել իմ ազգականից, ապա պետք է անպայման հայտարարագրեմ:
Ընդհանրապես, աշխարհում ընդունված չէ, որ հայտարարագիր ներկայացնի իշխանության մեջ չգտնվող անձը, այստեղ ես՝ որպես իրավաբան, տեսնում եմ մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտում: Կոռուպցիան պետական իշխանության մեջ գործող երևույթ է, կոռուպցիան այն է, որ դու քո կարգավիճակը ծառայեցնում ես ի բարօրություն քեզ:
Ենթադրենք՝ ես հիվանդություն ունեմ, ու դրա բուժման համար ընկերս է ինձ գումար ուղարկում, քանի որ ես այդքան հնարավորություն չունեմ, ինչո՞ւ պետք է մասնավոր կյանքիս վերաբերող հարցը հանրային դառնա՝ այդ գումարը հայտարարագրելով: Սա խելագարության կանխավարկածից է, բացարձակապես կապ չունի ողջամտության հետ: Հայտարարագիր ներկայացնելը պետք է վերաբերի միայն պաշտոնատար անձանց, մասնավոր անձանց հետ ի՞նչ գործ ունեք:
– Պարո՛ն Պետրոսյան, որ ասում եք՝ այս ձևով բյուջեն են փորձում լցնել, քանի որ չկան օտարերկրյա ներդրումներ, այս ձևով պետբյուջեն կլցվի՞:
– Եթե այսպիսի քաղաքականություն տարվեց, ուրեմն Հայաստանում ընդհանրապես ոչ մի ներդրում չի արվի, այսպիսի երկրում, որ նման հարկեր են փաթաթում քաղաքացու պարանոցին, ոչ մի ներդրող չի գալու Հայաստան:
Ես իմ մեջ սկսում եմ ձևավորել շատ ավելի վտանգավոր վարկած, որ իրականացվում է մի քաղաքականություն, որ այս երկրից Հայաստանի քաղաքացիները հեռանան, երկիրը դատարկվի ու դառնա ամայի տարածք, որը սկուտեղի վրա կմատուցվի թշնամի երկրին, ուրիշ բան չեմ կարող մտածել, ամեն ինչ արվում է, որ հայաստանցին լքի իր հայրենիքը: Առանց այդ էլ հարկային բեռը քաղաքացու վրա անսահման է, դրան էլ գումարվելու է սա, ու մարդիկ սկսելու են լքել այս երկիրը: Այս իշխանության բոլոր քայլերն ուղղված են ամենաառաջինը Հայաստանի քաղաքացու դեմ: