Իսրայելը մտահոգված է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրերով
Միջազգային
Իսրայելը լրջորեն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությամբ։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը, փոխանցում է Euromedia24-ը:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները Իսրայելի ներկայացուցիչներին հասկացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է սիրիական տարածքում մնացած հազարավոր ամերիկացի զինվորների դուրսբերմամբ։ Կանը նշում է, որ այս քայլը, մասնավորապես, «ազդելու է Սիրիայում քրդական փոքրամասնության վրա»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունվարի 28-ին սիրիական կողմում գտնվող Հերմոն լեռան գագաթին գտնվող բանակային դիրքեր այցելելիս ասել է, որ իսրայելցի զինվորականները անորոշ ժամանակով կմնան Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում և Հերմոնի սիրիական հատվածում։
Նույն օրը Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսագրություն, թե ինչպես են Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները լեռնաշղթայի սիրիական կողմում պատրաստվում ձմռանը։
Իր հերթին, Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում Հերմոն լեռան սիրիական հատվածում «ստեղծվել են ենթակառուցվածքներ և տեղադրվել է տեխնիկա, որոնք կարող են դիմակայել տարբեր եղանակային պայմաններին» այնտեղ իսրայելական զինվորականների ներկայության համար։