Ալիևի հնարավոր շանտաժը Փաշինյանին. ինչ կարող են բացահայտել Արցախից առգրավված փաստաթղթերը
Ներքաղաքական
«Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ալիևի սանձազերծած դատավարությունը։ Սրա հետ կապված մեկ դիտարկում.
Նրանց մեջ կան քաղաքական և ռազմական գործիչներ, որոնք աշխատել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, անցել 44-օրյա պատերազմի միջով։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ իրենք կարող են տիրապետել այնպիսի տեղեկությունների, որոնք հայ ժողովրդի առջև կվարկաբեկեն Նիկոլ Փաշինյանին։ Բացի այս, Ստեփանակերտից ադրբեջանցիներն, թե ինչ գաղտնի փաստաթղթեր են առգրավել, որոնք կարող են օգտագործվել Նիկոլ Փաշինյանի դեմ, նույնպես հայտնի չէ։
Նաև մեծ է հավանականությունը, որ այդպիսի տեղեկությունները արդեն հայտնի են Ալիևին, որոնք հնարավոր է օգտագերծել սրան շանտաժի ենթարկելու միջոցով ցանկալի արդյունքի հասնելու համար։ Եվ եթե ուշադիր հետևենք, 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ալիևի պահանջներին և Փաշինյանի՝ դրանք կատարելու պատրաստակամությանը (այսպես կոչված, անկլավների հարցը, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և անկախության հռչակագրից հրաժարվելու պատրաստակամությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտությունը և այլն), առկա կասկածները դառնում են ավելի հիմնավոր։
Արդյո՞ք Հայաստանի հատուկ ծառայությունները ստուգել են այս լրիվ հավանական վարկածը և արդյո՞ք ազգային անվտանգության այս ահռելի սպառնալիքի վերացման ուղղությամբ իրականացվել են բավարար գործողություններ։ Երկիրը պետք է ունենա անվտանգային իմունիտետ, որպեսզի մեկ կամ մի քանի հոգի, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից և դիրքից, չկարողանան վնասել մեր պետությանը, մեր ժողովրդին։ Իսկ բարձրացված հարցերի պատասխանները ստանալու ենք, և դրա ժամանակը հեռու չէ», - ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման: