Նիկոլը խաղաց-պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին…
Վերլուծություն
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Газетой.Ru»-ի հետ նույն զրույցում նշել է, որ դեպի Արեւմուտք Հայաստանի ղեկավարության շրջադարձի գործընթացը բավական վաղուց է սկսվել, բայց նկատելի է դարձել հատկապես վերջին 1-2 տարում։
Ըստ Պետդումայի պատգամավորի` Հայաստանի կառավարությունը դեպի «Արեւմուտք իր շրջադարձը պատճառաբանում է 2020 թ. Ղարաբաղյան պատերազմում իր իսկ պարտությամբ: Փաշինյանը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրում է այն բանում, որ այն ժամանակ Մոսկվան պատշաճ աջակցություն չցուցաբերեց Երեւանին, եւ հենց այդ պատճառով էլ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը»։ Ըստ էության, այդ հռետորաբանությունը պատասխանատվությունն անձամբ վարչապետից տեղափոխում է երրորդ կողմ:
ԶԱՏՈՒԼԻՆԸ ՇԱՏ ՄԵՂՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ, ՄՈՍԿՎԱՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅԵՐԻՍ
Զատուլինը շատ մեղմ է արտահայտվել: Նիկոլ հայադավն իր եւ իր ոհմակի պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մի մասի կորստի համար իր անձնական պատասխանատվությունն այսպիսով տեղափոխել է երրորդ կողմի՝ ՌԴ- ի վրա, այլ կերպ ասած, իր եւ իր ոհմակի մեղքը գցել ՌԴ-ի գրպանը, նրան՝ մեղմ ասած, զրպարտչորեն մեղադրելով այն բանում, որ այն ժամանակ Մոսկվան պատշաճ աջակցություն չի ցուցաբերել Երեւանին:
Իրականում Մոսկվան աջակցել է այն ամենով եւ այնքանով, որքանով հնարավոր էր, որքանով կարող էր, որքանով թույլ էր տալիս միջազգային իրավունքը: Հայաստան զորք չէր կարող ուղարկել, Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չէր հայտարարել, պատերազմում էր Արցախի դեմ:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առանձին դրսեւորումները, մի քանի առանձին թիրախների հարվածները նույնպես հիմք չէին Հայաստան զորք ուղարկելու համար, քանի որ Հայաստանը, համաձայն «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի, նման խնդրանքով կամ պահանջով չի դիմել ՌԴ-ին: Սա անժխտելի փաստ է:
Ռուսաստանը չէր կարող զորք ուղարկել նաեւ Արցախի Հանրապետություն՝ իր եւ գրեթե ողջ աշխարհի կողմից չճանաչված պետություն (Արցախը որպես պետություն, նրա անկախությունը, ինքնիշխանությունը նույնիսկ Հայաստանը չէր ճանաչել ու մինչեւ վերջ չճանաչեց)՝ առավել եւս, որ ՌԴ-ն Արցախի հետ չուներ ռազմական փոխօգնության կամ օգնության որեւէ պայմանագիր, նույնիսկ Հայաստանը չուներ…
ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՌԴ-Ն ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵՐ
Բացի վերոնշյալից, կասկածից դուրս է, որ Արցախ զորք ուղարկելն Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ նրա գլխավորած հավաքական Արեւմուտքի կողմից անմիջապես կորակվեր ոչ միայն պարզապես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլեւ որպես Ռուսաստանի հարձակում ինքնիշխան Ադրբեջանի վրա, ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ահա այդ միանգամայն սպասելի հետեւանքների թերեւս ոչ ամբողջական ցանկը. պատերազմում Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնամասշտաբ ընդգրկում, ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներ եւ ընդհուպ՝ Թուրքիային ՌԴ- ի պատասխան հարվածների դեպքում ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացում, այսինքն՝ ՌԴ առնվազն ռազմական թիրախներին ՆԱՏՕ-ի հարվածներ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Սրան գումարած նաեւ՝ Ուկրաինայի կողմից, իր համար պատեհ առիթը բաց չթողնելով, ներխուժումը Դոնբասի հանրապետություններ, դրանց գրավումը, այնտեղ ռուսների ցեղասպանությունը, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններն ուժով իրեն ենթարկեցնելը, ինչը Ռուսաստանը չէր կարող թույլ տալ ու ստիպված էր լինելու երկու ճակատով պատերազմել, մեկը՝ ադրբեջանա- թուրքական տանդեմի, մյուսը՝ Ուկրաինայի դեմ, որոնց երկուսի թիկունքում էլ հաստատապես կանգնելու էին ԱՄՆ- ը եւ նրա գլխավորած հավաքական Արեւմուտքը:
Այսպիսի հզոր հակառակորդների դեմ սովորական սպառազինությամբ միաժամանակ, երկու ճակատով կռվելու դեպքում Ռուսաստանի պարտությունը, ռուսական պետության կործանումը կլիներ անխուսափելի, «փրկության» միակ ելքը լինելու էր միջուկային զենքի օգտագործումը, ինչը շատ մեծ հավանականությամբ նշանակելու էր, ինչպես ասում են, ջինը շշից բաց թողնել, այսինքն՝ միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ՝ ողջ մարդկության երաշխավորված ոչնչացմամբ:
44-օրյա պատերազմի ընթացքում Էրդողանն անձամբ 2 թե 3 անգամ հայտարարեց, որ եթե պատերազմի մեջ ներգրավվեց 3-րդ կողմ, ապա Թուրքիան նույնպես կմասնակցի պատերազմին: «Երրորդ կողմ» ասելով` Թուրքիայի նախագահը, անշուշտ, նկատի ուներ ոչ թե, ասենք, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան կամ Գերմանիան, այլ հենց Ռուսաստանը:
Ճիշտ է, Թուրքիան մասնակցում էր պատերազմին, բայց իր բանակի ունեցած հնարավորությունների սոսկ մի չնչին մասով (մի քանի F-16 կործանիչներ, դրանից քիչ ավելի «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ներ, 600 թե 900 խորհրդականներ եւ հատուկ ջոկատայիններ, հետախուզական տեղեկություններ), մինչդեռ պատերազմում ռուսական բանակի ներգրավման դեպքում, թուրքական բանակը մասնակցելու էր իր ամբողջ հզորությամբ, իր բոլոր հնարավորություններով, որոնց գոնե մասամբ կարող եք ծանոթանալ համացանցում հայերենով կամ ռուսերենով, անգլերենով որոնում իրականացնելով «Թուրքիայի զինված ուժեր» բառերով:
Եթե ոմանք կարծում են, թե ԱՄՆ-ը, նրա գլխավորած հավաքական Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն գործնականում չէին միջամտի ու պարզապես կդիտեին, թե Ռուսաստանի Զինված ուժերն ինչպես են ջախջախում ոչ միայն ադրբեջանական բանակը, հասնում Գանձակ (Կիրովաբադ) ու Բաքու, այլեւ մարտավարական նշանակության միջուկային զենքով ոչնչացնում Թուրքիայի ռազմական օբյեկտները, Թուրքիայի կրտսեր եղբայր եւ ռազմավարական դաշնակից Ադրբեջանին օգնության շտապած թուրքական բանակը, ապա, կարծում ենք, չարաչար սխալվում են:
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց Բայդենը, ԱՄՆ-ը սպառնացին Ուկրաինայի ռազմական թիրախներին Ռուսաստանի միջուկային հարվածի դեպքում համարժեք պատասխան տալ ՌԴ-ին, առնվազն զորք մտցնել Ուկրաինա ու սովորական սպառազինությամբ հարվածել ռուսական բանակին, երկնքում ոչնչացնել ինքնաթիռները եւ այլն, եւ այլն… Կարծում ենք, կարիք չկա մեկնաբանելու, թե այդ ամենն ինչի կհանգեցներ:
Մինչդեռ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ընդ որում, ոչ թե` սովորական, այլ իր զորքի թվակազմով ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդը, այսինքն՝ առանցքային նշանակություն ունեցող անդամներից է, ինչպիսին գնահատվել է հենց ԱՄՆ-ի կողմից, հետեւաբար առնվազն միամտություն կլիներ կարծելը, թե ՆԱՏՕ-ն չէր ակտիվացնի Դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը (հարձակում մեկի վրա՝ նշանակում է հարձակում բոլորի վրա) եւ Թուրքիային պաշտպանելու համար չէր հարվածի ՌԴ Զինված ուժերին, այդ թվում՝ Գյումրիում եւ Երեւանում գտնվող, միանգամայն հնարավոր է, հենց մարտավարական միջուկային զենքով՝ ի պատասխան Թուրքիայում ռազմական թիրախներին ՌԴ ԶՈւ միջուկային հարվածների:
Ահա թե ինչու Ռուսաստանը զորք չի ուղարկել Արցախ, իսկ մնացած առումներով, երբ եւ որքան հնարավոր է եղել, օգնել է Հայաստանին, տրամադրել ժամանակակից ու գերժամանակակից զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա, ներառյալ՝ թուրքական «Բայրաքթար ՏԲ2» (թուրքերեն՝ «Bayraktar TB2», թարգմանաբար՝ դրոշակակիր) հարվածային ԱԹՍ- ները խոցելու միջոցներ, որոնք հայկական կողմը 44-օրյա պատերազմի վերջին շրջանում գրեթե ամեն օր պարսատիկներով չէ, որ խոցել է, այլ հենց ՌԴ տրամադրած միջոցներով:
Չենք կասկածում, որ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը մերոնց տրամադրել է նաեւ հետախուզական տեղեկություններ, իսկ այն, որ ՌԴ արտգործնախարարությունը, ընդհանրապես, երկրի ղեկավարությունը հանդես են եկել դիվանագիտական, քաղաքական աջակցությամբ՝ համապատասխան հայտարարություններով եւ այլ կերպ, արձանագրված փաստ է, որը հնարավոր չէ որեւէ կերպ ժխտել: Այնպես որ, պետք չէ լինել մանկուրտ կամ էլ ապերախտ, երախտամոռ, երախտամոռությունը քրիստոնեական տեսանկյունից մեղք է:
Այլ խնդիր է, թե ՌԴ կողմից տրամադրված սպառազինությունը երբ եւ իր ինչ չափով է ուղարկվել առաջնագիծ, հետախուզական տեղեկությունները բանակի ղեկավարության, առանձին սպաների կողմից օգտագործվե՞լ են, թե՝ ոչ... Պետական դավաճանության հոդվածով քրեական վարույթ հարուցելու դեպքում այս հարցերը կստանան իրենց պատասխանները, երբ հարցաքննվեն Նիկոլը եւ ուրիշները, եւ ոչ միայն հարցաքննվեն, այլեւ, ընդհանրապես, համակողմանի եւ անաչառ, օբյեկտիվ քննություն իրականացվի:
Չմոռանանք նաեւ, որ 44-օրյա պատերազմի նախօրեին եւ ընթացքում Վրաստանը, Ադրբեջանի պահանջով ու վարելով չեզոք քաղաքականություն, թույլ չտվեց Ռուսաստանից զենք-զինամթերքի տարանցումը Հայաստան: Ավելորդ չենք համարում հիշողության հետ կապված խնդիրներ ունեցողներին հիշեցնել 2020թ. սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վրացական «Грузия Онлайн»- ի, Վրաստանի հայալեզու, ինչպես նաեւ հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներում հրապարակված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն առ այն, որ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին:
«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները… Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը»,- Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» հայալեզու մեդիահարթակի տեղեկացմամբ՝ հայտարարել է Ալիեւը: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով եւ օդային ճանապարհով (նկատի ունեմ Իրանի օդային տարածքը.- Ա.Հ.):
Ալիեւը, 24news.am- ի տեղեկացմամբ՝ տեղական ԶԼՄ-ներին (մի շարք հեռուստաալիքների) տված հարցազրույցում ընդգծել է՝ «Բաքուն բարձր է գնահատում այն, որ վրացական կառավարությունը Սերբիայից եւ Ռուսաստանից իր տարածքով դեպի Հայաստան ռազմավարական բեռների տեղափոխումը թույլ չի տվել: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանն իրեն դրսեւորել է իբրեւ վստահելի գործընկեր»:
ՈՎՔԵՐ ԷԻՆ ՌԴ-Ի ՀԱՍՑԵԻՆ ՀՐԵՇԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՏԱՐԱԾՈՒՄ
Նորություն չէ, որ Նիկոլ հայադավը եւ իր ՔՊ-ական, սորոսական ոհմակը Ռուսաստանին բազմիցս մեղադրել են ադրբեջանական ագրեսիային դեմ հանդիման կանգնած Հայաստանին չօգնելու, մեր պետության հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ:
Այս մեղադրանքներին միացել են նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (առավելապես հայտնի է «Սորոսի ֆոնդ» անվանմամբ), կառավարական կազմակերպություն հանդիսացող ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ արեւմտյան այլ կազմակերպությունների առատ ֆինանսավորմամբ Հայաստանում եւ Սփյուռքում գործող բազմաթիվ ՀԿ-ներ, ոչ կառավարական կազմակերպություններ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» սորոսական եւ այլ անդամներ, որոնք մեզ չօգնելու, մենակ թողնելու, դավաճանելու վերաբերյալ ՌԴ-ի հասցեին հրեշավոր զրպարտությամբ մեղադրանքներ տարածելով ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում ու զանգվածաբար գործադրելով Օվերտոնի պատուհանը, համակարգված ու հետեւողական կերպով մեծապես թունավորել են հայ հասարակության հանրային գիտակցությունը հակառուսականությամբ, մի մասի շրջանում նույնիսկ դիվականացրել Ռուսաստանի, նրա ռազմաքաղաքական ղեկավարության կերպարը:
Ահա թե 2024թ. մարտին, «Արմինֆո»-ի տեղեկացմամբ, ինչ է գրել ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Հակառուսականության այս ալիքը Հայաստանում ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ:
Մի բան ակնհայտ է՝ այն ունենալու է հետեւանք, որն այսօր կանխատեսել պարզապես հնարավոր չէ: Կարեւորը հայկական աշխարհի համար նպաստավոր ելք, ապագա ապահովվի:
Այս իրավիճակում կուզենամ խիստ կարեւոր մեկ փաստ հիշեցնել, բարձրաձայնել՝ մոլորակի վրա չկա ուրիշ որեւէ այլ երկիր, որը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը: Սա փաստ է, որը չի կարող ժխտվել ինչպես գործող իշխանությունների, այնպես էլ ծայրահեղ հակառուս ուժերի կողմից:
Պատերազմի ընթացքում Սյունիքում ռուսական զորքերի տեղակայումը, ամեն մի նոր հենակետի հիմնումը, որտեղ ծածանվում էր ռուսական դրոշը, մենք ընդունում էինք խանդավառությամբ եւ զգացումով, որ հզոր դաշնակից ունենք մեր կողքին: Այն զսպող ուժ էր հակառակորդի համար: Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության:
Գուցե ավելին կարելի էր ակնկալել Ռուսաստանից: Որեւէ մեկը չի կարող դա վիճարկել, սակայն փաստը մնում փաստ, որ Ռուսաստանը գտնվել է ռազմավարական դաշնակցի դիրքում եւ ի վերջո նրա ջանքերով է կանգնեցվել պատերազմը, ինչը եւս պարտադիր պետք է հիշել ու գնահատել...
Այս գրառմամբ ես որեւէ կերպ չեմ ուզում թերագնահատել մեր մյուս բարեկամ երկրներին, պարզապես ճշմարտությունը պետք է իմանալ եւ ներկայացնել հանրությանը»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ այստեղ: