Վանաձորի դրամատիկական թատրոնը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին
Մշակութային
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 22-ից փետրվարի 1-ը անցկացվել է «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը:
«Ֆաջր» թատերական փառատոնն Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Վանաձորի դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացել է Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին հյուրախաղով հանդես է եկել Երևանում։ 2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` «Տարվա լավագույն» ներկայացում անվանակարգում։ 2024 թվականին մասնակցել է «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։
Ներկայացվում է ցեղասպանված մի ընտանիքի պատմություն, բայց գործողությունները կատարվում են իրականի ու երևակայականի սահմանագծում. 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան` այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման մեջ առանց արյունոտ և դաժան դրվագների, սակայն ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում քողարկված է իսկական ողբերգությունը:




