Տուժածը ես եմ եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ մինչեւ երկինք գոհ եմ Արթիկի ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ. Արթիկի պանրագործարանի տնօրենը վրդովված է
Քրեական
Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել էր օպերատիվ խումբ:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ: Նրանք հրավիրվել են բաժին, խոստովանել արարքը։
Մամուլում, սակայն, լուրեր են տարածվում, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տուժածի հարազատները նշել են, որ հույս էլ չունեն, թե Արթիկի ոստիկանները կհայտնաբերեն գողին կամ գողերին։
Իրականում ինչի՞ց են դժգոհ հարազատները «Իրավունքը» փորձել է պարզել անձամբ տուժող ճանաչված պանրի գործարանի սեփականատեր Գեւորգ Ավդալյանից, ով հարցը լսելուն պես վրդովված նկատեց.
-Իսկ ո՞վ Ձեզ ու նման լուրեր տարածողներին նման ստեր ասում, որ Դուք էլ տիրաժավորում եք։ Տուժածը ես եմ ու պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ մինչեւ երկինք գոհ եմ Արթիկի ոստիկաններից, ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ, ովքեր ոչ աշխատանքային օրով մի մարդու պես արագ արձագանքել են ու տաք հետքերով հայտնաբերել գողերին։ Ես Ձեզ ավելին ասեմ ես պատրաստվում եմ մինչեւ վարչապետ գրեմ ու իմ շնորհակալությունը հայտնեմ, որ նման ոստիկանապետ է մեզ մոտ, ով գիշեր-ցերեկ աշխատում է ի նպաստ քաղաքի անվտանգության։