Քյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ Փաստինֆո
Թեմա
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու համար, երեկվա դրությամբ, չորս հայտ է ներկայացվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ստացվել է Կարեն Բատիկյանի, Արտաշես Մաիլյանի, Արթուր Նահապետյանի, Պետրոս Մարտիրոսյանի հայտերը։ Միևնույն ժամանակ, Իոաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կարգը ենթադրում է, որ անձինք կարող էին նաև «ՀայՓոստի» միջոցով ուղարկած լինեն, հետեւաբար հնարավոր է մինչև երկուշաբթի օրը ներառյալ նոր հայտեր լինեն։
Ինչ վերաբերում է արդեն հայտեր ներկայացրած թեկնածուներին և նրանց կենսագրությանը, ապա նշենք, որ թեկնածուներից Արթուր Նահապետյանը ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Նրանց աշխատանքային գործունեությունը ևս փոխկապակցված եղել է՝ սկսած Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքից, ապա՝ ՊՎԾ-ում, իսկ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո Նահապետյանը տեղափոխվել է ԱԱԾ՝ որպես քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ Ավելի ուշ՝ 2023 թ․ մարտի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ նախկին պաշտոնյան նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ 2025թ հունվարին դատական համակարգից տեղափոխվել է ՔԿ՝ նշանակվելով ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։ Թեկնածուներից Կարեն Բատիկյանը փաստաբան է, նախկինում՝ դատախազ, Պետրոս Մարտիրոսյանը՝ դատախազությունում շուրջ 10 տարի ծառայությունից հետո՝ 2023թ․-ից զբաղեցնում է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, իսկ Արտաշես Մաիլյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։
Հիշեցնենք, որ ՀԿԿ նախագահի պաշտոնը թափուր է՝ 2024թ նոյեմբեր ամսից, երբ Սասուն Խաչատրյանը, ինչպես և իրավապահ մարմինների մյուս ղեկավարները՝ բացառությամբ գլխավոր դատախազի՝ մեկ գիշերում Նիկոլ Փաշինյանի կողմից ստացած «սմս»-ով հրաժարականի դիմում ներկայացրեցին՝ ազատվելով պաշտոններից։ 2025թ հունվարի 20-ին ՀԿԿ նախագահի ընտրության հարցով հանձնաժողովը դեմ է քվեարյել միակ թեկնածուի՝ Ռաֆայել Երիցյանի թեկնածությանը՝ չընտրելով նրան այդ պաշտոնում։
Մանրամասները՝ Pastinfo.am-ում