Ինքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…
Հասարակություն
Շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ ակցիանները, սակայն ի՞նչ տեմպ է ստանում այն: Իրականում որոշ ընդդիմադիր ուժեր ամեն կերպ փորձում են պահել ակցիայի թափը, սակայն գնալով այն մարում է, եւ հակառակ գործընթացն է սկսվում: Քաղաքացիները բաժանվել են երկու խմբի՝ գոհ եւ դժգոհ, ովքեր, այնուհանդերձ, օգտվում են տրանսպորտից:
Գոհերը դրանք իշխանության կողմնակիցներն են, ովքեր աշխատում են պետական կառույցներում, կամ նրանց հարազատները, ովքեր տրանսպորտում նույնիսկ արտահայտվում են, որ շատ գոհ են թանկացումներից, «чуть ли» դա իրենց մանկության երազանքն էր: Դժգոհները նրանք են, ովքեր իսկապես դժվարանում են անգամ այդ 50 դրամ ավել գումարը վճարել, քանի որ ունեն միջին սոցիալական ստատուս ու վարձատրվում են ցածր: Այստեղ լավ աշխատել է հասարակությանը երկու խմբերի բաժանելու պոլիտիկան: Իսկ այն հասարակությունը, որը բաժանվել է երկու խմբի, նրանց հեշտ է կառավարելն ու, ըստ ցանկության, ուղղորդելը:
Ստացվում է, որ այս մշակված ծրագիրը՝ մարդկանց պառակտելու, որը նաեւ կիրառվեց քաղաքային տրանպորտի վրա, ունեցավ իր ցանկալի արդյունքը եւ հայը հայի հանդեպ թշնամացավ նաեւ այս բնագավառում: Սա դեռ քիչ է, հիմա էլ ընդդիմությունն է բաժանվել մի քանի մասի: Մի մասը պայքարում է թանկացման դեմ, մյուսը՝ լուռ հետեւում է, իսկ երրորդ կողմը հեգնում, չարախնդում, անգամ գրառումներ կատարում, թե բա՝ չեք հաջողում, չեք կարողանում: Ինչպես «Կիսաբաց լուսամուտների» հայտնի հերոսներից մեկն էր ասում. «Ինքը չէր կարում, ինքը տղամարդ չէր»:
Հետաքրքիր է, իսկ որ նման կերպ հեգնողներին հարց տրվի, թե ինչո՞ւ չեն միանում համատարած բողոքի ակցիային, ի՞նչ կպատասխանեն, ինչպե՞ս կարդարացնեն իրենց անտարբերությունը, ինչո՞վ կբացատրեն ոչինչ չանելը, սակայն անողին էլ անուն կպցնելը: Իսկ արդյոք ընդդիմությունը միայն բառերով է, իսկ հիմա երբ պետք է կանգնել ժողովրդի կողքին ամեն գնով՝ առնվազն մի մեծ մասը չկա: Արդյոք որոշ ընդդիմադիրներ առհասարակ կեղծ չեն իրենց օրակարգով եւ գործողություններով, արդյոք մանդատապաշտությունը եւ մոտակա ընտրությունները չեն կուրացրել առանց այն էլ կարճատեսությամբ տառապողներին...
Չէ, այնուամենայնիվ, մի շատ կարեւոր բան փչացել է ու չի նորոգվում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ