Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ. Կոբախիձե
Միջազգային
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորություն չի տեսնում և պնդում է, որ Մոսկվան խախտում է հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում։
«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ [Ռուսաստանի Դաշնության հետ] և չկա տարածություն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար <...> Աբխազիայի և Ցխինվալի այսպես կոչված՝ անկախության ճանաչման պատճառով։ Բայց մենք պրագմատիկ քաղաքականություն ենք վարում, և դա մեր քաղաքականության հիմնական բաղադրիչն է Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Կոբախիձեն։
Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Կոբախիձեն ընդգծել է Ռուսաստանի հետ Վրաստանի տնտեսական և առևտրային համագործակցության շարունակությունը՝ հայտնելով ապագայում էլ այդ մոտեցումը պահպանելու իր մտադրության մասին։
Տարածքային ամբողջականության հարցում վարչապետը նշել է ուժային լուծման անընդունելիության մասին՝ ընդգծելով բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։