«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)
Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am)
Այսպիսով, 1999թ. հոկտեմբերին ամերիկյան մի քանի խիստ բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած այցելությունները միանշանակ վկայում են, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղի շուրջ Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան բանակցությունները հասել էին կուլմինացիոն կետի: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին հենց այդ օրերին ամերիկացիներն այդքան վճռական տրամադրված. 1999թ. նոյեմբերյան ԵԱՀԿ գագաթնաժողովում նախատեսված էր լուծել աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերջնականապես պետք է Ռուսաստանին դուրս մղեին Հարավկովկասյան տարածաշրջանից ու դեպի կասպյան տարածաշրջանի նավթային ու գազային պաշարները տանող ուղիները դնեին ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ:
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Անշուշտ, Ռուսաստանը շրջանցող նավթագազամուղերի ծրագրերը 1999թ.-ին չէ, որ ի հայտ էին եկել: Այդ մասին արեւմտյան նավթային մագնատները մտորում էին դեռ այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը գոյություն ուներ: Ծրագրերն ավելի իրատեսական դարձան ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո եւ գործնական հուն մտան արդեն 1992-1993թթ.-ին:
Այդ փուլում լիակատար քաոսային վիճակում հայտնված Ռուսաստանում քաղաքական որոշակի շրջանակներ հստակ գիտակցում էին այն հսկայական վտանգը, որը սպառնում էր` ընդհուպ մինչեւ ռուսական պետականության ամբողջականությանը, եթե տրանսկասպյան նավթագազամուղային ծրագրերն իրականություն դառնային: Ըստ այդմ էլ, 1990-ականների սկզբներին փորձում էին դրանք արգելակել հիմնականում Ադրբեջանի վրա ներազդելով, որպեսզի վերջինս հրաժարվեր Արեւմուտքի հետ կնքել իր նավթային հանքավայրերը շահագործելու պայմանագրեր: Ընդ որում, ազդեցության հիմնական գործիքներից մեկը ղարաբաղյան պատերազմն էր: Բերենք ընդամենը երկու փաստ. 1993թ.-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նախատեսում էր «Բրիթիշ Պետրոլիումի» եւ այլ էներգետիկ գերհսկաների հետ Լոնդոնում կնքել իր երկրի նավթային պաշարները շահագործելու մասին գլոբալ պայմանագիր: Չհաջողվեց, քանի որ նույն տարվա հունիսի 4-ին ՌԴ-ից լուրջ ռազմական օժանդակություն ստացած եւ միանշանակ ռուսական ազդեցության տակ գտնվող գնդապետ Սուրետ Հուսեյնովը ապստամբություն կազմակերպեց ու իշխանությունից զրկեց Էլչիբեյին: Նույն պայմանագիրը 1994թ.-ի հոկտեմբերին Բաքվում պատրաստվում էր ստորագրել Հեյդար Ալիեւը, եւ դրա նախաշեմին նույն Հուսեյնովը կրկին հեղաշրջման փորձ կատարեց: Սակայն արդեն չկար այն կարեւորագույն գործոնը` ղարաբաղյան պատերազմը, որն առաջին հեղաշրջման ժամանակ այնքան օգնեց Հուսեյնովին. երկրորդ փորձը ձախողվեց, եւ Ալիեւը ստորագրեց «Նավթային մեծ համաձայնագիրը», որն ապահովեց բրիտանական փողերի մուտքն (եւ ոչ միայն) ու ամրացումը Ադչբեջանում:
Եվ ահա 1990-ականների վերջերին ընթացքի մեջ էր այն փուլը, որի ընթացքում պետք էր ուղիներ գտնել «Նավթային մեծ համաձայնագրով» նախատեսված էներգետիկ հոսքերը Եվրոպա հասցնելու համար: Ընդ որում, դեռ այն օրերին էին մասնագետները մատնանշում, որ շատ ավելի հարմար եւ էժան ուղի կարող էր լինել Ռուսաստանի տարածքով տարանցումը. Կա´մ Չեչնիայով, կա´մ Դաղստանով: Սակայն ամբողջ հարցը հենց Ռուսաստանը շրջանցելու մեջ էր, ուստիեւ հիմնական շեշտը դրված էր Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա տարբերակի վրա: Գումարելով դրան չեչենական ապստամբությունը, թերեւս, լիովին հասկանալի է դառնում, թե նավթագազամուղային այդ ծրագրերի հաջողության դեպքում ԱՄՆ-ն ինչ հսկայական քաղաքական առավելություններ էր ստանում, իսկ Ռուսաստանն ինչ կործանարար վիճակում էր հայտնվում: Եվ ահա այս հարցով վերջին մեխը խփվելու էր հենց Ստամբուլում` ԵԱՀԿ գագաթնաժողովում:
Ամենաուշագրավն այն էր, որ Ստամբուլում նավթատարերի պայմանագրերն ամենեւին էլ առաջին պլանում չէին «ցուցադրվում»: Հիմնական շեշտադրումներից մեկը Չեչնիան էր, այսինքն` ՌԴ նախագահ Բորիս Ելցինից ակնկալվում էր, որ նա կստանձնի «չեչեն ժողովրդի իրավունքները հարգելու» կամ այդ կարգի այլ պարտավորություններ: Սակայն Ելցինն այս անգամ համառեց, ինչը, թերեւս, իր խորքային բացատրությունն ունի: Մասնավորապես, որ այդ ժամանակահատվածում ռուսական պետականամետ ուժերը սկսել էին իրենց նախկին դիրքերը վերականգնել, օրինակ` վարչապետի պաշտոնին արդեն Վլադիմիր Պուտինն էր: Արդյունքում` Ելցինը, «Ռոյթեր» գործակալության այդ օրերի բնորոշմամբ. «Դուռը շրխկացնելով հեռացավ Ստամբուլից` հայտարարելով, որ գնում է Չեչնիայի խնդրով զբաղվելու...»: Նույն տարեվերջին էլ Ելցինը հրաժարվեց նախագահի պաշտոնից, իշխանության եկավ Վ. Պուտինը, եւ դա հետագայում հիմնովին փոխեց պատմության ընթացքը:
Բայց ամեն դեպքում Ստամբուլում գագաթնաժողովի բացման առաջին իսկ օրը` նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվեց Բաքու-Ջեյհանի մասին համաձայնագիր: Դա տեղի ունեցավ մի տեսակ աննկատ, առանց ավելորդ շքեղությունների: Այն աստիճան, որ գագաթնաժողովի ընթացքը լուսաբանող ռուս լրագրողներից մեկը գրում է. «Ես ուշադիր ուսումնասիրեցի ռուսական եւ օտարերկրյա մամուլի մեկնաբանությունները. գրեթե ոչինչ չկար»: Միայն հատուկենտ հրապարակումներ, այն էլ` մատնանշվում էր պայմանագրի ստորագրման բուն փաստը...
Ի դեպ, գագաթնաժողովում Ռոբերտ Քոչարյանը իր ստորագրությունը դրեց մեկ կարեւորագույն փաստաթղթի տակ, որին պետք է առանձին անդրադառնալ:
ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ»
Այսպիսով, հենց Ստամբուլում տրվեց Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան առաջին խողովակաշարի կառուցման մեկնարկը: Այն, այնուամենայնիվ, անցնելու էր Վրաստանով եւ ոչ Հայաստանով: Բայց երկու կարեւոր հանգամանք. նախատեսվում էր կառուցել օրական առավելագույնը 1 մլն բարել թողունակությամբ նավթամուղ, որը բավականին համեստ ծավալ է, առավել եւս, երբ կային նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները տեղափոխելու ծրագրերը: Բացի այդ, 1990-ականներին գերիշխում էր այն համոզմունքը, որ կասպյան տարածաշրջանում կենտրոնացված է Սաուդյան Արաբիայի պաշարներին համարժեք նավթ, որը. «Կարող է 21-րդ դարում դառնալ Արեւմուտքի վառելիքի հիմնական բազան»: Իսկ այդ դեպքում, Բաքու-Ջեյհանից զատ, պետք է կառուցվեին այլ` մի քանի անգամ ավելի հզոր, ընդհանուր հաշվարկով օրական 6-7 մլն բարել (եթե ոչ ավելի շատ) թողունակությամբ այլ խողովակաշարեր: Իսկ դրա լավագույն եւ էժան ուղիներից մեկը, այն օրերի արեւմտյան մասնագիտական հրապարակումներից մեկի համաձայն, համարվում էր. «Ադրբեջանից` Քուռ-Արաքսի հովտով դեպի Մեղրի, ապա` Նախիջեւան-Թուրքիա ուղղությամբ դեպի Միջերկրական ծով ճանապարհը»:
Նույն աղբյուրը նկատում է նաեւ, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալուց հետո «որեւէ բարդություն չի հարուցի նաեւ իրանական խնդրի կարգավորումը»: Իսկ այդ պարագայում արդեն նաեւ իրանական նավթային հոսքերը մոտավորապես` «Նախիջեւանի հատվածում կարող են միանալ Ադրբեջանից եկող խողովակաշարերին, ինչը ծախսային առումով էական խնայողությունների հնարավորություն կտա»:
Այս մեգածրագրերի համար պետք էր լուծել մեկ «չնչին» հարց. Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնել ու արագորեն լուծել ղարաբաղյան բանակցությունների, այդ թվում` Ղարաբաղից հարավ ընկած եւ Արաքսին ափամերձ տարածքների, ապա` Մեղրիի հարցը: Այսինքն` կրկին գալիս-հասնում ենք «Մեղրիի միջանցքի» խնդրին:
Երկրորդ հանգամանքը. «Հոկտեմբերի 27»-ը շեշտակիորեն փոխեց բանակցային գործընթացի ընթացքը: Ինչպե՞ս, ի՞նչ նախատեսված կամ չնախատեսված մեխանիզմներ սկսեցին գործել եւ այլն: Այս հարցերի պատասխանները, անշուշտ, հնարավորություն կտան նաեւ որոշակի պատկերացումներ կազմել «Հոկտեմբերի 27»-ի էության մասին, լուրջ վերլուծության կարիք ունեն: Սակայն գլխավոր փաստն այն է, որ, եթե 1999թ.-ի ապրիլի 26-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո մինչեւ հոկտեմբեր Քոչարյանն ու Ալիեւը դեմ առ դեմ ֆորմատով եւս 4 հանդիպում ունեցան, ապա հոկտեմբերից հետո բանակցային գործընթացը սկսեց ակտիվ փուլ մտնել միայն մեկ տարի անց` 2000թ.ի վերջերին, մինչեւ որ 2001թ.-ի հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դրա առանձնահատկությունն այն էր, որ շատ չանցած սկսվեցին պաշտոնական խոսակցություններ, այսպես կոչված, «Փարիզյան սկզբունքների» մասին, որը, թերեւս, մեր այս ուսումնասիրությունների հիմնական մեխն է:
Բայց մինչ այդ, այսինքն`«Հոկտեմբերի 27-ից» հետո, երկու էական հանգամանքներ էլ նկատվեցին: Առաջինը. 1999թ.-ի դեկտեմբերի 17-ին, այսինքն` «Հոկտեմբերի 27»-ից գործնականում անմիջապես հետո, ղարաբաղյան զինված ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Սամվել Բաբայանը, ու մինչ այժմ էլ չկա այն հստակ բացատրությունը, թե ինչու: Շատ չանցած`2000թ.-ի մարտի 22-ին, տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ մահափորձը, որը կազմակերպելու մեջ մեղադրվեց ու ձերբակալվեց Ս. Բաբայանը: Անկախ այս պատմության պատճառներից, նկատենք, որ այսպիսով չեզոքացվեց այն ռազմական գործիչը, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ռեալ կարող էր ստանձնել, այսպես ասենք, բանակի նկատմամբ վերահսկողական ֆունկցիաները:
Երկրորդը. 2000թ.-ի մարտի 25-ին ՌԴ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը:
(Շարունակելի)