NO COMMENT. ԿԳՄՍ-ն Փալյանի թուրքամետ դասախոսությունների մասին
Թեմա
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) մոտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք։ Պարզվում է՝ դպրոց հյուր է եկել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանը: Այս մասին տեղեկություն էր տարածվել լրատվամիջոցներից մեկում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն»:
Ինչ նպատակով է այցել դպրոց Փալյանը, եւ ինչ իրավունք է իրեն վերապահել հայկական հողի վրա թուրքական քարոզչություն իրականացնել մատաղ սերնդի ներկայությամբ փորձել ենք հետաքրքրվել Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանից, ով, նախ բավականին վրդովված տոնով հայտարարեց, որ տարածված լուրը հերյուրանք է, միեւնույն ժամանակ փաստեց, որ Փայլյանը եկել է դպրոց բացառապես Դինքի դասասենյակ այցելելու նպատակով եւ ձեռքի հետ էլ հանդիպել է աշակերտների հետ։
ԿԳՄՍ-ից փորձել ենք հետաքրքրվել արդյո՞ք նորմալ են համարում , որ դպրոց է այցելում բացահայտ թուրքամետ դիրքորոշում ունեցող անձ եւ դպրոցականերին բարոյախրատական դասեր տալիս։ ԿԳՄՍ լրատվականից մեզ պատասխանեցին, որ դպրոցը իրենց ենթակայության տակ չէ եւ, որ դպրոցի տնօրինություն է որոշում ով կայցելի դպրոց։ Այլ հարցերի պատասխաններ ստանալու համար նախարարությունից ուղորդեցին դիմել դպրոց։