Նուբարաշենի աղբավայրի մոտ ապրող մարդկանց առողջությունը ավելի շատ է վտանգված, քան Նորքի. Ահազանգ
Թեմա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականացրած դիտարկումների համաձայն՝ Երևանի օդում չտարբերակված փոշու ծավալը հունվար ամսին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է առավելագույնը 2,0 անգամ։ Ինչի՞ հետևանք է աղտոտված օդը , ի՞նչ հետեւանքներով է հղի «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նախ նկատում է.
- Երևանն աղտոտված քաղաք է, որովհետև իր ամբողջ ստրուկտուրան ագրեսիվ է, քանի որ մենք զրկվել ենք մեր պաշտպանիչ գոտիներից՝ Դալմայի ու Նորքի այգիներից, երկրորդ պաշտպանիչ գոտուց՝ Հրազդան գետի ձորից, որը հսկայական կարգավորող դերակատարություն ուներ ամբողջ Երևանի համար, ու մենք զրկվել ենք դրանից, որովհետև Երևանի տարածքում Հրազդանի ձորն արդեն ոչ մի ձևով չի ծառայում իր նպատակներին:
Երրորդը՝ զրկվել ենք մեր հասարակական տարածքներից, ինչ էլ մնացել է՝ ասֆալտապատված է, չունեն պաշտպանիչ ֆունկցիա, որովհետև այդ տարածքների կանաչ հատվածը շատ խղճուկ է: Մենք նաև զրկվել ենք բակային կանաչ տարածքներից, իսկ բակը Երևանի համար միշտ էլ եղել է ամենակարևոր պաշտպանիչ տեղը, ես հին Երևանի մասին եմ ասում, որտեղ կար գրագետ մոտեցում, իսկ նոր Երևանի պարագայում դա բացակայում է:
Շատ-շատ տեղերում մենք զրկված ենք այդ կանաչ զանգվածից, որովհետև ծառերը հիվանդանում են, տեսնում ենք զանգվածային ուղղակի ծառահատումներ, ինչը մեծ հարված է:
Ինչն է ազդում առողջության վրա. առաջին հերթին մեր լրիվ չկարգավորված ու շատ վնասակար տրանսպորտի վիճակը, մեր բոլոր փողոցները խցանված են, իսկ խցանումը արտանետումների ամենավնասակար պատճառն է, ու այստեղ մենք ունենք երկու ցուցանիշի գումարային ազդեցություն:
Առաջինը փոշին է, իսկ փոշին մեզ մոտ շատ-շատ է, որովհետև մեզ մոտ կան բաց տարածքներ, որտեղ շինարարություն է ընթանում, ու պարզ է, որ փոշին դուրս է գալիս: Փոշու վրա նստում են այդ արտանետումների մոլեկուլները, որոնք իրենց քիմիական ազդեցությունն են ունենում, ու դա շատ վատ է:
Ծանր աղբյուր է մեզ համար Նուբարաշենի աղբավայրը, որովհետև այն քանի տարի դանդաղ այրվում է, ու քանի տարի դանդաղ այրման քիմիական պրոցեսի ժամանակ արտանետվում են բազմաթիվ թունավոր քիմիական միացություններ: Եթե մենք նայում ենք ընդհանուր միջինացված թվերին, ապա այդ թվերը կարող են այդքան սարսափելի չլինել, բայց եթե խոսում ենք առանձին վարչական շրջանների մասին, որովհետև բարդ լանդշաֆտի պատճառով Երևանին պետք է նայենք ըստ վարչական շրջանների, այնտեղ լրիվ տարբեր ցուցանիշներ են:
Հասկանալի է, որ Նուբարաշենի աղբավայրի մոտ ապրող մարդկանց առողջությունը ավելի շատ է վտանգված, քան մարդիկ, որոնք ապրում են Նոր Նորքում: Մեզանում ծրագիր չկա, որ կարողանանք նվազեցնել այդ արտանետումները: Նուբարաշենի աղբավայրը դեռ 2016-ից պետք է վերափոխվեր, չի վերափոխվել, Եվրոպական բանկը հրաժարվեց այդ ծրագրից, հիմա փնտրում են նոր դոնոր կազմակերպություն, իսկ դոնոր կազմակերպությունների համար պետք է վճարենք: Այսինքն՝ Նուբարաշենի աղբավայրի հարցը մնում է չլուծված:
Հանքերը ևս նպաստում են օդի աղտոտվածությանը, հանքերի թիվն այնքան չի մեծացել, նկատի չունեմ միայն մետաղական հանքերը, դրանք ավազի, քարի հանքերն են, մոտավորապես նույնն է, կարող է նաև կրճատվել է, բայց ծավալները մեծանում են, իսկ շրջակա միջավայրը չի կարողանում այդ ծավալները մարսել:
Հարկ է նշել նաև, որ առողջապահության նախարարությունը պետք է շատ ակտիվ լինի այս հարցում, որովհետև մենք այն ենք, ինչ ուտում ենք, այն ենք, ինչ շնչում ենք, իսկ շնչելու պահով ոչ մեկս չգիտի՝ ինչ ենք շնչում:
Ես մեկ ցուցանիշ կարող եմ ասել. մանկական բժիշկներն ասում են, որ մեզ մոտ երեխաների ալերգիկ վիճակը 90 տոկոսից անցնում է: Իսկապես, մենք ալերգիկ ենք, ու անպայման չէ, որ մեզ վրա կարմիր ցան լինի, ալերգիան ընդհանուր վիճակ է՝ իմունային համակարգի խախտում: Մեզանում առողջապահությունն ու շրջակա միջավայրը կարծես առանձին ոլորտներ լինեն, բայց նրանք առանձին չեն, փոխկապակցված են, ու մենք այդ ոլորտների պահով ունենք արտահայտված վատ ցուցանիշներ:
– Քաղաքապետը հայտարարել է, թե գործուն քայլեր են սկսում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար…
– Նրանք սկսել են, մենք մի երկու շաբաթ առաջ անցկացրել ենք կլոր սեղան- քննարկում, քաղաքապետարանի ներկայացուցիչները արդեն որերորդ խորհրդակցությունն են անցկացնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Աշխատում են միասնական սխեմաների վրա, ու հույս ունենք, որ հետո կկարողանանք համեմատել և՛ միջազգային ձևով ստացված ցուցանիշները, և՛ քաղաքապետարանի, և՛ մոնիթորինգի տվյալները, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում մեզ մոտ: Որ նրանք սկսել են աշխատել, միանշանակ է, ու մենք հույս ունենք, որ այդ գործընթացը բավականին շուտ կավարտվի:
Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ հավատ չկա ցուցանիշների նկատմամբ, եթե քաղաքապետարանը ինչ-որ ցուցանիշ է հրապարակում, մարդիկ չեն հավատում, այդ թերահավատությունը պետք է կարողանանք հանել, որ հասկանանք՝ այդ ցուցանիշներից ելնելով ինչ կարելի է անել: