ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ԵՄ-ում անվտանգության երաշխավորի իր դերից. Մյունխենի համաժողովի զեկույց
Միջազգային
Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել «Եվրոպայում անվտանգության երաշխավորի» իր պատմական դերից, ինչը կարող է լրջորեն ազդել Ուկրաինայի իրավիճակի վրա, ասվում է Մյունխենի անվտանգության համաժողովի զեկույցում։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ առաջիկա տարիներին ԱՄՆ քաղաքականությունը միջազգային հարթակում, ամենայն հավանականությամբ, կորոշվի Վաշինգտոնի և Պեկինի մրցակցությամբ։
«Առաջնահերթություն տալով Չինաստանին՝ Թրամփի վարչակազմը կարող է հրաժարվել իր պատմական դերից՝ որպես Եվրոպայի անվտանգության երաշխավոր… Միացյալ Նահանգները, հավանաբար, կփոխանցի մայրցամաքի պաշտպանության հիմնական մասը ՆԱՏՕ-ի իր եվրոպական դաշնակիցներին՝ այլևս չդնելով Եվրոպայի անվտանգությունը, ժողովրդավարական կայունությունը և բարգավաճումն իր ռազմավարական առաջնահերթությունների շարքում: Ուկրաինայի համար հետևանքները կարող են շատ լուրջ լինել»,- ասվում է ֆորումի կայքում հրապարակված զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ նախագահի ուկրաինական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Կիևի և Մոսկվայի վրա՝ խրախուսելու կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել հրադադարի՝ կարգավորման պահին գոյություն ունեցող առաջնագծին համապատասխան։ Զեկույցում նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ամենայն հավանականությամբ, այժմ դուրս է մնում օրակարգից, և Կիևը դժվար թե համաձայնի հրադադարի՝ առանց անվտանգության հուսալի երաշխիքների:
«ՆԱՏՕ-ի համար նույնպես Թրամփիզմը հսկայական հետևանքներ կունենա։ Թեև ԱՄՆ-ի պաշտոնական դուրս գալը դաշինքից քիչ հավանական է, սակայն կոլեկտիվ պաշտպանության և ԱՄՆ միջուկային հովանու մասին 5-րդ հոդվածի վստահելիությունը կասկածելի է»,- ասվում է զեկույցում։
Հեղինակները նաև նշում են, որ Թրամփի շրջապատը պլաններ է մշակել` էապես նվազեցնելու ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում, ինչը, հաշվի առնելով Եվրոպայի դանդաղ վերազինումը և ԱՄՆ-ից կախվածությունը, կարող է անվտանգության վակուում ստեղծել՝ այս տասնամյակի վերջին Եվրոպային խոցելի դարձնելով ենթադրյալ «ռուսական ագրեսիայի» նկատմամբ։
Փետրվարի 14-16-ը Մյունխենում կանցկացվի Անվտանգության 61-րդ համաժողովը, որտեղ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, ներառյալ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները: Համաժողովը կներառի նաև G7-ի արտգործնախարարների հանդիպումը: