Հատուկ հանձնարակա՞ն է ստացել, թե՞ ինքնուրույն է եկել այդ համոզման. ԶԱՐՄԱՆՔ

Հավերժ կարելի է նայել ծովի ալիքներին, խարույկի վառվող կրակին ու թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ եվրոպամետից վերածվում ռուսամետի: Վերջինս իր վրդվմունքն է հայտնել ԱԺ-ում քննարկվող Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի հարցի վերաբերյալ: «Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ ՀՀ ժողովրդի կամքը… Այս գործընթացը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ` ծանր հետեւանքներով հղի արկածախնդրության պատասխանատվությունը բարդելու, քանի որ ե՛ւ ԵՄ-ում, ե՛ւ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրաինտեգրման մասին չէ», - նշել է նա: Ու ոչ ոք հարց չի տալիս՝ բա Էդմոն Մարուքյան, ինչո՞ւ էիր ժամանակին ընկել Նիկոլի խելքին ու «Ելք» դաշինքով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ բերել ԱԺ, այն ժամանակ չէիր մտածո՞ւմ, որ այդ արկածախնդրությունը ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ հիմա ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի, միայն թե չի հստակեցնում՝ հատուկ հանձնարակա՞ն է ստացել, թե՞ ինքնուրույն է եկել այդ համոզման:
Իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ կոալիցիա կազմած Արամ Զավենիչի «Հանրապետություն» Խմբակցության դարդն այն է, որ տրանսպորտի գինը մի բան էլ քիչ են թանկացրել: Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ արդեն որերորդ անգամ է ափսոսանք է հայտնում, թե իրեն մնար, ավելի շատ կթանկացներ տրանսպորտը: Սա՞ է «Հանրապետություն» կուսակցության եվրոարժեքները, որտեղ քաղաքացուն ինչքան կարող են, պետք է ճզմեն: Երեւանցիները ձեզ դրա համա՞ր էին ձայն տվել: Դուք ամոթ ունե՞ք…
Զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի փոխքաղաքապետ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Վերջինս փնթփնթում է իր մասին լրատվամիջոցների անդրադարձից: Ասում է, թե քաղաքացիները կարդում են միայն վերնագիրը, բայց չեն կարդում շարունակությունը եւ չեն տեսնում, որ իր 74 միլիոն եկամուտի 42 միլիոնը հիպոթեքային վարկ է. «Այսինքն՝ դա պարտավորություն է, ոչ թե` եկամուտ»: Եվ ի՞նչ, հուզվեցի՞ք… Օրինակ` ո՞ր շարքային քաղաքացին կարող է իրեն այսպիսի շռայլություն թույլ տալ ու 42 միլիոնի հիպոթեքային վարկ փակել: Փաստորեն, մինչեւ իշխանության գալը նույնիսկ սեփական կատու չունեցած ՔՊ-ականները որոշել են բոլորը տնավորվել ու մինչեւ վարկերը չփակեն, իրենց պետական աթոռներից չես պոկի…
Այս ամենին ի հակադրություն՝ զարմանալիորեն, հարեւան Վրաստանը շարունակում է տարածաշրջանում ինքնիշխանության ու պետականամետության մաստեր-կլաս ցույց տալ: Ինչպես նշում է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը, 100 տարվա ու 2008-ի իր պատմությունից Վրաստանը դասեր քաղել է: «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը եւ NED-ը, ինչպես նաեւ այլ ինստիտուտներ միասնաբար գործել են վրաց ժողովրդի եւ վրացական պետության դեմ»,- ուղիղ հայտարարում էՎրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵՆ: Հետաքրքիր է՝ իսկ Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին մտքեր փոխանակե՞լ է: Հայերեն եթե չեն հասկանում, կարո՞ղ է վրացերենով ավելի շուտ այս իշխանությունը հասկանա:
Զարմացած է «Իրավունք»-ը