Նիկոլազգիների «եվրոպական կուրսը» թրամփականների «դաբրոն» չի ստացել
Վերլուծություն
Սրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բաքվից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305253&l=am) նաեւ գալիս են ակնարկներ, որ այդ ամենը կարող է վերաբերել նաեւ Ռուսաստանի առաջարկած միջնորդությանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների հետ կապված: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ եթե մի ժամանակ Ալիեւը պաշտոնապես հայտարարում էր, թե պատրաստ է ընդունել միայն Մոսկվայի առաջարկած միջնորդությունը, ապա ներկա փուլում նրա կողմից վերահսկվող քարոզչամեքենան սկսել է միանգամայն այլ ուղղությամբ շարժվել:
Օրինակ, Haqqin.az-ը, շտապելով արձագանքել նախօրեին ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի առաջարկին՝ վերադառնալ բանակցային եռակողմ ձեւաչափին, բոլորովին այլ ուղղությամբ է խփում, որը, մեղմ ասած, համահունչ չէ Ալիեւի այդ բոլոր հայտարարություններին: Ավելին, ալիեւյան աղբյուրը միանգամից այն միտքն է առաջ տանում, թե Գալուզինը մոռացե՞լ է, որ՝ «Կրեմլի հարաբերությունները Բաքվի հետ վերջերս լուրջ վտանգի տակ են»: Երկար-բարակ բացատրություններից հետո էլ հասնում է այն մտքին, որ, առհասարակ. «Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում Ռուսաստանի Դաշնության դերը որպես դրա երաշխավոր»: Ավելին, որ. «Ռուսաստանը ոչ միայն դուրս է մնում ներկայիս բանակցային գործընթացից, այլեւ իր մասնակիցների կողմից չի դիտարկվում որպես ապագա համաձայնագրի իրականացումն ապահովող կողմ։ Այն պայմաններում, երբ խաղաղության կարելի է հասնել Արեւմուտքի աջակցությամբ եւ մասնակցությամբ, դա լուրջ հարված կհասցնի Մոսկվայի ազդեցությանը տարածաշրջանում։ Հենց այս գործոնն է Կրեմլին ամենամեծ անհանգստությունն առաջացնում»:
Կարճ ասած, եթե ժամանակին Ալիեւը բացառում էր Արեւմուտքի ամեն մի միջնորդություն եւ միակ միջնորդին համարում էր Ռուսաստանին, հիմա արդեն նման է կտրուկ շրջադարձի: Ընդ որում, առանց անգամ մի թեթեւ հարցադրման՝ իսկ Հայաստանին ո՞ր տարբերակն է պետք: Այսինքն, այն համոզմունքն է, որ Նիկոլը կանի այնպես, ինչպես նրանից կպահանջվի:
Իհարկե, որ Նիկոլի ողջ «քաղաքականությունը» հետեւողականորեն նպաստում է հենց Բաքվի շահերին եւ պահանջմունքներին, դա նոր բան չէ: Միայն թե ազերիների հիշատակված նոր ծրագրերը, այնուամենայնիվ, հարցեր են առաջ քաշում. իսկ նրանք այս պահին Արեւմուտք ասելով` ի՞նչ են հասկանում: Եթե թրամփական ԱՄՆ-ին, ապա վերջին իրողությունն այն է, որ օրերս Նիկոլը գնաց-հասավ Վաշինգտոն, բայց նրան այնտեղ տեսնել ցանկացող անգամ չկար: Մինչդեռ եթե Վաշինգտոնում հայ-ադրբեջանական թեմայով որեւէ պատկերացում լիներ, թեկուզեւ պետքարտուղարի տեղակալներից մեկը գոնե Միրզոյան Արոյին կընդուներ՝ փոխանցելով, թե իրենից եւ Նիկոլից այս պահին ինչ սպասելիքներ կան:
Հետո Նիկոլը վազեց Մակրոնի մոտ, ով խոստացավ. «Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»: Բայց թե ինչպես է խոստումը կատարելու, մեծ հարց է, առավել եւս, որ նույնքան մեծ հարց է, թե դեռ ինչքան կմնա իր աթոռին: Էլ չասած, որ Մակրոնին Ալիեւն այնքան է մերժել եւ նույնիսկ թշնամի անվանել, որ հիմա նրա միջնորդությունից հազիվ թե ուզենա օգտվել:
Կարճ ասած, այս պահին անորոշ է մնում ալիեւյան թեւի ակնարկած «Արեւմուտքի աջակցություն» ասվածը, քանի որ դրա համար դեռ պետք է առարկայացնել՝ կոնկրետ ո՞ր հարթակի մասին է խոսքը:
Մյուս կողմից, նիկոլազգիները թեեւ սկսեցին իրենց հայաստանակործան «եվրոպական ուղին»՝ երեկ ԱԺ-ում քննարկության դնելով հայտնի նախաձեռնությունը, Ալենն էլ իր հերթին, ազերիներից հետ չմնալով, «քիչ հավանական» համարեց ռուսական բանակցային հարթակը, բայց մեկ է, լուրջ հարցեր են մնում, թե Փարիզից հետ գալով, նաեւ ԱՄՆ այցի խայտառակության ֆոնին, Նիկոլն ի՞նչ «քաղաքական» կուրսի մեջ է մնալու: Հաշվի առնելով, որ այդ «եվրոպական կուրս» լիբերաստական ծրագիրը հազիվ թե այդ նույն լիբերաստների հետ կռվի մեջ մտած Թրամփի «դաբրոն» ստանա:
Իհարկե, իր ցանկալի տարբերակը կլիներ, որ թեկուզեւ առանց միջնորդների, սակայն Բաքուն ինչ-որ ձեւով ստորագրեր-վերջացներ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը: Միայն թե ալիեւյան աղբյուրները, բացի ռուսական եւ արեւմտյան ուղղությունների հետ կապված այս վերջին տեղափոխություններից, նաեւ օրակարգում են թողնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու թեման: Իսկ այն, որ Նիկոլը ներկայումս, ներքին ատելության ներկայիս գեներացիայի պայմաններում ոչ մի դեպքում չի գնա նման համապետական միջոցառման, դա եւս հասկանալի է: