ՌԴ-ն չի պարտվել, այլ իր տեղում է, եւ հիմա Թրամփի հետ բանակցությունների նոր փուլ է սկսվել. Մաթեւոսյան
Ներքաղաքական
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնել էր Fox News հեռուստաալիքը։ Վերջինիս տվյալներով` ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE, այն ղեկավարում է Իլոն Մասկը) աշխատակիցներն արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին: Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։ Այս եւ շատ այլ հարցերի, ինչպես նաեւ այդ ամենի ներազդեցության մասին Հայաստանի ուղղությամբ «Իրավունք»-ը զրուզել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:
«ԼՔԵԼՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈԳԵՔԱՐՇԸ՝ ՆՍՏԵԼ ԵՆՔ ՄԻ «ՏԱՉԿԱՅԻ ՄԵՋ» ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…»
— Ներկայիս իրավիճակում ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ ռուս-ամերիկյան շփումներին: Կա՞ արդյոք կոնսենսուսի հեռանկար, եւ վերջապես ինչո՞ւ են մեզ համոզում գնալ դեպի Եվրոպա, եւ այդ ամենի հետեւանքները Հայաստանի համար ինչպիսի՞ն կարող են լինել:
— Հիմա մեր իշխանությունները՝ իրենք հավատացել են նրան, որ Ռուսաստանը պարտվել է, բայց մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն չի պարտվել, իր տեղում է եւ հիմա էլ Թրամփի հետ նաեւ բանակցությունների փուլ է սկսվել: Ակնհայտ է, որ կան բանակցություններ: Ակնհայտ է նաեւ, որ այս պատերազմի հիմնական տուժողը Ուկրաինայից բացի, լինելու է Եվրոպան: Մենք էլ, փաստորեն, լքելով ռուսական այդ շոգեքարշը, նստել ենք մի «տաչկայի մեջ» եւ սպասում ենք, տեսնենք, թե ինչ է լինելու, մեր փոխարեն աշխարհի մեծերն ի՞նչ քննարկումներ են ունենալու, եւ ամենացավալին էլ հենց դա է:
Չնայած, որ իմ խորին համոզմամբ՝ եթե մենք` որպես պետություն, մոտ 8 տարի դիմանայինք, կամովի չհանձնվեինք, ապա կլինեինք Ռուսաստանի ամենաարտոնյալ դաշնակիցներից մեկն աշխարհում՝ եթե չասեմ ամենաարտոնյալը ռուսի հետ հավասար: Դրանից բացի, նաեւ կլինեինք մի երկիր, որ պատերազմական գործողությունների ժամանակ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանեց՝ իր մասով թույլ չտալով երկրորդ ճակատի բացում: Մենք հենց այս կարգավիճակում կլինեինք: Ընդամենը մի քանի տարի պետք էր դիմանալ: Ավելին, եթե այս ընթացքում կարողանայինք գործարկել Հյուսիս-հարավ նախագիծը՝ դա եւս մեզ շատ մեծ օգուտ կտար, բայց, ցավոք սրտի, այս ամենը կորցրել, ենք եւ այժմ արդեն մեր փոխարեն ուրիշներն են որոշելու մեր ճակատագիրը:
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ՀԱՍԵԼ»
— Իսկ ի՞նչ կասեք Փաշինյանի վաշինգտոնյան այցի, USAID-ի կասեցման, արտաքին ֆինանսավորման արգելքի եւ, վերջապես, որո՞նք է Միացյալ Նահանգների շահերը մեր ռեգիոնում՝ չարչրկված միջանցքի հետ կապված եւ այլնի:
— Կարծում եմ՝ ճիշտ են բոլոր այն փորձագիտական գնահատականները, որ Նիկոլ Փաշինյանի` Ամերիկա կատարած այցի հիմնական նպատակն էր՝ հասկանալ նոր վարչակազմի առաջնահերթությունները, եւ դա առաջին հերթին արդեն մեր տարածաշրջանի մասով: Այստեղ եթե այց է կատարվել, ապա խաղադրույք է կատարվել նրա վրա, որ անձնական շփումների շնորհիվ դու կկարողանաս որոշակի եզրահանգման գալ այդ հարցի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի այցը դեպի Ամերիկա իր հիմնական նպատակին չի հասել: Փաշինյանը շատ հարցերի պատասխաններ չունի, թե ամերիկացիներն ի՞նչ ծրագրեր ունեն մեր տարածաշրջանի նկատմամբ, եւ այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է USAID-ի փակմանը, նախ պետք է մի փոքր սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի: Միգուցե, այնտեղ որոշակի վերաձեւակերպումներ լինեն, եւ USAID-ի որոշակի մասով ունեցած իրենց առաքելությունն այլ կառույցների վերաբերի: Բայց ես ուզում եմ նաեւ արձանագրենք հետեւյալը, որ իրենք USAID-ն փակում են ոչ թե այն պատճառով, որ իրենք չէին ուզենա USAID-ն հետխորհրդային միության երկրներում իրենց որոշակի հակառուսական քարոզն իրականացնեին: Բնավ, դրա պատճառով չէ, այդ քարոզչական թեզը մի կողմ թողնենք: Անգամ այն, որ ասում են Թրամփը Պուտինի գործակալն է: Ո՛չ, խնդիրը դա չէ:
USAID-ն վերածվել է մի գործիքի, որի շնորհիվ ամերիկյան իմպիչմենթն իրենց վերնախավում որոշակի հակամարտության շրջանակներում դեմոկրատական կուսակցությունն ինքն իր խնդիրներն է լուծում: Տեսեք, նույն USAID-ի փակման համատեքստում մենք իմացանք, որ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարոզչագործիքներից մեկը՝ Պոլիտիկը, տարեկան 8 մլն դոլար գումար է ստանում USAID-ից: Հիմա Թրամփն ու Մասկը՝ իրենք առաջին հերթին իրենց ներքաղաքական պայքարի շրջանակներում են լուծում այդ խնդիրները: Իրենք, այսպես կոչված, սեւ դրամապանակը կամ «Չոռնայա կասան» Դեմոկրատական կուսակցության ձեռքից վերցնում են: Ահա այս համատեքստում կարելի է նայել USAID-ի փակումը: Մնում է սպասենք եւ տեսնենք, թե հետագայում ինչպիսի զարգացումներ կլինեն:
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ 2018 Թ.-ԻՑ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂԵԳԾԻ ՄԵՋ Է ԵՂԵԼ»
— ԱՄՆ-Իրան առճակատման հետ կապված արդյո՞ք Փաշինյանին կփորձեն ներքաշել հակաիրանական տանդեմի մեջ:
— Փաշինյանն արդեն ներքաշված է այդ գործընթացի մեջ: Հիշեք 2018 թվականը, երբ այն ժամանակ էլ էր Թրամփը նախագահ: Նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եկավ Հայաստան՝ այդ այցից հետո էլ Փաշինայնը Ազգային ժողովում ասաց. «Դե ինչ-որ մի իրավիճակ կարող է հայտնվել, երբ հայ-իրանական սահմանը կփակվի»: Այսինքն` Փաշինյանը այն ժամանակվանից էլ այդ հակաիրանական ուղեգծի մեջ է եղել: Ավելին, Արցախի հանձնումն էլ մենք կարող ենք նաեւ այդ տրամաբանությամբ դիտարկել, որովհետեւ հիմա շատ մեծ սահմանի հատված, որը ոչ թե պարզապես հայ-իրանական, այլ իրանա-արցախյան էր, այդ հատվածից էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը զրկվեց, ինչը եւս հարված էր Իրանին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ներգրավված է այդ հակաիրանական գործընթացների մեջ:
Ճիշտ է, Իրանի մեր հարգարժան գործընկերները՝ առնվազն աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, ԱԳՆ ներկայացուցիչները եւս մենք տեսանք, որ նրանք մի փոքր այլ տեսակետ ունեն Նիկոլ Փաշինյանի կատարած գործողությունների վերաբերյալ, բայց հոգեւոր առաջնորդն այդ առումով ավելի հստակ դիրքորոշում է ցուցաբերում: Իսկ այն հարցին, թե ինչպես մենք կարող ենք ներգրավվել՝ դա, երեւի թե, բարդ է պատկերացնել, որ հայկական զորքերը կպատերազմեն իրանական զորքերի դեմ:
Միայն այն հանգամանքը, որ մենք կարող ենք կոմունիկացիաների հարցի համատեքստում զիջումների գնալ Սյունիքում՝ դա եւս հարված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իսկ մենք եթե փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք ընդհանրապես զրկվենք հայ-իրանական սահմանից: Այդ կոմունիկացիաների «ապաշրջափակման» փուլում անվերահսկելի գործընթացների արդյունք կլինի: Այ դա մեծ հարված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը: Մենք դրանով ավելի մեծ հարված կհասցնենք, քան եթե փոքրաթիվ հայկական բանակը հարձակում իրականացնի ամերիկյան ծրագրերի շրջանակում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ