Մենք չենք պահանջում որեւէ մի այլ բան, քան ՄԱԿ-ի պարտականությունների կատարում. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ` օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր ելույթում ասաց, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին ՊԱՇՏՊԱՆ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
— Տիկին Ալավերդյան ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի գրասենյանի աշխատանքը հատկապես այս օրերին:
— Ցույց տվեք ինձ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մեկ որոշում, որով նրանք ոչ միայն ընդունում են ինչ-որ մի կոչեր, այլ որով հստակ կիրառում են այս կամ այն պատժամիջոցները, սանկցիաները: Դեռ 2023 թվականի օգոստոսի 13-ին եզակի անձնավորություն միջազգային-քրեական դատարանի առաջին դատախազն բնութագրել է Արցախի շրջափակումը որպես ցեղասպանական գործողություն եւ զգուշացրել է, որ այս մեթոդից հետո վրա են հասնելու ավելի կոշտ մեթոդներ՝ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չպատժվի, չկանխվեն նրա ոչ թե զուտ արցախահայերի դեմ կատարած հանցագործությունը, այլ մարդկության դեմ հանցագործությունը:
— Արդյո՞ք կարելի է ասել, որ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ, որոնք չի իրագործում:
— Իհարկե, այստեղ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ՝ մինչեւ անգամ այն կոնվենցիան, որը խոսում է ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին, ինչպես նաեւ հստակ պարունակում է հոդվածներ, որոնք պարտադրում է կամ տրամադրում է այնպիսի իրավունքներ, որ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետությունը կարող է դիմել եւ պահանջել, որ բոլորովին այլ՝ իր հետ կապ չունեցող պետությունում հարուցվեն քրեական գործեր: Մասնավորապես, մենք շատ լավ գիտենք, որ հարավաֆրիկյան պետությունը դիմել է հենց միջազգային այդ ատյանին մեկ պահանջով, որպեսզի դատեն իսրայելական ղեկավարությանը: Ինչո՞ւ է դա արել, որովհետեւ այդ իրավունքը ունի: Ավելին, երբ ՄԱԿ-ը տեսնում է, որ պետությունը, որն ունի պարտավորություններ (տվյալ դեպքում՝ Հայաստանը) ոչ ամբողջական` անկախ կառավարման ներքո գտնվող որեւէ միավորի հանդեպ, ինչպիսին ԼՂ Հանրապետությունն էր, ուրեմն պետք է գործի:
— Իսկ նման դեպքերում Հայաստանի քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեին:
— Հայաստանն ուներ պարտականություն այսպիսի դեպքերում, ինչպիսիք են ագրեսիան, ցեղասպանությունը, դիմել ՄԱԿ-ին եւ կարողանալ կանխել: Մենք գիտենք, որ արվել է հակառակը՝ հենց ՄԱԿ-ի նիստից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասել է, որ ոչ մի վտանգ չկա Արցախի ժողովրդի համար: Հենց այդ դեպքի համար է ՄԱԿ-ը: ՄԱԿ-ը չի կարող անցնել ուղղակի անտարբեր՝ եթե որեւէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները, իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտում: Աշխարհում չի եղել, չկա եւ չի լինելու մի այնպիսի բախում (ինչպես ուզում եք ասեք), որտեղ ընդգրկված լինեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը: Չկա՛ն, թող որեւէ մեկն ինձ ցույց տա: Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության: Այո՛, դա եղել է ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվածը, բայց համանախագահները՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական պետությունները, այն էլ մեծամասնությունը: Մենք պահանջում ենք այն, որ պետք է դադարի Մինսկի խմբի աշխատանքը: Դա տրված չէ՛ Ձեզ, դա հայեցողությամբ չէ՛: Ես եւս մեկ անգամ շատերի անունից պահանջում եմ ՄԱԿ-ից հստակ գործողություններ, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրությունում: Մենք չենք պահանջում որեւէ մի այլ բան, քան ՄԱԿ-ի եւ ՄԱԿ անդամ պետությունների կողմից իրենց պարտականությունների կատարումը: Համոզված եմ, որ այն, ինչ Ադրբեջանն անում է՝ պահելով իր մոտ եւ զուտ քաղաքական առեւտրի համար մտնելով միայն բանակցությունների մեջ՝ լինեն գերիներ, պատանդներ, անօրինական ձերբակալված անձինք, այդ բոլորն արվում է, այսպես ասած, ՄԱԿ-ի Ադրբեջանին քաջալերող լռության պայմաններում:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ