Գիտնխկանի հայերեն գրած հոդվածները, գրքերը ոչ մեկը հաշվի չի առնում. Կրթության փորձագետ
Հանդիպում
Օրերս ԿԳՄՍ նախարարի առաջարկով փոփոխություններ կատարվեցին գիտական կադրերի ատեստավորման կարգում, որը հաստատվել էր 2023-ի տարեվերջին: «Փոփոխության նպատակը կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտաշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումն է, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026-ի ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և ոչ միանշանակ գործողություններից»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300%-ով: Ի՞նչ արդյունք է ապահովելու այս փոփոխությունը հարցին անդրադարձել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթխրյանը.
-Սկսեմ վերջից, նախ պետք է հասկանալ, թե Հայաստանում քանի՛ գլխավոր գիտաշխատող կա, կամ ավելի ճիշտ կլինի հարցնել, թե Հայաստանում քանի՛ գլխավոր գիտաշխատող է մնացել, որովհետև վերոհիշյալ ատեստավորման կարգը գրեթե բացառում է Հայաստանում որևէ գլխավոր գիտաշխատողի գոյություն՝ հատկապես հումանիտար ու հասարակագիտական ոլորտում:
Այնպիսի չափանիշներ են դրված գլխավոր գիտաշխատողների համար, որոնք, ըստ էության, ոչ ոք չի կարող բավարարել: Դա հատկապես վերաբերում է միջազգային որոշակի շտեմարաններում հրատարակություններին, որտեղ ընդգրկված են այդ պարբերականները, ու հայտնի է բոլորին, որ պետք է հրատարակվել օտար լեզվով՝ ոչ հայերեն, ու սա ամենամեծ հարվածն է մեր գիտությանը: Մենք Հայաստանում, փաստորեն, չենք ուզում, որ գիտության լեզուն հայերենը լինի:
Սրա մասին բազմիցս խոսվել է, հատկապես այդ ատեստավորման կարգի ընդունումից հետո, որը տեղի ունեցավ գաղտագողի՝ 2023-ի դեկտեմբերի վերջին, չզեկուցվող հարցերի շրջանակում, այսինքն՝ մարդիկ չիմացան, որ այսպիսի կարգ կա, դա ընդունվեց, հետո եկավ նոր տարին, ու պարզվեց, որ Հայաստանի գիտնականները պետք է ատեստավորվեն, ու դրա համար պահանջվում են բոլորովին նոր չափանիշներ, ու այդ ատեստավորումը տեղի է ունենալու ամենաուշը 2026-ին:
Գիտնականների շրջանում այդ հարցերն առաջացան, նրանք հետո տարբեր նամակներով դիմեցին նախարարությանը, Կառավարությանը, որպեսզի փոփոխություններ կատարվեն, բայց, ինչպես հասկանում եմ, այդ փոփոխություններն ուղղակի հստակեցումների վերաբերյալ են, հստակեցումներ, որոնք, ըստ էության, չափանիշների վրա էական ազդեցություն չպետք է որ ունենան:
Նորից ասեմ, որ այդ չափանիշներով Հայաստանում չի կարող լինել բարձր պաշտոն զբաղեցնող որևէ գիտաշխատող, որը զբաղվում է հայագիտության այնպիսի ճյուղերով, ինչպիսիք են հայոց լեզուն, բարբառագիտությունը, որովհետև պահանջվում են անգլերենով հրատարակություններ: Պատկերացրեք, որ հայոց լեզվով զբաղվող մեկը պետք է անգլերենով հրատարակություններ ունենա, ու դա հետաքրքրի աշխարհի տարբեր գիտնականների: Իհարկե նման բան չի կարող լինել, ընդ որում՝ պետք է ունենա ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հրապարակումներ: Այնտեղ պահանջներ կան, որ պետք է գիտական դրամաշնորհի ղեկավար լինի, որի չափերն աստղաբաշխական են, կարող է լինել կես միլիոն եվրո և այլն:
Այսինքն՝ հենց սկզբից էլ հայտնի էր, որ այս չափանիշները բավարարող մարդիկ չէին լինի, նրանց պաշտոնները հետզհետե իջնելու են, որովհետև չեն բավարարում բարձրի, օրինակ՝ գլխավորը կլինի առաջատար, առաջատարը կիջնի ավելի ցածր և այլն, իսկ այն մարդիկ, որոնք հիմնարկներում, կազմակերպություններում աշխատում են ու չեն բավարարում այդ պահանջներին, ուղղակի կթողնեն ու դուրս կգան գիտությունից, ինչն էլ, ըստ էության, կլինի այս փոփոխությունների վերջնարդյունքը: Այսպիսով կունենանք ավելի քիչ գիտնականներ գիտության մեջ, գիտությունն առանց այն էլ վատ վիճակում է հիմա, խորհրդային ժամանակներից հետո գիտնականների թիվը Հայաստանում նվազել է շուրջ վեց անգամ:
– Կարծում եք, այս չափանիշները միտումնավո՞ր են ներդրվել, որովհետև ասում եք՝ այնպիսի չափանիշներ են, որ ի սկզբանե պարզ էր, որևէ մեկը չի կարող բավարարել դրանք:
– Այո՛, բայց ոչ թե դրանք շատ բարդ են, այլ որ դրանք արհեստական են ու Հայաստանի գիտության հետ որևէ կապ չունեն: Հայաստանի գիտական ներուժը չի գնահատվել այդ ամբողջը կազմելիս, չեն հասկացել՝ Հայաստանում ինչ գիտնական է, ինչով է զբաղվում, ինչպիսի պոտենցիալ ունի, քանի տարեկան է, քանի հրատարակած աշխատություն ունի: Առանց վերլուծություն, հետազոտություն կատարելու ուղղակի որոշակի «միջազգային չափանիշներ» թարգմանվել են հայերեն ու դարձել ատեստավորման կարգ Հայաստանի համար, որը շատ խորթ է Հայաստանի գիտության, հատկապես հայագիտության համար: Ես արդեն գիտեմ, որ տարբեր գիտնականներ իրենց համար աշխատանք են փնտրում բնագավառից դուրս, որովհետև հասկանում են, որ նույնիսկ պայքարելն անիմաստ է, քանի դեռ Հայաստանում իշխանությունը չի փոխվել, և շրջահայաց մարդիկ չեն եկել:
– Պարո՛ն Մխիթարյան, այդ միջազգային ճանաչված ամսագրերում հոդված տպագրելու գումարային մասով պետությունն օժանդակո՞ւմ գիտնականին, թե՞ նա իր սեփական միջոցներով պետք է հոգա այդ ծախսերը:
– Պետությունը չի օժանդակում: Վերջին շրջանում մի քիչ շատացել են հրապարակումները, բայց մարդիկ դրա համար վճարում են, ստիպված մի քանի հոգով են նույն հոդվածի վրա աշխատում, որպեսզի ամբողջ գումարը բաժանեն իրար միջև, որ ամեն մեկի վրա դա քիչ լինի: Ամենակարևոր հարցն այստեղ լեզվի հարցն է, ընդ որում՝ այստեղ հակասություն կա ՀՀ Սահմանադրության և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի միջև, որովհետև ստացվում է, որ գիտնականի հայերեն գրած հոդվածները, գրքերը ոչ մեկը հաշվի չի առնում:
– Ստացվում է, որ Հայաստանի գիտնականը չպե՞տք է իր մայրենի լեզվով աշխատություններ գրի, տիրապետի մայրենի լեզվին:
– Այո՛, արգելվում է, կարելի է այսպես ասել: Արգելվում է, որովհետև դա ոչ մեկին պետք չէ, ոչ մի տեղ չի հաշվվելու, ու եթե նույնիսկ գիտնականը Հայաստանում հարյուր տպագրված հայերեն հոդված ունենա, ավելի բարձրարժեք, միևնույն է՝ դրանք այս կարգի համաձայն որևէ տեղ չեն հաշվառվելու: