Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Հասարակություն
Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում։
Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։
Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։