Թե բա` բարեփոխված տրանսպորտ
Ներքաղաքական
Այն, որ կա նոր հանրային տրանսպորտ, դա գիտենք բոլորս, եւ պետք չէ զարմանալ ու դա թանկով վաճառել քաղաքացու վրա, որովհետեւ երբ պետությունը 2025 թվականին ունենում է լավ տրանսպորտ՝ օդորակիչով, լիցքավորման համար հատկացված մասով եւ այլն, ապա դա լավ չէ, դա նորմալ է: Նախ ներկայիս իշխանությանը պետք է սովորեցնենք, որ նորմալ բաներից պետք չէ զարմանալ եւ թանկով վաճառել հիմնականում չքավորության մեջ ապրող քաղաքացու վրա: Բայց ուշադրություն դարձնենք մեկ այլ կարեւոր փաստի վրա. ինչքա՞ն են դարձել տրոլեյբուսների վճարները՝ 150 դրամ, այսինքն՝ այս պարագայում տրոլեյբուսը ոչ թե թանկացել է 50 դրամով, այլ՝ 100 դրամով: Իսկ ովքե՞ր են հիմանկանում օգտվում տրոլեյբուսից, այո՛, ճիշտ է, տարեցները, քանի որ նրանց համար անգամ 50 դրամն էր թանկ համարվում, որպեսզի նստեին ավտոբուս:
Եվ հետո՝ երբ քաղաքապետարանը ասում է, թե թանկացել է տրանսպորտի գինը, քանի որ քաղաքացին օգտվում է մաքուր, հարմարավետ եւ «յուղը վրեն» գնված տրանսպորտից, «Իրավունք»-ի տեսախցիկն այլ բան է փաստում: Հետեւաբար, հարց է ծագում՝ երբ լիարժեք չեք կատարել եւ ավարտին չեք հասցրել ձեր աշխատանքը, ապա ինչո՞ւ եք մտել, բառիս բուն իմաստով, քաղաքացու գրպանը, այնտեղ արդեն ոչինչ չեք թողել:
Ի՞նչ է անում մեր քաղաքային իշխանությունը, նրա հետ էլ իրենց գրպանային վայ-ընդդիմության մի քանի խմբակցություններ: Այո, «արխային» են ընկել, որովհետեւ ինչպես բոլորս ենք տեսնում, 150 դրամների դեմ բողոքի ակցիաները գնալով մարում են եւ, դժվար թե, 2 ամիս հետո, ընդդիմադիր ավագանու որոշ անդամներ կգնան ու կշարունակեն իրենց ակցիաները:
Ու կստացվի ընդդիմության հերթական ձախողումը, այս անգամ էլ քաղաքային տրանսպորտի ոլորտում: Ու ինչո՞ւ նորից ձախողում, որովհետեւ շատ այլ` իրենց ընդդիմություն հռչակածներ միահամուռ կերպով չկանգնեցին ակցիա կազմակերպողների կողքին: Եվ ոչ միայն չկանգնեցին, այլ նաեւ հեգնեցին, թե բա՝ կրկին ձախողեցիք: Չնայած նրանց էլ մեղադրել պետք չէ՝ ի՞նչն էին հաջողել, որ սա հաջողեին…
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



