Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարեն
Վերլուծություն
Սպիտակ տուն Թրամփի մտնելուց սկսած` գլոբալ ուլտրալիբերալիստական համակարգը գերակտիվ աշխատանք էր ծավալել նրա եւ Պուտինի շփումների հավանականությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ: Քարոզչամեքենան աշխատում էր մոտավորապես այս ուղղությամբ՝ Թրամփը մեծ, ստիպողական պահանջներ է ներկայանցում Մոսկվային, որոնց հետ Պուտինը ոչ մի դեպքում չի համաձայնի: Եթե Թրամփը նահանջի, դա մեծ հարված կդառնա նրա դիրքերին: Իսկ Պուտինը, առհասարակ, նահանջելու տեղ պարզապես չունի:
ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՏԱՂԵԼ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ
Հաշվարկը կառուցվում էր այդ բավականին թույլ մանիպուլյացիաների միջոցով Թրամփի եւ Պուտինի վրա ազդելու համար, թե իբր նրանց բանակցություններն անհեռանկար են, եւ անգամ իմաստ չունի սկսել: Իսկ այն քանիցս արված հայտարարությունները, թե, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան ակտիվ շփումներ կան, փորձում էին ներկայացնել, որպես սովորական դիվանագիտական խաղեր՝ իբր թե Թրամփի համար նախընտրական հայտարարություններից հետ քաշվելու հիմք նախապատրաստելու համար, թե՝ ինչ անենք, փորձեցինք, Մոսկվան իր մաքսիմալ ձգտումների հարցում համառեց եւ ամեն բան ձախողեց:
Թերեւս, այս մանիպուլյացիոն հնարքների մեջ լիբերաստներն այնքան էին խորացել, որ իրենք էլ էին սկսել հավատալ այդ քարոզներին: Ըստ այդմ էլ, ակնհայտորեն շոկային տպավորություն առաջ բերեց հայտարարությունը, որ Պուտին-Թրամփ առաջին պաշտոնական զրույցը կայացել է: Չնայած, որ դա կայանալու էր, միանշանակ ցույց տվեց դրա նախօրեին Թրամփի մերձավոր եւ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի՝ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի այցը Մոսկվա: Որպես առիթ ներկայացվեց Ռուսաստանում դատապարտված ամերիկյան շպիոն Մարկ Ֆոգելին ազատելու հարցը, թեեւ հասկանալի էր, Ուիտկոֆն այն կատեգորիայի պաշտոնյան չէ, որ զբաղվի լրտեսների փոխանակման ծրագրերով: Առավել եւս, որ անմիջապես էլ ռուսական մի շարք տեղեկացված աղբյուրներ ակնարկեցին, որ Ուիտկոֆին իրականում Թրամփը հանձնարարել է` Մոսկվայի հետ սկսել ուղիղ բանակցային գործընթաց, Մոսկվայում նա կոնկրետ շփումներ ունեցել է, անգամ, թե նրան ընդունել է նաեւ ՌԴ նախագահը: Այսինքն, Թրամփի մոտ մեծ վստահություն վայելող եւ դեռ 1980-ականներից ընկերական հարաբերություններ ունեցող Ուիտկոֆն ամբողջացրել է պայմանավորվածությունների այն շրջանակները, որոնք մինչ այս տարբեր մակարդակի բանակցություններում ձեռք են բերվել, եւ հիմա հերթը հասել է այդ ամենը Պուտին-Թրամփ պաշտոնական շփումների տեսք տալուն: Այն է՝ առաջին զրույցն ու հանդիպումը կազմակերպելուն: Իսկ այն, որ մինչ Մոսկվա ժամանելը, Ուիտկոֆն ակտիվ քննարկումներ էր ունեցել նաեւ Սաուդյան Արաբիայի հետ, արդեն իսկ խոսում էր Պուտին-Թրամփ գագաթաժողովի կազմակերպման կոնկրետ վայրի մասին: Նաեւ հաշվի առնելով, որ նրա այցից ժամեր անց կայացած եւ համաշխարհային աղմուկ բարձրացրած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո հաստատվեց, որ նրանց առաջին հանդիպումը ծրագրվում է հենց այդ երկրում անցկացնել:
Ամեն դեպքում, անկախ այն բանից, թե աշխարհում ով ինչպես է վերաբերվում, ինչ նախնական տպավորություններ կամ սպասելիքներ ուներ, Պուտին-Թրամփ առաջին պաշտոնական կապը կայացավ: Եվ առաջին փաստը, որը տեսանելի էր այդ ֆոնին, այն էր, որ ուլտրալիբերալ համակարգն անգամ խոստովանեց, որ դա իր համար շոկային էր: Քարոզչամեքենան էլ, բնական է, անմիջապես արձագանքեց դրան՝ փորձելով այլ սխեմաներ մտցնել շրջանառության մեջ: Օրինակ, The New York Times-ն ընդգծում է, որ Թրամփը «կրկին դեմ է գնում Կոնգրեսի գծին»։ The Guardian-ը պնդում է, որ «նախագահը գործում է ոչ թե Վաշինգտոնի, այլ Մոսկվայի շահերից»: Financial Times-ը խաղադրույք է կատարում ԵՄ-ի հետ հակամարտության սրման վրա՝ հայտարարելով, որ «Թրամփը խաթարում է Արեւմուտքի միասնությունը» եւ այլն: Փոխարենը, ավելի խելամիտ փորձագետները սկսում են գնահատել, թե իրականում ինչ է նշանակում այս առաջին շփումն, ու ուր է այն տանելու:
ԵԹԵ ԵՎՐՈՊԱՆ ՈՒԶՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ԻՆՔԸ ԿՌՎԵԼ
Նախ, իհարկե, կարեւորվում է բուն փաստը՝ տեւական ընդմիջումից հետո Մոսկվան եւ Վաշինգտոնը ամենավերին մակարդակով կապ են ստեղծում: Դրանով, ըստ էության, երկու կողմն էլ հաստատում են հին եւ հայտնի փաստը՝ միջուկային երկու հիմնական տերությունների հակասությունները հասել են լարվածության այն մակարդակին, որի պարագայում հետագա ամեն մի սրացում կարող է վերջինը դառնալ: Ըստ այդմ, մնում է միայն իրար հետ խոսելու միակ տարբերակը:
Ըստ այդմ՝ երկրորդ հետեւությունը, որ այս քննարկումների թեման ամենեւին էլ միայն ուկրաինական խնդիրը չէ: Այսպես, մեկուկես ժամանոց խոսակցության այն պատառիկները, որոնք հայտնի դարձան, հետեւյալն են: Ուկրաինայի մասով. Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց նաեւ ուշադրությամբ լսելով Պուտինի խոսքը, որ դրա համար պետք է հարթվեն հակամարտության բուն պատճառները՝ երկարաժամկետ արդյունքներ ունենալու համար: Իսկ այդ «բուն պատճառները» նրանք են, որոնք դեռ 2021թ.-ին Պուտինը ներկայացրեց այն ժամանակվա նախագահ Բայդենին: Այն է՝ բացառել Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, դադարեցնել արեւմտյան ռազմաքաղաքական սադրանքները, Ուկրաինայի միլիտարիզացիան, նեոնացիստականացումը, ռուսների հանդեպ ճնշումները եւ այլն: Բայդենն այն ժամանակ մերժեց, թե՝ ՆԱՏՕ-ն որ ուղղությամբ ուզի, կզարգանա, եւ դա տարավ պատերազմին:
Ահա, հենց այդ ամենի շուրջ է, որ հիմա պետք է պայմանավորվել, եւ, դատելով այս վերջին իրողություններից, Թրամփի կողմից պատրաստակամություն կա: Այն է՝ նախ, Թրամփը խոսում է Պուտինի հետ ոչ թե մեկ հեռախոսազանգի եւ հանդիպման մասին, այլ որ անձնական շփումները պետք է դառնան մշտական: Ընդ որում, երկու առաջնորդները իրար հրավիրել են այցելության, թե՝ որ եկել է ժամանակը, որ «մեր երկրները միասին աշխատեն»: Հաջորդը, Թրամփը հեռախոսազրույցից հետո բացահայտ սկսեց խոսել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարը համարում է ոչ գործնական, անհավանական, եւ հարցը պետք է հանել: Ավելին, որ Ուկրաինային չի տալիս այն դերը, որը վերջին տարիներին համառորեն նրան վերագրում են. «Ես սպառնալիք չեմ տեսնում Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության մեջ՝ առանց Զելենսկու մասնակցության»: Նաեւ, որ Ուկրաինան դժվար թե վերադարձնի Ռուսաստանի կողմից գրավված տարածքները:
Ընդ որում, այդ միտքը մինչ այդ ընդգծել էր նաեւ Պենտագոնի թրամփյան նոր ղեկավար Պիետ Հոգսեթը: Եվրոպան, իհարկե, սկսեց աղմկել, թե՝ ԱՄՆ-ն դավաճանում է Ուկրաինային, մենք ինքներս կպաշտպանենք: Սակայն Հոգսեթը երեկ եվրոպացիների ներկայությամբ ավելի կոշտ մտքեր ներկայացրեց: Այն է, եթե ուզում եք, գնացեք Ուկրաինայում կռվելու: Բայց, ԱՄՆ-ն զորք չի ուղարկելու: Երկրորդը, եթե «խաղաղապահներ ուղարկվեն Ուկրաինա, նրանք պետք է այնտեղ գտնվեն ոչ թե ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ առանց դաշինքի` 5-րդ հոդվածի տարածման նրանց վրա»: Այսինքն, եթե Ռուսաստանը հարվածի նրանց, ապա ՆԱՏՕ-ն պարտավորված չի լինի պատասխանել: Իսկ ԱՄՆ-ն իր սեփական խնդիրներն ունի եւ դրանցով է զբաղվելու:
Վերջապես, ամերիկյան ֆինանսների նախարարի այցը Կիեւ ցույց տվեց, որ Վաշինգտոնն այս պահին մտածում է միայն իր ներդրած փողերը հետ ստանալու մասին՝ հանքերի տեսքով: Իսկ դա նշանակում է, որ հետագա ֆինանսավորում հազիվ թե լինի: Այսինքն, եթե Եվրոպան ուզում է պատերազմն Ուկրաինայում շարունակել, ապա բացի զորքից, պետք է նաեւ մտածի ամբողջական ֆինանսավորման մասին:
Արդյունքում, պատրա՞ստ է Եվրոպան սեփական փողերով եւ զորքերով Ուկրաինայում կռվել ռուսների դեմ. հազիվ թե: Ուրեմն, մի լավ աղմկելուց հետո կմնա նստել եւ նայել, թե ինչ են պայմանավորվում Պուտինն ու Թրամփը: Նաեւ կրկնենք, այս ամենը տեղի ունեցավ միաժամանակ, եւ դա, ինչպես քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, հուշում է, որ նախապես բոլոր հարցերի եւ սխեմայի մասին եղել են ռուս-ամերիկյան կոնկրետ պայմանավորվածություններ: Հիմա պարզապես ամբողջական փաթեթը դրվեց Եվրոպայի եւ Կիեւի առաջ՝ որպես պարտադիր կատարման ուղեցույց: Ով չի ուզում, թող շարունակի կռվել, բայց առանց ամերիկյան փողերի եւ այլ օգնության:
Իսկ այն, որ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը 10 րոպեանոց զրույց ունեցավ նաեւ Զելենսկու հետ, դրանից հետո էլ ֆիքսելով՝ որ չի պատրաստվում նրա հետ հանդիպել, կարծես թե ամեն բան իր տեղն է դնում: Ընդամենը Զելենսկուն հայտնեցին, թե ինչ են պայմանավորվել եւ նրանից ինչ են սպասում: Իհարկե, Զելենսկին կարող է նաեւ չենթարկվել: Բայց այդ դեպքում, ինչպես ասում են, «իր սփական մեղքը, իր սեփական վզին է» լինելու: