Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ
Վերլուծություն
Այն, որ ուկրաինական թեմատիկայով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ կային, ի սկզբանե էր ենթադրելի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305426&l=am): Բայց ահա, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ի ցույց դրեց մեկ այլ նրբերանգ, որը, ինչպես ավելի վաղ ենթադրելու առիթ ունեցել ենք, ռուս-ամերիկյան ներկա բանակցությունների հիմնական կռվանն էր:Այսպես, Թրամփը հայտնեց նաեւ, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել մերձավորարեւելյան կարգավորմանը, Իրանի միջուկային ծրագրին: Գումարենք նաեւ բուն փաստը՝ գագաթաժողովը կայանալու է հենց Մերձավոր Արեւելքում, որը, իհարկե, պատահական չէ:
Այսպիսով, ամբողջ հարցն այն է, որ Թրամփը, մինչ այս իրեն ներկայացնելով, որպես Մերձավոր Արեւելքում հիմնական «ասող», որ պատրաստվում է անգամ Գազան «գնել»՝ ոչ մեկին չհարցնելով, հիմա այդ տարածաշրջանային հարցերը քննարկում է նաեւ Պուտինի հետ: Եթե կա քննարկում, նշանակում է՝ կան նաեւ լուծումների առնվազն ակնկալիքներ, Թրամփի ասածով՝ «լավ գործարքի» հեռանկար: Կոնկրետ ի՞նչ:
Այսպես, մինչ այս Թրամփը միանշանակ խոսում էր նաեւ Իրանի մասին՝ պետք է պահանջներս կատարեք, այլապես կռմբակոծեմ: Ու հանկարծ, Պուտինի հետ, որպես հավասարի, քննարկում է Իրանի «միջուկային ծրագրի» հարցը: Ուրեմն, ի՞նչ կետում է հնարավոր կոմպրոմիս: Երբ Թրամփը խոսում է Գազայի կամ Գրելանդիայի մասին, Մոսկվայից այդ թեմայով, գոնե մինչ հիմա, ակնարկ անգամ չի եղել: Նման է, որ Մոսկվան փորձում է առանձնապես չխառնվել նաեւ Սիրիա, Իսրայել, Թուրքիա, քրդեր թեմատիկային: Իսկ ահա Իրանի հետ, դեռ Թրամփը Սպիտակ տուն չմտած, կնքվեց ռազմավարական գործարք, որը Ռուսաստանի համար նշանակում է նաեւ «Հյուսիս-Հարավ» ծրագիր, այն է՝ ռազմավարական նշանակության պետական շահ: Իր հերթին, ռուսական հիմնական ստրատեգ Դուգինը Իրանը ներկայացնում է, որպես Ռուսաստանի «միութենական պետություն»: Իսկ Մոսկվան հայտարարել է, որ Միութենական պետությունը կպաշտպանի բոլոր միջոցնեոց, դրա ցանկացած հատվածի վրա հարձակումը կհամարվի հարձակում ՌԴ-ի վրա: Իսկ «բոլոր միջոցների» տակ հասկացվում է նաեւ միջուկայինը:
Այսինքն, հիմա Թրամփը կարող է ռմբակոծել Իրանը, որը, սակայն, կարող է նշանակել Մոսկվայի հետ ուղիղ բախում: Իսկ դա կձախողի մնացած բոլոր պայմանավորվածությունները: Մյուս կողմից, ինչ է պետք Թրամփին Իրանում. այս պահին ամենաքիչը, որ կարողանա աշխարհով մեկ հայտարարել, որ լուծել է իրանական միջուկային ծրագրի հարցը: Նման երաշխիք կարող է տալ միայն Մոսկվան, բայց պայմանով, որ դրանից հետո Թրամփը հեռու է մնում Իրանից՝ համարելով խնդիրները լուծված եւ զբաղվում է Մերձավոր Արեւելքի մյուս հատվածներով: Ու երբ Թրամփը հայտարարում է, որ քննարկել են Իրանի թեման, ավելին, որ այս հեռախոսազրույցը կայացավ, դրանք բոլորն ակնարկ են, որ մոտավորապես նման մի կոմպրոմիսի գոնե նախնական տարբերակ արդեն կա:
Բայց գանք մեր տարածաշրջանին: Այսպիսով, հավանակա՞ն է արդյոք Մերձավոր Արեւելքի եւ կոնկրետ Իրանի հետ կապված գոնե նախնական պայմանավորվածություններ Պուտինի եւ Թրամփի միջեւ: Ամեն բան խոսում է դրա օգտին, բայց դեռ ժամանակից առաջ չընկնենք: Սակայն, եթե ի հայտ գան նման պայմանավորվածություններ, ապա դա ենթադրում է, որ պետք է պայմանավորվեն նաեւ Ռուսաստանից Իրան տանող լոգիստիկաների հետ կապված, եւ այս դեպքում խոսքը հարավկովկասյան տարածաշրջանի մասին է:
Այն, որ Ռուսաստանի հետ վերջին ժամանակներս «քյալլա տվող» Ալիեւնը նախօրեին հաստատեց «Հյուսիս-Հարավի» հետ կապված Ռուսաստանի հետ համաձայնագիրը, իհարկե, ակնարկում է այն մասին, որ նա էլ է քաջ գիտակցում, որ Պուտին-Թրամփ գլոբալ պայմանավորվածությունների դեպքում իրեն առանձնապես խաղալու դիապազոն չի մնում: Գումարած դրան, ռուսական ազգայնական շրջանակները բառացիորեն պատերազմ են հայտարարել Ռուսաստանում ադրբեջանական խոշոր բիզնեսին, որի հիմքերում հենց Ալիեւն է կանգնած:
Այսպես, ռուս միլիարդատեր, «Ցարգրադ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Царьград ТВ»-ի հիմնադիր, նաեւ` գործնականում ողջ արեւմտյան աշխարհի պատժամիջոցների տակ գտնվող եւ ռուսական ազգայնականության կարկառուն ներկայացուցչի համարում ունեցող Կոնստանտին Մալոֆեեւը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի իշխանություններն «առանց պատերազմ հայտարարելու» արգելեցին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը իրենց երկրում։ «Ցարգրադի» քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկն, ի պատասխան, խորհուրդ է տվել կարգավորել Սադովոդի շուկան եւ ադրբեջանական այլ շահերը Մոսկվայում։ Եվ հետո Ադրբեջանից սկսեցին թռչել բացահայտ սպառնալիքները: «Պինչուկը, ով մանդատ է ստացել Ուկրաինայի Դոնեցկի մարզում անջատողական գործունեության «հաջողությունների» համար, ապագայում կարող է կիսել Հարությունյանի ճակատագիրը» (ԼՂՀ նախկին ղեկավար, ներկայումս Ադրբեջանում դատվում է)»։
Անհայտ է, թե մեր հարեւաններն ինչ մանդատ էին պատկերացնում քաղաքական գիտությունների դոկտոր, պաշտոնաթող գնդապետ, Դոնբասի կամավորների միության հիմնադիրներից, ԴԺՀ-ի հերոս, հանրապետության պետական անվտանգության առաջին նախարար, «Բարս-13» կամավորական ջոկատի հրամանատար Անդրեյ Պինչուկի համար, բայց այդ սպառնալիքները նշանակում են, որ նա հարվածել է ճիշտ կետին։ Որ այստեղ է թաքնված Կոշչեի ասեղը։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է կոտրել համապատասխան ձուն: «Ցարգրադը» հետաքննություն է սկսում Մոսկվայի երկու խոշորագույն ադրբեջանական անկլավներից՝ Սադովոդ եւ Ֆուդ Սիթի շուկաներից ֆինանսական հոսքերի վերաբերյալ: Քննչական բաժինը ցույց կտա, թե ուր են գնում ֆինանսական հոսքերը, կնշանակի՝ իրական սեփականատերերին ու հովանավորներին»։
Ինչպես Մելոֆեեւը, այնպես էլ Պինչուկը, ինչը նաեւ հուշում է նրանց զբաղեցրած դիրքը, իհարկե, պատահական մարդիկ չեն: Եվ այս նախազգուշացումը, թերեւս, Ալիեւին պետք է որ հուշի, թե ինչքան է չափերն անցել:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա, ինչպես ցույց տվեց նրա «մասնավոր» ԱԺ-ի վերջին որոշումը, դեռ շարունակում է Եվրոպա խաղալ: Ասել, թե Նիկոլը չի հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, միամտություն կլիներ: Նաեւ, որ եթե ընդամենը հաշված ամիսներ առաջ նա այն հարցն էր առաջ տանում՝ ԵՄ-ն Հայաստանին կընդունի, թե՝ ոչ, հիմա արդեն թեման բոլորովին այլ է՝ ԵՄ-ն իր ներկա տեսքով կմնա՞, որ մի բան էլ Հայաստանի հարց որոշի:
Այսինքն, որ որոշումն աբսուրդ է, պարզ է: Բայց ինչո՞ւ Նիկոլն այդ աբսուրդին գնաց, պայմաններ է ստեղծում, որ իրեն ավելի թա՞նկ ծախի: Բայց ո՞ւմ: Թրամփի թիմը ցույց տվեց, որ Նիկոլն իրենց հետաքրքիր չէ: Ֆրանսիայի այցը իր հերթին հուշեց, որ մեկը լինի, Մակրոնին առնի, ուր մնաց, թե նա Նիկոլին «տանիք» լինի: Ռուսներից կար առաջարկ, բայց այս վերջին քայլից հետո Մոսկվային նա հետաքրքի՞ր է: Երեւի արդեն` ոչ: Եթե վերջնական պայմանավորվածություն լինի Թրամփի հետ, դեպի Իրան տանող ուղին, այն է՝ Հարավային Կովկասն առանց Նիկոլի ուզել-չուզելու էլ մնում է ռուսական շահերի գոտի: