Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերով
Սպորտ
«Տրաբզոնսպորը» համաձայնության էր եկել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ «Կրասնոդարի» ու հայ ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ, այս մասին գրում է թուրքական fotospor.com-ը։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Տրաբզոնսպորը» հունվարին տրանսֆերային առաջարկ է արել ռուսական ակումբին, որը պատրաստ էր բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Տրաբզոնսպորը» 10 միլիոն եվրոյից բարձր առաջարկ էր արել՝ ներառյալ բոնուսներն ու հետագա վաճառքի տոկոսը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սպերցյանը չէր մերժել առաջարկը։ Ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ բանակցությունները առաջ էին ընթանում, և Սպերցյանը ևս դեմ չէր։ Սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը և հայկական ֆուտբոլային շրջանակները քննարկել են հարցը և համոզել Սպերցյանին հրաժարվել «Տրաբզոնսպորից», պնդելով, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա ազգային հավաքականի կարիերայի վրա: