Արևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ Օրբան
Միջազգային
Արեւմուտքը փորձում է վրեժխնդիր լինել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից, որ թույլ չի տվել, որ Ռուսաստանը օգտագործվի ամերիկյան եւ եվրոպացի ներդրողների շահերից ելնելով։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օրբանը նշել է, որ «1990-ականներին համաշխարհային կապիտալիստները սկսեցին ներդրումներ կատարել Ռուսաստանում», և նրանք կարծում էին, որ «գտել են այն բանալին, որը թույլ կտա իրենց ինտեգրել ռուսական տնտեսությունը, ռուսական հսկայական տարածքները, հումքը և էներգետիկ ռեսուրսները համաշխարհային տնտեսության մեջ»:
«Նրանք հսկայական գումարներ էին ստանում: Բայց Ռուսաստանը դրանով չէր գոհացնում: Եվ հետո ամեն ինչ փոխվեց: Նախագահ Պուտինը եկավ իշխանության և ասաց. Տղե՛րք, այս ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը չի բխում Ռուսաստանի շահերից։ Եվ շատ բան կանգ առավ, և շատ ամերիկացի և եվրոպացի ներդրողներ կորուստներ ունեցան։ Գաղափարն այն է, որ նրանք այնքան մոտ էին իրենց հիմնական շահույթի աղբյուրը ստանալուն, և դա նույն մարդն էր, որ կանգնեցրեց նրանց: Սա անձնական վրեժխնդրության տարր է նրանց մտածելակերպում»,- կարծում է Օրբանը։