Ոչ միայն ժողովուրդը, այլեւ Արեւմուտքը մերժեց Հայաստանի ամուսնությունը Եվրոպայի հետ
Մշակութային
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը եւ 12 մասնակիցներից ամենաշատ ձայներ հավաքած ՊԱՐԳԸ՝ իր Survivor երգով, կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում:
Ընդ որում՝ հաղթող երգի հեղինակներն են Թոմաս Ջիսոնը՝«Tattoo» եւ «Euphoria» եվրատեսիլյան հաղթող երգերի հեղինակը, եւ Բենջամին Ալասուն՝ հայտնի Նեմոյի «The Code» կրկին եվրատեսիլյան հաղթող երգի հեղինակը: Հաղթող երգն ու կատարողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Պարգը վաստակեց 214 միավոր:
Հատկանշական է, որ եվրատեսիլյան կուլիսներում շշուկներ էին պտտվում, որ հաղթողն արդեն իսկ նախանշված է՝ մինչեւ քվեարկությունը, եւ նա լինելու է երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ՝ իր Կամիլ կերպարով: Սա թերեւս տեղավորվում էր՝ իբրեւ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագծին Ազգային ժողովի կողմից կողմ քվեարկելու շարունակության համատեքստում: Դե այդպիսի կերպարները Արեւմուտքի քիմքին ավելի հաճո կլինեին: Բայց, արի ու տես, որ վերջնարդյունքը բոլովին այլ էր:
Չնայած նրան, որ Արսեն Գրիգորյան-Կամիլն իր ելույթի վերջում հնչեցրեց անհրաժեշտ մեսիջը. «Will you marry me Europe?» (Կամուսնանա՞ս ինձ հետ, Եվրոպա»), պատասխանը չարդարացրեց սպասումները: Հանրային հեռուստաընկերության ժյուրին տվեց ընդամենը 24 միավոր, նույն եվրոպական միջազգային ժյուրին տվեց միայն 11 միավոր, իսկ հեռուստադիտողը խայտառակ ցածր 7 միավոր: Այո՛, սա յուրատեսակ հանրաքվե էր, թե ինչպես է հայ ժողովուրդը վերաբերում Հայաստանի ամուսնությանը Եվրամիության հետ:
Նշենք, որ հաղթանակին մոտ էր մասնակիցներից ՍԻՄՈՆԸ, որն իր էպոտաժային կերպարով կարողացավ գրավել Հանրային հեռուստատեսության եւ միջազգային ժյուրիի ամենաբարձր միավորները, մինչդեռ հայ հեռուստադիտողը «չհավատաց նրա արցունքներին»: Հաջող ելույթների շարքում կարելի է առանձնանցնել նաեւ Աթենա Մանուկյանին եւ Մելս Դանիելյանին:
Դե էլ ինչ, «Եվրատեսիլ», առանց ինտրիգների, ակնհայտ էր, որ մասնակիցներից մոսկվաբնակ Ֆլորա Բիչախչյանը, ում կատարումը ոտքի էր կանգնեցրել ռուսական շոու-բիզսների շուրջ 100 դեմքերի՝ «Ну-ка, все вместе» հայտնի հեռուստանախագծի ժամանակ, Հայաստանում չգնահատվեց, ըստ արժանվույն: Արդար չէր քվեարկության արդյունքները նաեւ «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթի հաղթող Անահիտ Հակոբյանի նկատմամբ, որը «Դեպի Եվրատեսիլ» նախագծին ներկայանում էր արտերկրից ժամանած հայազգի Գասոյայի հետ:
Ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին՝ Անահիտ Ադամյանը, Գեւորգ Հարությունյանը, Միլենա Միրիջանյանը, «Սեւագիր»-ը, ALTSIGHT-ը, իսկապես, պետք է շնորհակալ լինեն Հանրային հեռուստաստեսությանն՝ իրենց այսպիսի հնարավորություն ընձեռելու եւ ճանաչելի դարձնելու համար: Ի դեպ, Հանրայինի մասին, նկատելի էր, որ համալիրում հնչյունային ռեժիսորի հետ կապված խնդիրներ կան: Սոցցանցերում նույնիսկ կատակում էին, թե նա, պարզապես, այդպես էլ տեղ չհասավ, որպեսզի միացներ տեխնիկան:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին եւ 17-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ