Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում․ Փաշինյան
Թեմա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ.
Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա եւ տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»: