ՆԱՏՕ-ում չեն բացառել, որ ԱՄՆ-ը դուրս կբերի զորախմբի մի մասը Եվրոպայից
Միջազգային
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն չի բացառել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայից դուրս կբերի իր զորքերի մի մասը, սակայն ամբողջությամբ դուրս չի գա դաշինքից։ Դրա մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չի ծրագրում լքել դաշինքը, սակայն Եվրոպայից զորախմբի մի մասի դուրսբերումը կարող է օրակարգային լինել «այն պարտավորությունների պատճառով, որոնք ԱՄՆ-ն ունի այստեղից հեռու՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։ «Սակայն ես չեմ հավատում, որ ամերիկյան զորքերի զգալի մասը կլքի Եվրոպան»,- հավելել է նա։
Կավո Դրագոնեն համաձայնել է որոշ եվրոպական կառավարությունների արտահայտած այն տեսակետների հետ, ըստ որոնց իրենք պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխության լույսի ներքո: «Կա որոշակի անհավասարակշռություն, և դրա համար մենք պետք է այն շտկենք»,- հայտարարել է իտալացի զինվորականը։
Նա «հերետիկոսություն» է որակել այն տեսակետը, թե Եվրոպան ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել սեփական պաշտպանությունը։ Կավո Դրագոնեն ընդգծել է, որ եվրոպական ռազմական ուժերը պետք է լրացնեն պաշտպանական կարողությունների բացերը, որոնք կառաջանան, երբ ամերիկյան որոշ ուժեր Եվրոպայից դուրս բերվեն։