Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ Թրամփի
Միջազգային
Եվրոպան պետք է հարձակողական դիրք գրավի իր ռազմավարական շահերը պաշտպանելու համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունները, որ իր հետ հարաբերությունները փոխվում են, և շարունակի պաշտպանել Ուկրաինային և մեծացնել նրա ռազմական բյուջեն, ասել է Ֆրանսիայի արտերկրյա գործերի նախարար Մանուել Վալսը։
«Միամտության ժամանակն անցել է. Դոնալդ Թրամփի առաջին հայտարարությունները, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի օրեր առաջ ելույթը, ամերիկյան դիվանագիտության առաջին գործողությունները Եվրոպային ավելի քան երբևէ պարտավորեցնում են արձագանքել։ Սա Եվրոպային պարտավորեցնում է շարունակել պաշտպանել և աջակցել Ուկրաինային, ավելացնել մեր ռազմական բյուջեն և հարձակողական դիրք գրավել»,- ասել է Վալսը Franceinfo ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ մի շարք եվրոպացի առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնելու վերաբերյալ, «կենսական է մեր ռազմավարական շահերի համար՝ թե՛ ֆրանսիական, թե՛ եվրոպական»։
«Հասկանալի է, որ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք մեզ պարտավորեցնում են պատասխանատվություն ստանձնել այս պատմական պահին»,- պատասխանել է Վալսը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը դեռևս Եվրոպայի դաշնակիցն է։
«Աշխարհը փոխվում է. ամերիկյան այս գերտերությունն իր ամբողջ դերն է խաղում: Այս լույսի ներքո անհրաժեշտ է պաշտպանել համաշխարհային աշխարհակարգի և Եվրոպայի որոշակի հայեցակարգեր։ Եվրոպան պատմական պահի մեջ է՝ կա՛մ կվերանա, կջնջվի պատմությունից, կա՛մ կգնա հարձակման և կսկսի պաշտպանել իր ռազմավարական շահերը պաշտպանության, դիվանագիտության և տնտեսության ոլորտներում»,- ասաց նախարարը։