Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հերթական խաղադրույքը Փաշինյանին չհաջողվի. Հայկ Դեմոյան
Ներքաղաքական
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքը Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ՝ բավական լայն քննարկումների շարժառիթ դարձավ: Շատերի պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այժմ, պարզապես, կատարում է Թուրքիայի նախագահի թելադրանքները: Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:
— Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ:
— Բովանդակային մեկնաբանություն չեմ տա, որովհետեւ դա առնվազն տխմարություն է: Եթե գիտական տեքստ լիներ, կվերլուծեի դա՝ որոշ վերապահումներով: Պատճառները շատ պարզ են: Փաշինյանն արդեն իր հանգրվանը լրացրել է: Նա հասել է մի հանգրվանի՝ Արցախը հանձնելու եւ հայաթափելու տեսքով, ու մնացել է անպատիժ: Հիմա խաղադրույքները բարձրացրել են՝ հասնելով ցեղասպանության թեմային:
Փաշինյանը օգտվում է նաեւ այն հանգամանքից, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իր թիմակիցների հանցագործությունները նույնպես մնացել են անպատիժ, որովհետեւ ունենք հանցավոր արդարադատության համակարգ՝ որպես համակարգային կոռուպցիայի մաս: Եվ այս երկու հանգրվաններից օգտվելով՝ նա հաջորդ խաղադրույքն է կատարում՝ այս անգամ Ծիծեռնակաբերդի եւ համազգային հիշողության վրա: Փորձում է հանդես գալ իբրեւ հեղափոխական, որը կարող է նաեւ ցեղասպանության թեման «դորդուբեշ» անել: Հենց այսպես էլ կարելի է ասել, որովհետեւ միայն թերուսները կարող են այդպիսի տեքստեր վերարտադրել եւ փորձել վաղուց արդեն արձանագրվածը, ինչ-որ հարցեր ուսումնասիրված եւ գիտական մշակման ենթարկվածն իր ոչ գիտական էությամբ ու կեցվածքով դնել հարցականի տակ եւ գնալ առաջ:
Այս դեպքում պետք է լինեն համազգային կանխարգելիչ քայլեր, քանի որ մտավորականության հիմնական զանգվածը վերածվել է պասիվ սպասարկուի՝ իր լռությամբ եւ ակտիվ համագործակցությամբ իշխանության հետ: ՔՊ-ական խունտայի հետ մի քիչ բարդ կլինի, բայց պետք է փորձենք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Արցախից հետո՝ հերթական խաղադրույքը չհաջողվի Փաշինյանին:
— Փաշինյանի կատարած քայլերից կարելի՞ է ենթադրել, որ վերջինս իրականացնում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու քայլեր:
— Փաշինյանի կատարած քայլը՝ ժխտողականություն է իր ամբողջ էությամբ, որը քրեորեն պատժելի է: Պետք է հենց նույն օրը արդեն հարուցվեր քրեական գործ՝ իրավապահ մարմինների կողմից՝ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, որով նախատեսվում է ազատազրկում՝ Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը հարաբերականացնելու, տեղի ունեցած մարդկության դեմ ողբերգության այդ դրվագները հարցականի տակ դնելու դեպքում: Դրա համար էլ այսօր փորձում է ամբողջ ՔՊ-ական թիմը սոցցանցերն ու մամուլը լցնել արդարացումներով:
— Իսկ ինչպե՞ս եք տեսնում Հայոց ցեղասպանության թեմայի տեղն ու դերը մեր ազգային ինքնության եւ պետական քաղաքականության մեջ, ինչպե՞ս կարող ենք առավել արդյունավետ օգտագործել այս հարցը մեր քաղաքական օրակարգում՝ թե՛ ներսում, թե՛ միջազգային հարթությունում:
— Այս պահին դրա մասին խոսելն ավելորդ է, քանի որ այսօր ամբողջ իշխանությունը եւ, նաեւ դրա մասը դարձած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2018 թվականի հայտնի եւ խայտառակ գործողություններից հետո՝ սպասարկում է նրան, որ արդեն Ցեղասպանության հարցն են դնում օրակարգ, թե՝ եղե՞լ է կամ՝ չի՞ եղել:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ