«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս15)
Վերլուծություն
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am)
2000թ. հունվարի վերջերին Դավոսի տնտեսական խորհրդաժողովում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած «Հնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար. Մետաքսի ճանապա՞րհ, թե՞ Մեծ խաղ» թեմայով բանավեճի շրջանակներում ունեցած ելույթը, որով, ինչպես ներկայացրեցինք մեր նախորդ հրապարակման մեջ, ըստ էության, միանգամայն կողմ էր արտահայտվում «Մետաքսի ճանապարհի» գաղափարին: Բայցվ արդյոք այդ պահին հնարավո՞ր էր «Մետաքի ճանապարհ ստեղծել դրա այն իմաստով, որը հետագայում չինաստանը դրեց այդ գաղափարի տակ: Թե՞ դա այդ ժամանակների պայմաններում ընդամենը դառնում էր մինչեւ Չինաստանի սահմանները հասնող ուղու, որը մեկ այլ անվանում ունի՝ «Թյուրքական միջանցք»: Կարճ ասած, Ռուսաստանի հնարավոր շարժը դեպի հարավ կանխող պատնեշ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ավելին` ամփոփելով իր մտքերը, նույն ելույթի վերջում պարոն Քոչարյանն ընդգծում է. «Ես կարծում եմ՝ այն նախագծերը, որոնք այսօր իրագործվում են, ամեն դեպքում, կհանգեցնեն նրան, որ «Մետաքսի ճանապարհը» իրականություն կդառնա: Եվ, ինչպես ինձ է թվում, անհրաժեշտ կլիներ հիմա պարզապես գործնականորեն ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, որի առաջարկը հնչեց նաեւ Ստամբուլի գագաթնաժողովում՝ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման մասին, որը, ինչպես թվում է ինձ, սառեցնելով ռազմական իրավիճակը, թույլ կտար տարածաշրջանին իրոք զարգանալ այն ուղղությամբ, որ ցանկալի կլիներ: Այսինքն, այդ զարգացման արդյունքը կլիներ տարածաշրջանի բարգավաճումը, բաժանարար գծերի բացակայությունը»:
Ռ. Քոչարյանի ելույթի այս ամփոփիչ մասը մի շարք ուշագրավ հարցադրումների եւ եզրահանգումների տեղիք է տալիս: Առաջինն այն ընդգծված տեսակետն է, որ «Մետաքսի ճանապարհի՚ իրականացումն անխուսափելի է» «իրականություն կդառնա»: Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ուղղությամբ էլ նա պետք է առաջ տաներ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Ճիշտ է, իր ելույթում Քոչարյանը նաեւ այն միտքն է առաջ տանում, որ պետք է փորձել Հարավային Կովկասով անցնելիք արեւելք-արեւմուտք հաղորդակցության ուղիները միաժամանակ պետք է համատեղել հյուսիս-հարավ առանցքի հետ: Սակայն, դա նշանակում էր՝ իրար կապել անհամատեղելին, ինչը, հազիվ թե, Քոչարյանը չգիտակցեր: Առավել եւս, որ պարոն Քոչարյանը, խոսելով «Մետաքսի ճանապարհի» ձեւավորումը հնարավորինս արագ գործնական հողի վրա դնելու իր ցանկության մասին, հիմնվում է 1999թ. նոյեմբերին Ստամբուլում կայացած ԵՎՀԿ համաժողովում ընդունված փաստաթղթերի վրա: Մինչդեռ այդ նույն համաժողովից, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, ՌԴ նախագահը հեռացել էր, լրատվամիջոցներից մեկի գնահատմամբ՝ «դուռն իր ետեւից ամուր շրխկացնելով»:
Փաստ է նաեւ, որ ՌԴ-ն այդ գագաթնաժողովի որոշումները համարում էր իր նկատմամբ թշնամանքի դրսեւորում, բացահայտ բոլորին հասկացնել տալով, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում համակերպվել դրանց հետ: Ավելին` Ելցինն այդ հարցում իր վճռականությունն ապացուցեց՝ նույն տարեւերջին հրաժարական տալով եւ իշխանությունը փոխանցելով ռուսական ազգայնամետ ուժերին` ի դեմս Վլադիմիր Պուտինի: Իսկ, ահա, վերջինս էլ մինչ մեր օրերը անհաշտ պայքար է վարում հիշատակված արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն ծրագրերի բոլոր դրսեւորումների դեմ, որի ակնառու դրվագներից էր «ՆԱԲՈՒԿԿՕ» եւ ռուսական «Հարավային հոսք» գազատարերի շուրջ երկարամյա «պատերազմները»:
Սակայն 2000թ.-ին Ռ. Քոչարյանը կարո՞ղ էր տեսնել այն անհաշտ մոտեցումները, որ Ռուսաստանն ուներ արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն գաղափարների նկատմամբ: Պետք է, որ ունենար, քանի որ ռուսների այդ անհաշտ դիրքորոշումն անձամբ է տեսել ստամբուլյան գագաթաժողովում, այնպես էլ պետք է, որ տեսներ նաեւ դրանից հետո իշխանության եկած Վ. Պուտինի մի շարք կտրուկ քայլերի մեջ: Կարո՞ղ էր ենթադրել, որ ռուսական նման կոշտության պարագայում, ԱՄՆ-ը կգնար զիջողությունների, այսինքն` կհամաձայներ աշխարհաքաղաքական այդ գլոբալ ծրագրերից ակնկալվող օգուտները կիսել Ռուսաստանի հետ. թերեւս, առնվազն միամտություն կլիներ նման ենթադրությունը, առավել եւս, որ նույն պահին Քոչարյանը համոզված էր, որ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի շահեկան են, եւ, մասնավորապես, «Մետաքսի ճանապարհը՚ իրականություն կդառնա»: Հետեւաբար եւ նույնքան միամտություն կլիներ իրականում հավատալ այն բանին, որ հարավկովկասյան տարածաշջանում հնարավոր կլինի ռուս-ամերիկյան շահերը համատեղել:
Չնայած դրան, Քոչարյանը նման առաջարկ հնչեցնում է: Ասել, թե նա միամիտ մարդ է, իհարկե, ծիծաղելի կհնչի: Ուրեմն, մնում է ենթադրել, որ ռուս-ամերիկյան շահերի համադրության եւ «տարածաշրջանային կոմպլեմենտարիզմի» գաղափար քարոզելով, նա, թերեւս, պետք է քաջ գիտակցեր դրա ուտոպիստական բնույթը: Եվ, արդյունքում, ամեն ինչ նմանվում է նրան, որ բացահայտ հավանություն տալով արեւմտյան ծրագրերին, պարոն Քոչարյանը ռուսական շահերի մասին խոսում է, այսպես ասենք, հայտարարության մեջ առկա կտրուկ հակառուսական երանգները մի փոքր մեղմելու համար:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Վերջին մտքի օգտին խոսում է մեկ այլ ուշագրավ հագամանք եւս: Ռ. Քոչարյանի խոսքում տեղ է գտել մեկ հետաքրքիր գաղափար եւս` «տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծում», «ռազմական իրավիճակի սառեցում»:
Խոսքը, բնականաբար, տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի մասին էր, այն պարզ պատճառով, որ անվտանգության համակարգ, որպես այդպիսին, 2000թ.-ին փաստացի գոյություն ուներ: Իսկ 2000թ.-ին, անվտանգության առումով, փաստացի այն նույն իրավիճակն էր, ինչը կա նաեւ այսօր: Դրա հիմնական բաղադրիչներն են տարածաշրջանային երկրների սեփական զինված ուժերը, որոնց միջոցով՝ լավ կամ վատ, ապահովում են յուրաքանչյուրն իրեն: Գումարած դրան` տարածաշրջանում կա նաեւ Ռուսաստանի ուղղակի ռազմական ներկայությունը, ինչը առանձնահատուկ երանգ է հաղորդում ողջ տարածաշրջանային իրավիճակին:
Ընդ որում, 2000թ.-ին կա ռուսական երկու ռազմաբազա` Հայաստանում եւ Վրաստանում` Ախալքալակի: Թե տարածաշրջանային նման անվտանգության համակարգը հարավկովկասյան երկրներից որի կողմից ինչպես է ընդունվում, գործնականում հայտնի փաստ է: Ընդհանուր առմամբ, պատկերն այսպես է. ժամանակին Վրաստանը դեմ էր տարածաշրջանում ռուսական զինուժի ներկայությանը, եւ դա ավարտվեց Ախալքալակի ռազմաբազան կազմալուծելու ձեւով: Ադրբեջանը եւս ակնհայտորեն չի ընդունում ռուսական զինուժի ներկայությունը, ինչն, ի վերջո, հանգեցրեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ՌԴ-ից վերցնելու պատմությանը: Բայց, ահա Հայաստանի համար ռուսական ռազմաբազան ինչպես 2000թ.-ին, այնպես էլ` ներկայումս, ունի առանձնահատուկ դեր: Թեկուզեւ այն առումով, որ պաշտպանում է հայ-թուրքական սահմանը, ինչը, խոստովանենք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի առկայության պարագայում՝ Հայաստանը պարզապես ի զորու չէ իրականացնել ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ` ֆինանսական հնարավորությունների սակավության պատճառով:
Եվ նկատենք, որ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանին մշտապես ձեռնտու է եղել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերելը: Այդ դեպքում, հասկանալի է, Հայաստանն իր ռազմական փոքր հզորությունների մի զգալի մասը պարզապես ստիպված էր լինելու ուղղել թուրքական սահմանի պաշտպանությանը, ինչը էականորեն թուլացնելու էր մեր դիրքերը հայ-ադրբեջանական հատվածում: Իսկ Ադրբեջանը, չունենալով ՙերկրորդ ճակատ՚, հնարավորություն էր ստանում շատ հանգիստ ռազմական լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը:
Մի խոսքով, ինչպես 2000թ.-ին, այնպես էլ` այսօր, գործում է տարածաշրջանային անվտանգության համակարգի հենց այն տարբերակը, որը լավագույնս է համապատասխանում հենց Հայաստանի շահերին: Եվ, ահա այդ պարագայում ի՞նչ ՙտարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման՚ մասին էր խոսում Ռ. Քոչարյանը: Ո՞ւմ էր պետք եղած համակարգը փոխելը, ինչո՞ւ:
Ադրբեջանին, միգուցե` Վրաստանին, Թուրքիային, ԱՄՆ-ին հաստատ պետք էր կովկասյան անվտանգության, ավելի կոնկրետ` ուժերի բաշխվածության նոր համակարգ, քանի որ եղած համակարգում նախ վերջին երկուսը ռազմական ներկայություն չունեին, իսկ մուտք գործելուն խանգարում էր Ռուսաստանի ներկայությունը: Այսինքն` նոր համակարգ ձեւավորելու հարցում հիշատակված երկրների շահը միանգամայն տեսանելի էր: Բայց Հայաստանի ինչի՞ն էր պետք այդ նոր համակարգը, որի՝ «գործնականորեն իրականացմանն» սկսելուն, այդքան ջանասիրաբար կոչ էր անում Ռ. Քոչարյանը:
ՔՈՉԱՐՅԱ՞ՆՆ ԷՐ ԿՐԿՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՄՏՔԵՐԸ, ԹԵ՞ ԱԼԻԵՎԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ
Թե այդ պահին եղած տարածաշրջանային անվտանգության համակարգն ինչով չէր գոհացնում Ռ. Քոչարյանին, դժվար է հասկանալ, քանի որ հենց այդ անվտանգության մոդելը, ավելի կոնկրետ` դրա բաղադրիչ հանդիսացող ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազան էր, որ մեր երկիրն ապահովագրում է թուրքական ագրեսիայից ոչ միայն մեր օրերում կամ 2000-ականների սկզբներին, այլ՝ նաեւ արցախյան պատերազմի տարիներին: Հենց այդ` ռուսական ռազմաբազայի գործոնն էր, որ 1992-1994թթ. մի քանի անգամ կանխեց արցախյան պատերազմի մեջ ներգրավվելու Թուրքիայի գործնական փորձերը եւ, արդյունքում, հնարավորություն տվեց Հայաստանին` ողջ ուժերը կենտրոնացնել ադրբեջանական ուղղությամբ եւ հաղթել պատերազմը: Ով-ով, սակայն պատերազմի ակտիվ մասնակից Ռ. Քոչարյանը պետք է, որ քաջ գիտակցեր այդ փաստը, ըստ այդմ էլ, պետք է, որ ոչ միայն պատերազմի տարիներին, այլ՝ նաեւ դրանից հետո` 2000-ականներին, մինչ օրս մնար տարածաշրջանի անվտանգության համակարգի, այսինքն` առկա ուժային փոխհարաբերությունների պահպանման ջատագովը:
Սակայն, փաստը մնում է փաստ, որ Ռ. Քոչարյանն առաջարկում էր ստեղծել նոր «տարածաշրջանային անվտանգության համակարգ» (մի պահ նագնք մեր օրերը. իսկ ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը ներկայումս- Հեղ.): Ընդ որում՝ ոչ թե միայն Դավոսում արված այդ հայտարարությամբ, այլ՝ նաեւ դրանից մի քանի ամիս առաջ` 1999թ.-ի նոյեմբերին կայացած ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում: Ավելի կոնկրետ` Ստամբուլում, ի թիվս այլ փաստաթղթերի, եղավ նաեւ նման որոշում` ստեղծել կովկասյան տարածաշրջանի ահվտանգության նոր համակարգ:
Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ նույն ստամբուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւս նույն տոնայնությամբ, որոշ դեպքերում` նույն բառերով էր խոսում կովկասյան անվտանգության նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին. «Ես կոչ եմ անում ստեղծել Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության հռչակագիր... Այն պետք է տարածաշրջանում բացառի օտարերկրյա ռազմական ներկայությունը եւ բաժանարար գծերը, կանխարգելի ագրեսիան եւ էթնիկ զտումները, անջատողականությունն ու ահաբեկչությունը... Նման հռչակագիրը կոչված է՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը, տնտեսության ծաղկմանն ու Հարավային Կովկասի դեմոկրատական հանրապետությունների համագործակցությանը...»:
Այսպիսով՝ մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ հենց Հեյդար Ալիեւին են համարում Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության համակարգի ստեղծման գաղափարի նախաձեռնողը: Սակայն, Ալիեւի այդ առաջարկի բուն իմաստն, ի վերջո, հանգում է, այսպես կոչված, «Մեծ Կովկասի» գաղափարին, որը շատ երկար պատմություն ունի: Իսկ ահա հետխորհրդային ժամանակաշրջանում առաջիններից մեկը, որ առաջարկեց միավորել Հարավային Կովկասը, թերեւս, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան էր: Հետագայում այդ գաղափարը որոշակի փոփոխություններով նկատվում է Էդուարդ Շեւարդնաձեի մոտ, ով նույնիսկ 1996թ.-ի մարտին՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ, Հեյդար Ալիեւի հետ կնքեց «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության մասին» հռչակագիր, որի հիմքը հենց այդ` միասնական Կովկասի գաղափարն էր:
Ընդհուպ մինչեւ մեր օրերում այդ գաղափարը պարբերաբար հայտնվում է շրջանառության մեջ: Ներկայումս դրա ջատագովներից մեկն է համարվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով քանիցս հայտարարել է, որ «Միասնական Կովկասն այլընտրանք չունի»: Հասկանալի է, որ Վրաստանի նախագահները Միասնական Կովկասի կենտրոնը համարում էին Թբիլիսին, Հեյդար Ալիեւը` Բաքուն:
Նկատենք նաեւ, որ գործնականում հենց այդ նույն` «Միասնական Կովկասի» գաղափարն էր, որ ներառված էր ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում: Եվ Ռ. Քոչարյանն էլ առաջարկում էր «տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ» ստեղծել հենց այդ նույն առաջարկի հիման վրա, որը «հնչեց նաեւ Ստամբուլի գագաթնաժողովում»: Ընդ որում, չմոռանանք, որ այդ առաջարկը Ստամբուլում հնչեցրեց Հեյդար Ալիեւվը: Չնայած Ռ. Քոչարյանը Ստամբուլից առաջ էլ էր պաշտոնապես արտահայտվել կովկասյան ընդհանուր անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարի օգտին: Մասնավորապես` ստամբուլյան գագաթաժողովից մոտ երկու շաբաթ առաջ` Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժան ժակ Հայարդի հետ հանդիպման ժամանակ: Նույն գաղափարը Հ. Ալիեւից զատ, դրված էր նաեւ Ստամբուլում Քոչարյանի ունեցած ելույթի հիմքում:
Դետալային առումով՝ ինչքանով էին Ալիեւի եւ Քոչարյանի առաջարկներն իրար նման, փոխլրացնող կամ տարբեր, առանձին ուսումնասիրության թեմա է: Սակայն, մեկ բան հաստատ է. երկուսի մոտ էլ կար այն գաղափարը, որ կովկասյան անվտանգության նման համակարգի ստեղծման կարեւորագույն նախապայմաններից է ղարաբաղյան խնդիրը: Բացի այդ` մինչ ստամբուլյան գագաթաժողովը երկու նախագահներն ունեցել էին մեկուկես տասնյակից ավել դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումներ, որոնց ժամանակ, հազիվ թե, կովկասյան անվտանգության համակարգի հարցը եւս մանրամասնորեն քննարկած չլինեին:
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂՈՒՄ» ԷՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻ՞Ն
Այս ամենով հանդերձ, նկատենք նաեւ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավում ամենեւին էլ միայն Ռ. Քոչայրանը չէ, որ խոսում էր «միասնական Կովկաս» գաղափարի օգտին: Այս առումով՝ կարելի է հիշեցնել այն ժամանակների ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մի շարք նմանատիպ հայտարարություններ, որոնցից մեկնարկվել է Քոչարյանի հիշատակված դավոսյան ելույթից մոտ երկու ամիս առաջ` 1999թ. դեկտեմբերի կեսերին, այսինքն` հենց այն օրերին, երբ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներն ամեն կերպ ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին համոզում էին` հավանություն տալ «Մեղրիի միջանցքի» գաղափարին: Այսպես` խոսելով այն մասին, որ չեչենական հակամարտության շարունակվելու պարագայում ռուս-ամերիկյան հարաբերությունները լրջորեն կվատթարանան, Օսկանյանը հայտարարեց, որ այդ դեպքում Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել նրանց միջեւ: Ավելի կոնկրետ, որ Երեւանը «կարող է վերանայել իր հավասարակշռված դիրքորոշումը» Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այն պարագայում, երբ Ռուսաստանը այն ժամանակ էլ համարվում էր Հայաստանի համար ռազմավարական գործընկեր եւ անվտանգության երաշխավոր, իսկ ԱՄՆ-ի հետ պաշտոնապես ունեինք պարզապես լավ հարաբերություններ, դժվար չէ հասկանալ, թե այդ «հարաբերությունների վերանայումը» ում օգտին էր լինելու: Առավել եւս, որ այդ` ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին, Օսկանյանը լուծումը տեսնում էր «Մեծ Կովկասում նոր անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտության» մեջ: Բայց, նաեւ առավել քան թափանցիկ էր այն ակնարկը, որ եթե ռուսները չդադարեցնեն չեչենական կոմպանիան, ինչպես որ պահանջում էր ԱՄՆ-ը, ապա Հայաստանն ընտրություն կկատարի ԱՄՆ-ի օգտին: Բնականաբար, դա նշանակում էր նաեւ Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերման հեռանկար, այսինքն` Կովկասյան անվտանգության նոր համակարգում այդ գործոնը հազիվ թե մնար:
Իսկ ի՞նչ էր մտածում Ռ. Քոչարյանը, ով առաջարկում է ձեւավորել Կովկասյան համագործակցության մի այնպիսի համակարգ, որը՝ մի կողմից այդքան հիշեցնում էր Ալիեւի ստամբուլյան ելույթը, մյուս կողմից էլ՝ գործնականում «Միասնական Կովկաս» գաղափարախոսության տարբերակնեից մեկն էր: Այստեղ նաեւ նկատենք, որ Քոչարյանի որոշ մտքեր բավականին նման էին այն մոտեցումներին, որոնք առկա են ամերիկյան գաղափարախոս Զբիգնեվ Բժեժինսկու հայտնի «Մեծ շախմատային խաղատախտակը» աշխատությունում: Նույնիսկ որոշ արտահայտություններ, որ Քոչարյանն արեց դավոսյան իր ելույթում, գրեթե բառացիորեն կրկնում է Բժեժինսկուն:
Այսպես` ամերիկացի ստարտեգը գրում է, որ Ադրբեջանը «դա խցանն է այն շշի, որը պարունակում է Կասպից ծովի տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարստությունները»: Քոչարյանի մոտ էլ այն միտքն է, որ Հարավային Կովկասն «ասես բերանն է մի շշի, որում լցված է խոշոր բիզնեսի համար, ընդհանրապես, միջազգային հանրակցության համար գրավիչ մի բան»:
Հասկանալի է, այս համեմատության մեջ էականը ոչ թե բառախաղն է, այլ՝ այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահը Դավոսում առաջարկում էր գործնական հողի վրա դնել այն գաղափարախոսությունը, որի անբողջական ձեւակերպումը տվել էր Բժեժինսկին, եւ որը 1990-ականների վերջերին, առավել քան երբեք, դրված էր ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության հիմքում: Այն է` Հարավային Կովկասով հասնել կասպյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի էներգետիկ եւ այլ բնական պաշարներին, դրանք նույն ուղով մղել դեպի արեւմուտք, եւ այդպիսով, ձեւավորել Թուրքիայից մինչեւ հյուսիսային Չինաստան ձգվող բաժանարար գիծ, որը՝ մի կողմից Ռուսաստանին կզրկի Իրան-Աֆղանստան տարածաշրջանով Հնդկական օվկիանոս դուրս գալու բոլոր հավակնություններից, մյուս կողմից էլ` Չինաստանին հնարավորություն չի տա՝ օգտվել Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելիք էներգետիկ ռեսուրսներից: Բժեժինսկին դա համարում էր ԱՄՆ-ի համար կենսական նշանակության խնդիր, ավելի ճիշտ` Չինաստանի հետ ունեցած գլոբալ տնտեսական պատերազմում գոյատեւելի երաշխիք:
Անցած տասնամյակում եւ մեր ժամանակներում ԱՄՆ-ին ինչքանո՞վ հաջողվեց կամ կհաջողվի իրականացնել այդ գլոբալ խնդիրը, դա հարցի մյուս կողմն է: Մեզ համար առաջնահերթը, անշուշտ, այն հարցն է, թե Հայաստանն ի՞նչ մոտեցումներ էր որդեգրել այդ «Մեծ խաղի» նկատմամբ: Եվ, պարոն Քոչարյանի այդ նույն դավոսյան ելույթը, դրանում ներառված «Ստամբուլի գագաթնաժողովում հնչած առաջարկների» հիման վրա «տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման» գաղափարը վկայում է, որ առնվազն հրապարակային հարթությունում հայաստանյան իշխանությունները «խաղում» էին ամերիկյան քաղաքականության օգտին: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում մեր երկրի «հավասարակշռված դրիքորոշումը» փոխելու մասին՝ ակնհայտորեն ռուսներին հղված, Օսկանյանի վատ թաքցրած սպառնալիքը:
(Շարունակելի)