Նկարիչ Շակարտն արվեստասերներին առաջիկայում անակնկալ է խոստանում
Մշակութային
Նկարիչ ՇԱԿԱՐՏԸ՝ Շանթ Կարապետյանը, նկարչությունից սահուն անցում կատարելով քանդակի, խոստանում է անակնկալ մատուցել արվեստասեր հասարակությանը:
Նա «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ Հայաստանում դեռ նոր ցուցահանդես չի նախատեսում, բայց փոխարենը արտասահմանում ապրող մշակութասեր հասարակությանը կներկայանա իր նոր քանդակներով:
«Առաջին աշխատանքս, որպես քանդակ, արդեն պատրաստ է, թեեւ այն փոքր-ինչ թույլ եմ համարում: Այս վերջին քանդակը, որի վրա աշխատում եմ այս պահին, իրենից ներկայացնում է միֆական կերպար, եւ կարծում եմ՝ շարքը այդպես էլ կշարունակեմ: Հիմա նկարչությունը, կարծես, երկրորդ պլան է մղվել, եւ առաջնայինը քանդակն է: Լավ ուսումնասիրում եմ քանդակի արվեստը՝ տառերից, թվերից, հիմքից սկսված ու լիովին տրվել եմ քանդակներին: Արդեն իսկ ունեմ հրապարակված հարթաքանդակ, սակայն շարունակությունը լինելու է լիարժեք քանդակներով: Հայաստանում մոտ տարիներին չեմ նախատեսում անհատական ցուցահանդես, սակայն այլ երկրներում կարող է լինել, որտեղ կներկայացնեմ իմ նկարներն ու քանդակները»,- «Իրավունք»-ին ասաց Շակարտը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
