Ի՞նչ ասես, պապանձվել կարելի է. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Էլի մեկ զոհ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք: Զարմանալի ու զարհուրելի դատական նիստ երեկ տեղի ունեցավ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: Նշանակված էր դատական նիստ , սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է: Դատավոր Ռիմա Առաքելյանը մահվան հիմքով կարճել է գործը։ Պարզվում է՝ քաղաքացի ՎԱՀԱՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ մեղադրանք էր ներկայացված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։ Ըստ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության` «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել Նիկոլ Փաշինյանի գլխին»։ Ի՞նչ ասես, պապանձվել կարելի է, ողորմի Աստված:
Ո՞ւր է առողջապահության նախարարը կամ՝ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ «покинула чат»: Ահա այսպես է վերնագրել իր գրառումը ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով եւ այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։ «Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։ Համեմատության համար՝ 2009-ին եւ 2015-2016-ին, երբ աշխարհը բախվեց H1N1 համաճարակին, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթահարեց այն բարձր մակարդակով՝ կիրառելով արդյունավետ կանխարգելիչ քայլեր։ Սա ապացուցում է, որ երկիրը հնարավոր է ճիշտ կառավարել, պարզապես այսօրվա իշխանությունը անգրագետ եւ անպատասխանատու է»,- նշում է նա եւ հավելում, որ այսօր քաղաքացին մնացել է միայնակ, պետությունը չի կատարում իր պարտականությունները, իսկ կառավարությունը բացահայտ անգործությամբ վտանգում է մարդկանց կյանքը։ Այսքանից հետո, մեզ մնում է դիմել Առողջապահության նախարարությանը եւ կրկնել Վիլյամ Սարոյանի հայտնի ստեղծագործության վերնագիրը՝ «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»:
Զարմանալի պահվածք է դրսեւորում նաեւ նիկոլական մեկ այլ նախարար՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ: Էկոնոմիկայի նախարարը ո՛չ ավել, ո՛չ պակաս հերքել էր այն պնդումը, թե ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է եւ ասել, որ արտաքին պարտքը «ընդամենը» 5,96 մլրդ դոլար է։ Թե այս ի՞նչ ֆոկուս է անում Պապոյանը, եւ ո՞վ մարեց պարտքի կեսը, հարցի հետքերով գնացել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Հարցն այն է, որ արտաքին պարտքը պետական պարտքի միայն մեկ մասն է, իսկ ամբողջ պետական պարտքը կազմում է ոչ թե նույնիսկ 12, այլ՝ 12,8 մլրդ դոլար։ Բայց կա այլ կարեւոր փաստ էլ՝ 2025 թվականի բյուջեում պետական պարտքը նախատեսված է արդեն 6159 մլրդ դրամ, այսինքն՝ դոլարի այսօրվա փոխարժեքով (397 դր/դոլար) դա կազմում է 15.5 մլրդ դոլար», -նշել է նա եւ հավելել, որ ավելի վատ բան էլ կա. պետական պարտքն աճում է ոչ միայն բացարձակ թվային արժեքով, այլեւ ՀՆԱ-ի մեջ իր բաժնով. 2025-ի համար նախատեսվում է, որ այն կկազմի համախառն ներքին արդյունքի 56.5%-ը։
Զարմացած է «Իրավունք»-ը