Դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 15 զինծառայողի գործով
Տեսանյութեր15 զինծառայողի առեղծվածային մահը շարունակում է թե մեղադրյալների, թե տուժողների համար մնալ անպատասխան բազում հարցականներով։ Կա համոզմունք, որ փորձագետների եզրակացությունըարժանահավատություն չի ներշնչում` կապված Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհված զինծառայողների մահվան պատճառի հետ: Ինչ տեսակետ ունի այս մասով մեղադրյալ Գոռ Աղեկյանի փաստաբան, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը.
- Այսօր տեղի ունեցավ Ձեր նշած գործով հերթական դատական նիստը: Ես դատավարությանը դատարանի կողմից ներգրավված անձ եմ և տեղեկատվության իմ աղբյուրը քրեական վարույթի նյութերն են ու դատարանում վկայություն տվող անձինք, բայց այս պահին ինձ համար իրականում խնդիրը ոչ այնքան փորձագիտական եզրակացություններն են, որքան դեպքի չպարզված հանգամանքները: Փորձագետը կատարում է փորձագիտական հետազոտություն և դրա հիման վրա տալիս է եզրակացություն, բայց թե իրականում ինչ է տեղի ունեցել դեպքի պահին, ով ինչ դերակատարություն է ունեցել, սա պետք է պարզվի նախաքննության ժամանակ, ինչու չէ` նաև դատարանում: Արդեն տևական ժամանակ է, որ ես այս գործի դատաքննությանը մասնակցում եմ, ունեմ դեպքի հանգամանքների վերաբերյալ ձևավորված իմ դիտանկյունը և համադրելով մինչ այս պահն ունեցած տվյալները, ես հանգել եմ այն եզրակացության, որ դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են, բայց նախքան այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրդեհը բռնկվելուց հետո որոշժամանակ եղել է «դադար», այդ դադարը ունեցել է ճակատագրական նշանակություն, քանի որ դրանից հետո ձեռնարկված քայլերը ակնհայտորեն թույլ արդյունավետություն կունենային: Դադարի պատճառի հետ կապված էլ ունեմ որոշակի արդեն ձևավորված համոզմունք, սակայն առայժմ ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, քանզի դրանում դիտավորություն պարզվելու դեպքում այդ գործի հետ կապված` մինչ այս պահը եղած վարկածը ամբողջությամբ կփլվի և մենք կունենանք լրիվ այլ պատկեր: Չեմ ուզում հանկարծ տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ բաների եմ տիրապետում, որոնց մասին միայն ես գիտեմ, այդպիսի բան չկա: Եթե նկատել եք, ես այս գործի հետ կապված երբեք «միստիկական» կամ «գերբնական» վարկածներ չեմ ներկայացրել /չնայած ամենուրեք անպատասխան հարցեր են/, միշտ ասել եմ` կա կոնկրետ մեղադրանք ու դեպքի հանգամանքների պաշտոնական վարկած, քննությունն իրականացվում է դրա շուրջ, եթե անգամ ինչ-որ նոր բան պարզվի, ապա դա լինելու է բոլորիս աչքի առաջ` դատարանում: Բայց դատարանում հետազոտված ապացույցները գնահատելու արդյունքում մեզանից յուրաքանչյուրը իր համար կատարում է դեպքի հանգամանքների, գործողությունների, իրադարձությունների վերակառուցում, վերաշարադրում:
Գոռ Աղեկյանը դեպքի վայրում չի եղել և դեպքի ականատես չի հանդիսանում, նա բավականին ծանրակշիռ անձնավորություն է, այդ պատճառով անգամ վարկածներ կամ տեսակետներ հայտնելիս մշտապես ցուցաբերում է զգուշավորություն, որպեսզի հանկարծ չհիմնավորված բառով կամ հայտարարությամբ ավելորդ չբորբոքի տուժողների հույզերը, որովհետև տուժողները նույնպես արդարության ու ճշմարտության որոնումների մեջ են և ցանկացած բառի ու մտքի մեջ ինչ-որ նոր բան են փորձում գտնել, իսկ անտեղի հայտարարությունները ավելորդ հիասթափություն են պատճառում նրանց: Գործում առկա ապացույցների հետազոտությունն ավարտելուց հետո մենք ներկայացնելու ենք նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ, վստահ եմ` դատավարության մյուս մասնակիցներն էլ կունենան այդպիսիք: Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո կներկայացնենք դեպքի հանգամանքների վերաբերյալ մեր` արդեն վերջնական ընկալումները և փաստարկները: