Համբերություն մեր ժողովրդին, այս ամենը տանելը բարդ է. Ժիրայր Դադասյան
Մշակութային
ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ
Մարտի 15-ին լրանում է 20-րդ դարի կրկեսի եւ կինոյի ամենաինքնատիպ աստղերից մեկի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան, ծաղրածու, գրող Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակը։ Նա ծնվել է 1935 թվականին Մոսկվայում եւ իր ամբողջ կյանքի՝ ընդամենը 37 տարիների ընթացքում հասցրել դառնալ սիմվոլ կրկեսային արվեստի, ծաղրածուի կերպարի, կինոյի ու գրականության հերոսի։
Ենգիբարյանը կրկեսային արվեստը բարձրացրել է՝ սահմանելով նոր չափանիշներ, նրա կատարած բարդ հնարքները, իսկական դերասանական վարպետությունը, ինչպես նաեւ ողբերգական ու կատակերգական կերպարները փայլել են ոչ միայն կրկեսում, այլեւ` կինոյում: Քչերը գիտեն, որ Ենգիբարյանը նաեւ մեծ գրող էր, որի ստեղծագործություններն աչքի էին ընկնում խոհափիլիսոփայական խորությամբ։
Նրա գրական ժառանգությունը՝ «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ» եւ «Հովանոցը», վկայում են մտածողության լրջության ու մտքի խորության մասին։ Վերջինիս ստեղծագործություններում նա ընթերցողի հետ խոսել է մարդու գոյության եւ պայքարի մասին: Այսօր, հիշելով նրա վարպետությունն ու արվեստը՝ արդյոք արժանին ենք մատուցում նրա հիշատակի առաջ եւ շարունակում նրա գործը....
«Ի՞ՆՉ ԱՍԵՄ, ԵԹԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»
Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոն՝ Հայաստանի մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ Հերթական փառատոնի ժամանակ էլ՝ 2012 թվականին, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։ Փառատոնին մասնակցում էին թատերախմբեր եւ անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Վրաստանից, Ղազախստանից եւ մի շարք այլ երկրներից, ինչպես նաեւ հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ Այն յուրահատուկ տոն էր նաեւ ծաղկաձորցիների ու երեւանյան տապից փախուստ տված երեւանցիների համար, ովքեր առանձնակի ոգեւորությամբ մասնակցում էին փառատոնին: Սակայն, փառատոնն արդեն քանի տարի է, ինչ չի կայանում: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք փառատոնի հիմնադիր, պրոդյուսեր, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:
— Տարին հոբելյանական է Լեոնիդ Ենգիբարյանի համար, պատրաստվո՞ւմ եք որեւէ կերպ նշել:
— Եթե նկատի ունեք, որ գոնե փառատոնն այս տարի իրականացվի, նման պլաններ չունեմ: Ի՞նչ ասեմ, եթե այն պետք չէ նախարարությանը, Ծաղկաձոր քաղաքին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է շահագրգռված լինեին: Եթե նախարարությունն ընդառաջեր, ֆինանսավորեր կամ ինչ-որ ձեւով աջակցեր, կանեինք, բայց հիմա արդեն ուշ է խոսել այդ մասին: Առնվազն նախորդ ամռանը պետք է իմանայի, որ այս տարվա ամռանը կարող է անցկացվել, որովհետեւ դա հսկայական ժամանակ եւ աշխատանք է պահանջում, պետք է թիմը կրկին հավաքել, միջազգային քանդված կապերը վերականգնել: Իսկ այս ամենը մշտական նամակագրությունր էր, այցեր, որոնք պահվում էին միշտ, եւ միշտ ընտրվում էին բազմաթիվ հայտերից լավագույնները, որովհետեւ մարդիկ գիտեին, հայտերն ուղարկում էին: Իսկ հիմա մի ամբողջ աշխատող մեքենա նորից պետք է գործարկել, որպեսզի կարողանաս աշխատեցնել:
— Իսկ Երեւանի մնջախաղի պետական թատրոնում որեւէ կերպ անդրադարձ կլինի՞ հոբելյանին:
— Նախորդ տարի մեր թատրոնի 50-ամյակն էր, էլի չնշեցինք: Ասել էի նախարարությունում, որ 2024 թվականին մեր թատրոնի 50- ամյակն է լրանում, գոնե թատրոնի շենքի նորոգումն ավարտեք, գոնե փառատոն անենք, մեծ ծրագիր էի գրել, թե ինչեր ենք ուզում անել… Բայց ունենք այն, ինչ ունենք:
— 50-ամյա թատրոնը գլխին տանիք չունի, եւ մեր բոլոր զրույցներն էլ, միեւնույնն է, չեն կարող շրջանցել այս հարցը…
— Դա իմ ճակատի գիրն է:
— Քաղաքում շատ արագ բազմահարկ շենքեր են կառուցվում, ի՞նչն է պատճառը, որ Մնջախաղի թատրոնի շենքն արդեն 5-6 տարի է կառուցվում է ու ավարտին չի մոտենում:
— Շենք էլ չէ, խոսքն ընդամենը մի երրորդ հարկ վերանորոգելու մասին է: Մեր տարածքը երրորդ հարկում է միայն, մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ շենք է հատկացվել մեզ: Այո՛, ճիշտ եք, շինարարությունը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից, եւ մինչեւ այսօր ի՞նչ են անում, չգիտեմ, ընդհանրապես տեղյակ չեմ, որովհետեւ ինձ հետ չեն խորհրդակցում, ինձ չեն հարցնում: Այսինքն՝ ի՞նչ խորհրդակցեն, մեկ է, չեն աշխատում, ոչ մի բան չի արվում, տեսնում ենք էլի:
— Փաստորեն, այսօր նույնիսկ չեք էլ կարող նախանշե՞լ, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները, որպեսզի արդեն իսկ այս տարվա համար համապատասխան ստեղծագործական ծրագրեր կազմեիք:
— Դա անհնար է, եթե նույնիսկ ավարտեն այս տարվա ընթացքում, էլի հնարավոր չի լինի անմիջապես անցնել ստեղծագործական աշխատանքի այնտեղ: Դեռ լուսաձայնային ամբողջ տեխնիկայի հարց պետք է լուծվի, տենդերներ պետք է հայտարարվեն, սա հսկայական աշխատանք է: Այդ ամենը այդպես հեշտ չէ, արագ չի կարող լինել: Բայց գոնե որ ավարտեն, հույս կունենանք, որ մյուս տարի հնարավոր կլինի ինչ-որ ծրագրեր կազմել: Հիմա, երբ խոսում ենք թատրոնի մասին, ես միշտ երկու տարվա կտրվածքով եմ նայում առաջ: Այսինքն՝ եթե հիմա սկսեն իսկապես աշխատել, երկու տարի հետո կունենանք, ես այդպես եմ մտածում: Նույնը եղավ նաեւ Համազգային թատրոնի դեպքում, երկար ժամանակ էր գումարն էլ կար, տենդերն էլ կար, բայց ժամանակատար աշխատանք է այդ ամենը՝ մինչեւ կամաց-կամաց կտեղափոխվեն նոր շենք: Այս ամենը մեզ համար շատ դժվար է: Մենք ստիպված ավելի շատ դրսում ենք խաղում՝ հյուրախաղեր, փառատոներ: Վերջերս եղանք Թիֆլիսում, Իրանում, Ռուսաստանում: Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում էինք ներկայացումներ անում, բայց արդեն մի տարի է դուրս ենք եկել այնտեղից, մեզ ասացին` վերանորոգում ենք սկսում, մենք դուրս եկանք, վերանորոգում դեռ չեն սկսել:
— Իսկ հիմա որտե՞ղ են տեղի ունենում Մնջախաղի թատրոնի ներկայացումները:
— Ռուսական թատրոնի հետ պայմանավորվեցինք, որ գոնե ամսական մի օր մեզ բեմ տրամադրեն՝ մշտապես ներկայացում խաղալու համար: Ֆիքսված մի օր ունենք ամսվա մեջ: Ուղղակի ընկերական տրամադրում են:
«ՈՉԻՆՉ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԼ, Ո՛Չ ՄԻ ԲԱՆ, ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵԼ ԳՈՆԵ ԵՂԱԾԸ ՊԱՀՊԱՆԵԼ»
— Ի դեպ, ստեղծագործական պայմաններ չունենալով հանդերձ՝ թատրոնում նոր ներկայացումների պակաս չկա: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այս առումով նախորդ տարին մեր թատրոնի համար շատ բարեբեր էր: Մենք նախարարության ֆինանսավորմամբ բեմադրեցինք երկու ներկայացում: Մեկն իմ բեմադրությունն է, որն իրականացվեց Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում՝ Փարաջանովի թանգարանի բակում, որը շատ հարմար էր: Մենք միշտ խաղալու ենք այնտեղ, երբ եղանակը թույլ տա: Քանի որ տեղ չունենք խաղալու, գոնե այդ մի ներկայացումը հաստատ միշտ կարող ենք այնտեղ խաղալ: Ի դեպ, Փարաջանովի ծննդյան օրը Թիֆլիսում էլ խաղացինք այն, ընդ որում՝ շատ հետաքրքիր մի վայրում՝ իրենց Հանդիսությունների պալատում: Երկրորդ ներկայացումը, որն ինձ համար շատ կարեւոր է, «Ուրվականների սոնատն» է՝ ըստ Յուհան Ավգուստ Ստրինդբերգի համանուն պիեսի: Բեմադրել է մեր թատրոնի դերասանուհի Ինա Հախնազարյանը, որը նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում իմ ասիստենտն է: Նա իմ կուրսն ավարտած ուսանողների հետ բեմադրեց փայլուն ներկայացում: Անպայման դիտեք եւ կպատկերացնեք, թե ուր է գնում Մնջախաղի թատրոնը, եւ եկող սերունդն ինչ է անելու: Փայլուն նոր սերունդ ունենք:
— Այսօր ի՞նչ է պետք ամենակարեւորը անել թատրոնում եւ ընդհանրապես մշակույթում: Որո՞նք են գլխավոր մարտահրավերները:
— Կարծում եմ՝ ոչինչ չպետք է անել, ո՛չ մի բան, պետք է փորձել գոնե եղածը պահպանել, մինչեւ կգան մշակույթի համար նպաստավոր ժամանակներ: Այս հետընթացը, ավերը, որը կա շատ ասպարեզներում, վտանգավոր է, հիմա իմ խնդիրը պահպանելն է այն, ինչը գոնե կա:
— Հաջողվո՞ւմ է:
— Այնքանով, որքանով: Ամեն դեպքում, մեր ժողովրդին համբերություն եմ մաղթում: Համբերություն եւ կրկին համբերություն, որովհետեւ այս ամենը տանելը բարդ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ