«ՍԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԻՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, վերջերս Հայաստանի երիտասարդների և մեծահասակների առաջնությունների հաղթող ԱԼԻՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Երիտասարդների կազմում պոկում վարժությանը 75 կգ, հրումի 80 կգ եմ կատարել ու հաղթել։ Իսկ մեծահասակների պայքարում պոկումում 80 կգ, իսկ հրումում 86 կգ եմ կատարել ։ Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից, թեև 9 տարեկանից երազել եմ։ 13-ից նոր թույլ տվեցին ծնողներս, հիմա արդեն 19 տարեկան եմ։Անձնական մարզիչս Գառնիկ Աբրահամյանն է։ Հարազատներս, բնական է, սկզբից դեմ էին, ասում էին աղջիկ ես ու ընտրել ես այդքան դժվար, ծանր մարզաձև, որևէ կերպ չէին ուզում համակերպվել։ Սակայն, տեսնելով իմ նվաճումները, սկսեցին ինձ ոգևորել և այժմ իմ կողքին են։ 2023-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալակիր եմ դարձել, պոկում վարժությամբ 85 կգ, հրումի 100 կգ, երկամարտի 185 կգ արդյունքով երրորդ տեղը գրավեցի։ Սա շատ երկար սպասված նվաճում էր ինձ համար։ Այժմ մեջքի հետ կապված վնասվածք ունեմ, պիտի ապաքինվեմ ու պատրաստվեմ արդեն Եվրոպայի առաջնությանը։
- Շնորհակալություն, Ալինա, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



