Որն է Նիկոլի վերջին հույսն ու հանգրվանը
Վերլուծություն
Նախորդ շաբաթ Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնացել:
Բայրամովը նաեւ հայտարարել է, թե հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները: Այդ կառույցը նա որակել է հնացած եւ ոչ ֆունկցիոնալ: Իսկ Հայաստանի արտգործնախարարությունը վերահաստատել է՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Ինչ է այս ամենը նշանակում, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ընդգծում է. «Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կորցրել է ինքնիշխանությունը եւ ենթարկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին: Այսինքն՝ մենք արդեն դարձել ենք Ադրբեջանի մաս եւ այն, որ Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», Նիկոլի եւ իր դավաճան խմբակի ջանքերով՝ այդպես էլ եղավ: Հայաստանն, ըստ էության, ընդունում է Ադրբեջանի ղեկավարության բոլոր հանձնարարականները, ճշգրտորեն դրանք կատարում է եւ գործում է ի շահ Ադրբեջանի»:
Այսպիսով՝ Նիկոլի վերջին հույսն ու հանգրվանը մնացել է Ադրբեջանն ու Թուրքիան: Նա տեսավ, որ փլուզվում է աշխարհի այն ձեւը, որի շնորհիվ նա գլոբալիստների միջոցով, USAID-ի եւ Սորոսի ջանքերով զավթեց իշխանությունը: Նրա այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ այնտեղ իրեն ոչ ոք չի սպասում՝ որպես երկրի ղեկավար, փորձեց իրեն նետել Եվրոպայի գիրկը, այնտեղ էլ հասկացրին, թե՝ տղա ջան, մեր գլուխն այնքան խառն է, որ քո հավեսը չունենք, քո ժամանակը՝ եւս, ոչ էլ փող ունենք քո վրա ծախսելու: Իսկ Ռուսաստանում նա վաղուց անընդունելի է: Նիկոլի համար այլեւս ակնհայտ է, որ հենց կորցրեց իշխանությունը, երկար չի կարող մնալ Հայաստանում, իսկ բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, այլ տեղ գնալու հնարավորություն չունի: Ուստի՝ նրան էլ ոչինչ չի մնում, քան հլու-հնազանդ կատարել Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի կարգադրությունները: Սա է ամբողջ խնդիրը, որի մեջ հայտնվել է նա եւ, դժբախտաբար, դրա ողջ հետեւանքները կրում ենք ազգովի:
ԱՆԳԼՈ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ Է ԶՈՀԻ ԴԵՐԸ
Եվ մինչ Հայաստանում իշխանությունը ցնծում է, թե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» այլեւս սարերի հետեւում չէ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է. «Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի: Բաքվին փաստաթղթեր են պետք»։
Ինչ խոսք, այն, որ Նիկոլին կարելի է համարել համաշխարհային սուտասան, գոնե հայ հանրության համար նորություն չէ, որովհետեւ իր մինչ իշխանության հասնելը եւ իշխանություն զավթելուց հետո արված հայտարարություններն ուղղակի հակասում են մեկը մյուսին: Սակայն, Ալիեւը ասածն այն մասին է, որՆիկոլի «շտամպովկա» արած գրավոր ու բանավոր «ղազագրերն» իրենց չեն բավարարում: Եկել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի կատարման ժամանակը: Այսինքն՝ Ալիեւը Նիկոլից պահանջում է գրել ինքնահռչակ Արեւմտյան Ադրբեջանի ինքնավար մարզի Սահմանադրություն, ընդ որում՝ շուտափույթ:
Եթե սա էլ կյանքի կոչվի, ուրեմն՝ Հայաստանը նաեւ դե յուրե այլեւս գոյություն չի ունենա՝ ոչ միայն որպես միջազգային քաղաքական, իրավունքի սուբյեկտ, այլ անգամ որպես տարածաշրջանային ռազմական սուբյեկտ: Ինչպես Հ. Բաբուխանյանն է բնորոշում. «Կա ընդամենը մի պետության փլատակների վրա իշխող Նիկոլի թայֆա, որն այդ փլատակներն էլ, պարզապես, հանձնում է թուրքին: Նիկոլը դարձել է վիլայեթի ադմինիստրատոր: Ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ անկախություն, ի՞նչ սուվերենություն: Դրանք այն լոզունգներն են, որոնցով Նիկոլն ուզում էր ոչնչացնել հայ-ռուսական բարեկամությունը, որպեսզի Հայաստանը հանկարծ չմնա սուվերեն պետություն, չունենա բանակ, չունենա պաշտպանական համակարգ, չունենա Արցախ անունով Հայաստանի մարզ»:
Բաբուխանյանի գնահատմամբ՝ սա թուրքական ծրագիր է, իսկ Թուրքիայի թիկունքում, ինչպես հայտնի է կանգնած են Անգլիայի համապատասխան ծառայությունները: Այսինքն՝ ստացվում է, որ սա անգլո-թուրքական գլոբալիստական ծրագիր է, որի մեջ Հայաստանին հատկացված է զոհի դերը: Իսկ այդ զոհաբերությունն արդեն տեղի է ունեցել: Հիմա մենք, ուղղակի, իներցիայով շարունակում են տեսնել ու արձանագրել ողջ իրողությունն՝ իր հետեւանքներով հանդերձ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՄՆԱՑԵԼ Է ԵՐԻՏ«ՀԱՅԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆ
Իսկ իրողությունն այն է, որ արդեն Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան թուրք լրագրողների հարցադրումների՝ ասում է. «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»: Նա Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը անվանել է պատմական կոնֆրոնտացիա, որը խանգարում է իրեն Թուրքիայի հետ խաղաղ համագործակցել։
Ի դեպ, նախ նկատենք, որ Նիկոլն անթաքույց ջերմ մթնոլորտում ընդունեց թուրք լրագրողներին, քանի որ սկզբունքային հայ լրագրողների հետ չի կարող նման ձեւաչափով հանդիպում ունենալ: Այնպես որ, թուրք լրագրողների հետ հանդիպումը լրիվ փոխըմբռման տիրույթում էր: Դե իր համար գուցե հարազատ մթնոլորտ էր, դրա համար էլ այդքան հանգիստ էր ու հավասարակշռված: Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձն Ամանորին չհրապարակող, իսկ թուրք լրագրողների հետ Նիկոլի հանդիպումը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությանը, դեռ պետք է ճշտել՝ ո՞ր հանրության շահերն է ներկայացնում: Համենայնդեպս, նման է, որ ավելի շատ թուրք հանրության, որովհետեւ Հանրայինի եթերով ավելի շատ հնչում է Թուրքիայի հանրության մեջ տարածված մտքերը, գաղափարներն ու նպատակները:
Վերադառնանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլի արտահայտած մտքերին՝ հիշեցնելով, որ ՀՀ Անկախության հռչակագիրը պետական փաստաթուղթ է, որը պարտադիր է կատարման համար: Եվ ահա հռչակագրի համահեղինակներից Հայկ Բաբուխանյանը շեշտում է. «ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հիմա Նիկոլն ինչ հայտարարել է եւ ինչը ցուցադրվել է իբր Հայաստանի, իբր Հանրային, իբր հեռուստատեսության եթերում, դա թուրքական պետության եւ թուրք հանրության տեսակետն է: Եթե Հայաստանի Հանրապետությունը չկատարեր, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» ֆունկցիան, Գլխավոր դատախազությունն անմիջապես պետք է գործ հարուցեր եւ Նիկոլին՝ թուրքերի հետ հանդիպումից հետո, պետք է շղթաներով կապեին ու տանեին բանտ՝ ասելով, որ դու խախտել ես ՀՀ Սահմանադրությունը, Անկախության մասին հռչակագիրը: Իսկ սա պետական հանցագործություն է: Սրանով դու մի կողմ ես դրել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը եւ կատարել ես պետական հեղաշրջում»:
Հայկ Բաբուխանյանի մեջբերած կետը հատկանշական է նաեւ նրանով, որ այնտեղ կա «Արեւմտյան Հայաստան» ձեւակերպումը: Այսինքն՝ երբ Նիկոլը թուրք լրագրողներին ասում է, թե իր ընկալմամբ՝ Արեւմտյան Հայաստանը ՀՀ Արմավիրի մարզն է, այս մարզի եւ Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրերը, առնվազն կա՛մ երազում է տեսել, կա՛մ Ալիեւն է զանգել, կա՛մ միգուցե Էրդողանի քարտուղարուհու վարորդն է զանգել ասել, որ սրանից հետո կասես, թե Արեւմտյան Հայաստանը Արմավիրի ու Շիրակի մարզերի բնակավայրերն են:
«Կա ՀՀ օրենսդրություն, որտեղ ֆիքսված է «Արեւմտյան Հայաստան» տերմինը, եւ բոլորը հասկանում են, թե որ տարածքների մասին է խոսքը: Մինչդեռ Նիկոլը եւ նրան սպասարկող թայֆան, որին թուրք-անգլիական հատուկ ծառայությունները կազմակերպված ծրագրով բերեցին եւ դրեցին հայ ժողովրդի գլխին՝ իբրեւ իշխանություն, այսօր խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Դրա համար հիմա Ալիեւն ու Էրդողանն ասում են, թե պետք է փոխել այդ Սահմանադրությունը: Սակայն, մինչեւ չփոխվի, սա՛ է հիմքը մեր պետության գոյության: Եթե սա չի գործում, ուրեմն՝ պետություն չկա: Եթե չի գործում Հայաստանի Անկախության հռչակագիրը, ուրեմն՝ Հայաստանն անկախություն չունի: Կան ընդամենը հանցագործներ, որոնք զավթել են իշխանությունը մեր աչքի առաջ», - շեշտում է ՍԻՄ կուսակցության նախագահը:
Նկատենք նաեւ, որ նույն Անկախության հռչակագրի 12-րդ կետն ասում է, որ սույն հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման: Այսինքն՝ նոր Սահմանադրությունը պետք է մշակվի` էլի հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Փաստորեն, ստացվում է, որ եթե նոր Սահմանադրություն պետք է մշակեն, այն՝ առանց Անկախության հռչակագրի՝ ի սկզբանե լինելու է հակաօրինական, ինչպես Նիկոլի իշխանությունն է: Այս առումով Հ. Բաբուխանյանը համոզված է, որ սկսած 2018 թվականից մինչեւ օրս Նիկոլի բոլոր որոշումներն ապօրինի են, եւ երբ Հայաստանում կգա ազգային իշխանություն, այդ որոշումներն առաջին իսկ օրվանից մինչեւ վերջին օրը երբ նա հայ ժողովրդի համար դժբախտություն կունենա մնալ այդ պաշտոնին, իր ստորագրած որոշումները, ՔՊ-ականների ընդունած օրենքները, բոլորն անմիջապես պետք է հայտարարվեն առոչինչ, որովհետեւ դրանք ապօրինի կերպով են ընդունվել եւ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ ընդհանրապես հայ ժողովրդի իղձերին եւ նպատակներին, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում եւ ՀՀ Սահմանադրությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ