ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ
Վերլուծություն
Վերջին օրերին կտրուկ ակտիվացել է հայ-ադրբեջանական սահմանային կրակոցների թեման: Այն է, Ադրբեջանը հետեւողականորեն խոսում է տարբեր ուղղություններում հայկական կողմի իրականացրած կրակոցների մասին, ՀՀ ՊՆ-ն նույն հետեւողականությամբ հերքում է այդ հայտարարությունները: Իսկ եվրադիտորդները պնդում են, թե որեւէ արտառոց միջադեպ այս օրերին տեղի չի ունեցել:
ՀԻՄԱ ՈՐՆ Է ԲԱՔՎԻ ՈՒԶԱԾԸ
Իրականում եղե՞լ են կրակոցներ: Միգուցե ինչ-որ քեֆովցած ՄՈԲ-ական, «ծովը ծնկներից» վիճակում, մեկ-երկու կրակոց է արձակել, միգուցե նման հայտարարությունները ծայրից ծայր հորինվածքներ են. դա չէ ամենաէականը: Այլ այն, որ անկախ այդ կրակոցների լինել-չլինելուց, թեման սկսում է դառնալ քաղաքական գործոն: Նկատի ունենք հետեւյալը:
Այս թեման ներհայաստանյան հարթությունում այն թեզն է ակտիվացնում, թե հնարավոր է, որ Ադրբեջանն այդպիսով նոր պատերազմ է փորձում սանձազերծել եւ դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում: «Բացատրություն» էլ կա՝ Ալիեւը ոչ մի դեպքում չի ուզում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Իսկ այդ տրամաբանությունը, նկատենք, միանգամայն համապատասխանում է Նիկոլի նկրտումներին եւ ներկա քարոզներին: Այսինքն, եթե Ալիեւը համառորեն չի ուզում ստորագրել, ցանկանում է նար պատերազմ սարքել, ուրեմն մարդկանց ենթագիտակցության մեջ այն թեզն է զարգանալու, որ այդ փաստաթուղթը միանգամայն ձեռնտու է Հայաստանին: Եվ վերջում էլ, եթե հանկարծ ստորագրվի, պատկերացնո՞ւմ եք, թե դա Նիկոլի համար ինչ հարուստ քարոզչական դաշտ է բացում, թե` բա տեսաք, Ալիեւը համառորեն չէր ուզում, բայց կարողացանք պարտադրել, որ ստորագրի: Ավելին, Նիկոլին միանգամայն ձեռնտու է նաեւ այս թեմայի երկրորդ ծայրագույն կետը: Այսինքն, եթե ենթադրենք, որ այս թեմայով Ալիեւը փորձում է ապագա նոր պատերազմի համար հող նախապատրաստել, եւ նման պատերազմն անխուսափելի է, ապա դա անում է Նիկոլի համար ամենաձեռնտու տարբերակով: Այն է, նախ ինքն է հայտարարում, որ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են ու հետո կասկածելի հայտարարություններով, թե սահմանին մի քանի կրակոց է եղել, պատերազմ է սկսում: Բնական է, որ նման իրավիճակում Նիկոլի արտաքին դիրքերը միանգամից ամրանում են, իսկ Ալիեւը հայտնվելու է բավականին խոցելի վիճակում:
Չէ, այս երկրորդ տարբերակը մի տեսակ «խախուտ» տեսք ունի: Այսինքն, եթե անգամ ընդունենք, որ Ալիեւի համար մի վերջին «հնարավորությունների պատուհան», կամ, ավելի ճիշտ, մի վերջին «հնարավորությունների կիսաբաց պատուհան» կա ռազմական միջոցներով Սյունիքի խնդիրը լուծելու համար, մեկ է, նա իսկական հիմար պետք է լիներ, որ դրա համար հիմք դարձներ սահմանային մի քանի կրակոցի թեման, այն էլ՝ կանխավ ընդունելով, որ «խաղաղության պայմանագիրը» պատրաստ է ստորագրման: Չմոռանանք, այդ հայտարարությունը հասցրել են ողջունել գործնականում բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հիմնական ուժերը: Ավելին, անգամ այն հակադիր բեւեռները (ասենք՝ Ռուսաստան եւ լիբերալ Եվրոպա), որ բոլոր հարցերում իրար դեմ են խոսում, հայ-ադրբեջանական այդ «խաղաղության պայմանագրի» հարցում նույն դրական վերաբերմունքն են հայտնել: Այսինքն, այդ փաստաթուղթը լավն է, թե` վատը, Հայաստանին կամ Ադրբեջանին իրականում ձեռնտու է, թե՝ ոչ, ուզում ենք, թե չենք ուզում, կամա թե ակամա, բայց դարձել է աշխարհի մասշտաբով այն բացառիկ, եթե ոչ միակ կետը, որի շուրջ գոնե հրապարակային դաշտում կա գլոբալ կոմպրոմիսային վիճակ: Եվ անգամ, եթե ընդունենք, որ կան մեկ-երկու ուժեր, երկրներ, որոնց համար հայ-ադրբեջանական ցանկացած տեսքով պայմանագիր անընդունելի է, ստիպված են ենթարկվել այդ ընդհանուր դինամիկային եւ գոնե ձայն չհանել: Այսինքն, գործընթացը, նաեւ միգուցե պատահականորեն ի հայտ եկած այդ բացառիկության շնորհիվ, արդեն այն գլոբալ ուշադրության կենտրոնում է հայտնվել, որ մեկ-երկու կրակոցի, այն էլ՝ չհաստատված կրակոցի արդյունքում դրան 180 աստիճանով հակառակ ընթացքը տալը՝ պայմանագիր ստորագրելու փոխարեն պատերազմ սկսելը Ալիեւը դժվար թե կարողանա մարսել: Առավել եւս, որ առանցքային ուժերից ինչպես Ռուսաստանը (որի աշխարհաքաղաքական դիրքերը կտրուկ աճել են եւ որի դիրքորոշումը կովկասյան, այստեղից՝ իրանական ուղղությամբ Բաքվում լավ գիտակցում են), այնպես էլ ԱՄՆ-ն, նաեւ տարածաշրջանային ուժերից Իրանը միանշանակ ցույց տվեցին, որ այս պահին իրենց համար միանգամայն անցանկալի է պատերազմական եւս մեկ օջախի, այն էլ՝ անկանխատեսելի օջախի ի հայտ գալը: Եվ նույնիսկ այն լուրը, որը ռուսները դժկամորեն ընդունեցին, թե ամերիկացիները պատրաստվում են ամռան վերջերին ինչ-որ ռազմական տեխնիկա բերել Հայաստան եւ տանել, Ալիեւը կարող է նաեւ իրեն ուղղված եւս մեկ զգուշացում համարել: ԱՄՆ-ն դրանով ցույց է տալիս, որ Հայաստանում ունի ռազմական նշանակության (թեկուզեւ՝ ուսումնական) որոշակի ծրագրեր, եւ Ալիեւն իր պատերազմով դրանց կխանգարի:
Այսպիսով, Ալիեւն այդքան միամի՞տն է, որ իր համար ակնհայտորեն ոչ շահավետ այս ընդհանրական իրավիճակում նոր պատերազմ սկսի, ինչքան էլ որ «կիսաբաց լուսամուտ» է տեսնում. համարենք քիչ հավանական տարբերակ: Առավել եւս, որ այդ «կիսաբաց լուսամուտն» էլ ցանկացած պահի կարող է փակվել, այդ թվում՝ Պուտին-Թրամփ ներկա շփումների արդյունքում:
ՆՄԱՆ Է ՀԻՆ ԽԱՂԻՆ
Բայց վերադառնանք առաջին տարբերակին: Այսինքն, որ այս «սահմանային կրակոցների թեման» միանգամայն ձեռնտու է Նիկոլին:
Նախ, թեեւ նրա թիմակիցները փորձում են միանգամայն ոգեւորիչ երանգներով ներկայացնել «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը, սակայն բոլորն են մեկ պարզ փաստ գիտակցում: Այն է, եթե այդ փաստաթուղթն այդքան լավը լիներ, ապա դա Հայաստանի բնակչության թիկունքում չէր սարքվի: Ավելի կոնկրետ, հիմնական ընկալումը հանրության մոտ այն է, որ այդ փաստաթղթով Նիկոլն Ալիեւին տալիս է այն ամենը, ինչը նա պահանջում էր: Ըստ այդմ էլ, այն թացքնում են ժողովրդից, եւ հետո պարզապես փաստի առաջ կկանգնեցնեն: Կարճ ասած, ինչպես Բագրատ սրբազանն արտահայտվեց. «Հիմա ասում եմ, ստախո´ս, փաստաթուղթը հրապարակի։ Եվ, ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»:
Սրբազանի խոսքի երկրորդ հատվածը պետք է որ Նիկոլին մտածելու առիթ տա: Այսինքն, հնարավոր չէ այդ փաստաթուղթը հավերժ գաղտնի պահել: Իսկ ստորագրելու եւ ապա հրապարակելու դեպքում լուրջ խնդիրներից խուսափելն անհնար է: Հաշվի առնելով, որ ստորագրման պահից սկսած կտրուկ ակտիվանալու են այն արտաքին եւ ներքին ուժերը, որոնք սպասում են, որ այդ ստորագրումն իրականացվի Նիկոլի ձեռքով, որից հետո նրան հեռացնելը մտնում է առաջին պլան:
Այդ հնարավոր զարգացումներից խուսափելու մեկ տարբերակ կա: Այն է, Հայաստանի բնակչության հնարավորինս մեծ զանգված գա այն մտքին, որ եթե անգամ նման պայմանագիրը Հայաստանին ձեռնտու չէ, ապա, մեկ է, դա չարյաց փոքրագույնն է, եւ ստիպված ենք հաշտվել: Այսինքն, պետք է միացնել այն սցենարը, որին Նիկոլը բացահայտ գնաց անցած տարի՝ Տավուշում հողեր տալու ժամանակ: Այն է՝ եթե չանենք, ապա այլընտրանքը պատերազմն է: Այս դեպքում էլ՝ եթե չստորագրենք, այլընտրանքը պատերազմն է: Մոտ մեկ տարի առաջ նորից նույն պատմությունն էր: Ադրբեջանն էլի աղմկում էր, թե հայերը սահմանին կրակում են, որը ներկայիս հետեւողականությամբ հերքվում էր: Նիկոլն էլ ոսկեպարցիներին համոզում էր՝ եթե չանենք, հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ լինի: Հիմա էլ կրակոցների թեման էլի առաջին պլանում է, ներքին քարոզչական դաշտը հարմարեցվում է դրան, եւ պակասում է Նիկոլը՝ եթե չստորագրենք, հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ լինի: