Տարածաշրջանային պարտվածները
Վերլուծություն
Ֆուտբոլը քաղաքական կոմունիկացիա է։ Նաեւ քաղաքական ինքնության ամրապնդման, իսկ երբեմն` ձեւավորման գործիք։ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումները Երեւանում եւ Թիֆլիսում՝ ընդհանուր 9:1 հաշվով՝ հօգուտ վրացիների, փայլուն հոգեբանական օպերացիա էր՝ ուղղված Հայաստանի ու հայի տարածաշրջանային իզոլացմանը։ Այս մասին նշում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը, ում հետ դժվար է չհամաձայնել:
Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի փետրվարի 20-ին ընդգծում էր, թե սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն եւ բարձրագոչ հայտարարում էր, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, որովհետեւ «սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլեւ տնտեսական հարց է»: Եվ ահա տեսնում ենք արդյունքը, ինչպես մնացյալ բոլոր ոլորտներում ունենք ոչ թե հետընթաց, այլ ուղղակի աննախադեպ խայտառակ վիճակ: Իհարկե, հեռու չէ Նիկոլ Փաշինյանից, որ հիմա էլ ասի, թե՝ հայկական ֆուտբոլը երբեք այսքան անկախ ու ինքնիշխան չի եղել: Իսկ իր կողակից Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» շարժումը սահուն քայլերով վերածվի «պարտվելը նորաձեւ է» արշավի:
Ինչպես ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանն է ընդգծում, սա իրականում «իրական Հայաստանի» հաշիվն է աշխարհի հետ: Եվ այս ֆոնին հայ ֆուտբոլասերները հենց վրաստանյան ստադիոնում պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականն ու կոչ էին անում ազգային հավաքականի ֆուտբոլիստներին. «Ախպերնե՜ր, մի լռեք, խոսացե՛ք»: Կխոսե՞ն, թե՞ կհամակերպվեն, սրա պատասխանը տվել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը. «Դուք Արցախի կորստի հետ եք համակերպվել, 6-1 պարտությունն ի՞նչ է, չհամակերպվեք»:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ու այս մարդիկ դեռ հավակնում են Գյումրիի ավագանու մարտի 30-ին կայանալիք ընտրություններին վերահաստատել իրենց իշխանությունը ու համոզել արտաքին աշխարհին ու ներքաղաքական դաշտին, թե դեռ վարկանիշ ունեն: Ընդ որում, հատկանշական է, որ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գյումրու քաղաքապետի թեկնածու Նիկոլի Սարիկն ասում է, թե իր հիմնական մրցակիցը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Այո՛, 2018-ին «քայլ արա, մերժիր Սերժին» ճվացող եւ մինչեւ օրս էլ Սերժ Սարգսյան մերժող Վարդանիկը, թերեւս իշխանության ամենահարմար ընդդիմությունն է:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատում է, որ սրանով Սարիկ Մինասյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին ակնհայտորեն ուղղորդում է ընտրել Վարդան Ղուկասյանին։
«Նույնը նաեւ նիկոլական քարոզչությունն է անում։ Տարատեսակ civic-ներով «հարցումներ» են դաշտ նետում՝ մարդկանց փորձելով համոզել, որ Նիկոլի Սարիկի հետ միայն Ղուկասյանը կարող է մրցել։ Ժողովրդական լեզվով ասած՝ ՔՊ-ն ակնհայտորեն «չաղացնում է» Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու։ Հարմար մրցակից են ընտրել, որի «չաղացնելուն» հետեւող պրոցեսի նախապատրաստական աշխատանքները, վստահ եմ, արդեն ակտիվ տարվում են տարբեր կառույցների կաբինետներում։ Ղուկասյանին էլ, ակնհայտորեն դուր է գալիս դա։ Կանգնել եւ հայտարարում է. «Սարիկը լավ տղա է հոգեպես։ Ես իրան ճանաչում եմ, էլի։ Գիտեմ, որոշակի գիտեմ՝ վատ տղա չէ։ Շատ շնորհքով, չափի մեջ, մեծ ու պզտիկ հարգող տղա է, դուրս գալիս է»… Չգիտեմ ինչու, բայց երբ հետեւում եմ Նիկոլի Սարիկ-Վարդան Ղուկասյան այս «սիրախաղին» (ներողություն, եթե սխալ բառ եմ օգտագործում), богомол-ներին եմ հիշում։ Այս միջատի հայերեն անունը չգիտեմ։ Բայց վստահ եմ` շատերը գիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում богомол-ի որձին՝ էգի հետ զույգվելուց հետո։ Թող ես սխալ լինեմ, բայց վստահ եմ՝ Վարդան Ղուկասյանն ինձնից լավ գիտի, թե ինչով է սալարկված դժոխքի ճանապարհը։ Զգույշ է պետք լինել։ Շատ զգույշ։ Թե բա՝ Սարիկը լավ տղա է, շնորհքով, չափի մեջ…», - ընդգծում է քաղաքագետը:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ
Ի դեպ, պակաս հատկանշական չէ, որ Գյումրիի քաղաքապետի իրական ու ֆեյք ընդդիմադիր թեկնածուներն առիթը բաց չեն թողնում` հայտարարելու, թե այս ընտրություններով սկսվելու է երկրում իշխանափոխության գործընթացը: Այնպիսի տպավորություն է, որ այլ քաղաքներում ընտրություններով մի հարյուր անգամ արդեն իշխանափոխություն եղել է: Տեսել ենք ընտրված ընդդիմադիր քաղաքապետերի, նրանց ճակատագիրը Նիկոլի օրոք կա՛մ վերջում յուր կողակից Աննա Հակոբյանին ծաղկեփունջ նվիրելով է ավարտվում ու բարեւի հետ միասին 180 աստիճան խոնարհվելով, կա՛մ քրեական գործերի տարափով ու կալանավորմամբ: Իսկ թե որտեղից այդքան լավատեսություն, որ իրենք ուրիշ արտի ցորեն են, ցույց կտա ժամանակը:
Նկատենք, որ նախընտրական քարոզարշավում մանիպուլիացիաների պակաս էլ չկա: Քոչարյանական «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանի փիարշիկներն ուրիշ բան չեն գտել, քան դրոշակ դարձնեն, թե Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն աջակցում է իրենց: Նրանք ոգեւորվել են ՌԴ պատգամավոր Օլեգ Մատվեեւի մի մեկնաբանությամբ, որը նա արել է Գյումրիում անցկացված հայ-ռուսական համաժողովի ժամանակ:
«Ես բացարձակապես չեմ թաքցնում, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում աջակցում է եւ ցանկանում է հաղթանակ մեր թեկնածուի՝ «Մայր Հայաստան» դաշինքի Կարեն Սիմոնյանի համար»,- ասել է ռուս պատգամավորը:
Իհարկե, այս հայտարարությունը շատ տարօրինակ է հնչում։ Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ընտրություններին, հատկապես, երբ խոսքը ոչ թե համապետական, այլ ինչ-որ տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին է։ Էլ չասենք, որ ասել, թե «Եդինայա Ռոսիան» սատարում է մի Կարեն Սիմոնյանի, որը երբեք ռուսական քաղաքականության մասին որեւէ հայտարարություն չի արել եւ չի հայտնվել Ռուսաստանին աջակցող կառույցներում, իսկապես, անլուրջ է:
Բայց սա դեռ թողնենք մի կողմ, այլեւս ակնհայտ է, որ այս հայտարարությունից հետո՝ Կարեն Սիմոնյանի դրությունը կտրուկ վատացել է, քանի որ գյումրիացիները շատ զգուշորեն են վերաբերում իրենց քաղաքի ներքին հարցերին, եւ նույնիսկ Երեւանից ուղղորդումներն անընդունելի են համարում, ուր մնաց` արտերկրից միջամտությունը։ Մինչդեռ առավել վտանգավորն այն է, որ նման հայտարարությունը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, քանի որ որեւէ թեկնածուին աջակցելը ինքնաբերաբար հանգեցնում է մնացած թեկնածուների համակիրների բացասական արձագանքին։ Եթե Սիմոնյանը ներկայում ունի ընդամենը մի քանի տոկոս համակիրներ, ապա ռուս պատգամավորին հաջողվել է դրդել Գյումրիի ավելի քան 90 տոկոս բնակչությանը հակադրվել Ռուսաստանին: Փաստորեն, «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն «արջի ծառայություն» մատուցեց ոչ միայն իր քաղաքապետի թեկնածուին, այլեւ Ռուսաստանին:
Իսկ ի՞նչ է առաջարկում Կարեն Սիմոնյանն իր նախընտրական ծրագրում, մեղմ ասած, մանիպուլյատիվ է: Այսպիսով՝ նախընտրական ծրագրում գրել են, թե Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելու պարագայում հետեւողական են լինելու, որպեսզի քաղաքը դառնա Հայաստանի բիզնես մայրաքաղաք՝ ազատ տնտեսական գոտում ներդրման եւ ազատ քաղաքի կարգավիճակ ստանալու համար:
«Ազատ տնտեսական գոտու ստեղծման եւ հարկային ռեժիմի թեթեւացման առումով ազատ քաղաքի կարգավիճակ սահմանելու մեր առաջարկը ստորագրահավաքի ժամանակ արժանացել է ավելի քան 7700 գյումրեցու հավանությանը: Մենք պարտավոր ենք լսելի դարձնել գյումրեցիների ձայնը», - ասված է նախընտրական ծրագրում: Իսկ իրականությունն այն է, որ նույն «Մայր Հայաստան»-ը Երեւանում իրականացրած իր ստորագրահավաքով անգամ չկարողացավ տրանսպորտի թանկացման դեմն առնել: Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտի դառնալուն ու հարկային բեռի թեթեւացմանը, անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է երկրի այլ քաղաքներում ու Երեւանում հարկային բեռը չթեթեւացվի, բայց Գյումրիում թեթեւացվի: Բայց մինչ այս հարցին պատասխանելը, նախ սկսենք նրանից, որ այսպիսի հարցերը որոշվում է ոչ թե ՏԻՄ մակարդակով, այլ` կառավարության: Հետեւապես, ինչո՞ւ են իրենց ընդդիմադիր հռչակածներն էլ խաբում ընտրողին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ