ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՂԹԵԼՈՎ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Սպորտ
Վերջերս Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում կայացած Օլիմպիական կարատեի /WKF /Աշխարհի երիտասարդական լիգայի ժամանակ մեր երկրի Ազգային օլիմպիական կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկե, 1 բրոնզե մեդալ։ Ծնունդով Աբովյանից ՍՈՒՐԵՆ ՔՈՍԱԿՅԱՆԸ 76 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող։
Հայաստանը ներկայացնող Անիլ Շարիաթփանահին Մ14 կատա մրցաձևում զբաղեցրել է 3-րդ տեղը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կարատեի ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Մենք 11 մարզիկներ ունեինք։ Փայլուն հանդես եկավ Սուրեն Քոսակյանը։ Նշեմ, որ նա 5 մենամարտ անցկացրեց ու երրորդում հաղթեց ղազախ մրցակցին, որը Աշխարհի գործող չեմպիոնն էր։ Իսկ մեր մյուս մասնակից Անիլ Շարիաթփանահին բրոնզե մեդալ նվաճեց։ Այս մրցաշարին մասնակցում էին 87 երկրների ուժեղագույն մարզիկներ։ Նշեմ, որ մայիսի 7-11-ը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ազգային օլիմպիական կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից կարատե մարզաձևից ճանաչված միակ ֆեդերացիան է։ Ըստ ՀԱՕԿ-ի հավաստման, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան հանդիսանում է Աշխարհի կարատեի ֆեդերացիայի WKF հիմնական անդամ և պատասխանատու է կարատե մարզաձևի զարգացման ծրագրերի իրականացման համար։ Ինչպես նաև կոչված է միջազգային ասպարեզներում մարզիկներին Հայաստանի դրոշի ներքո պաշտոնապես ներկայացնելու համար։ Կարատեն համարվում է օլիմպիական խաղերում ընդգրկված թեկնածուներից մեկը, սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը։ Մարզաձևը մեր երկրում շատ զարգացած է, մեծ մասսայականություն է վայելում, մարզերում ևս ունենք մասնաճյուղեր, հաճույքով են պարապում։
Iravunk. com - մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նաև ոսկե մեդալակիր ՍՈՒՐԵՆ ՔՈՍԱԿՅԱՆԻ հետ, նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Մեկնարկում բացարձակ առավելությամբ, վաղաժամ հաղթեցի պորտուգալացի մրցակցիս, երկրորդում կրկին նույն հաշվով ու վաղաժամ իրանցի մրցակցիս տապալեցի, երրորդ մենամարտում 3։0 հաշվով հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին, ով Աշխարհի գործող չեմպիոնն էր, շատ ուժեղ էր։ Հաջորդում հաղթեցի գերմանացի մարզիկին 5։2 հաշվով, հետո 5։2 հաշվով Թունիսի ներկայացուցչին հաղթեցի։ Եզրափակչում էլ 3։2 հաշվով պարտության մատնեցի իրանցի մրցակցիս։ Ամենաբարդը անցավ ղազախ մրցակցիս հետ պայքարը։ Շատ աննկարագրելի զգացողություններ ունեցա, երբ հնչեց մեր երկրի հիմնը, Հայոց եռագույն դրոշը ծածանվեց իմ պատվին։ Անչափ ուրախ էի, յուրաքանչյուր մարզիկի համար հաղթանակը շատ մեծ ուրախություն է, մանավանդ այսպիսի մեծ հարթակում։ Այս հաղթանակով ես դասակարգման աղյուսակում բարձր հորիզոնականում կհայտնվեմ ու շանս կստանամ մասնակցելու միջազգային առաջնությունների։ 4 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, անձնական մարզիչս հայրս է Արմեն Քոսակյանը, հենց հայրիկիցս էլ ոգեշնչվել եմ ու սկսել պարապել այս մարզաձևով։ Նպատակս է մեծահասակների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
