Որպես երկրի առաջին դեմք վարչապետը պետք է զերծ մնար քարոզարշավին մասնակցելուց
Արխիվ 16-20
<<Արար>> հիմնադրամի ղեկավար ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆՆ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ եւ համար մեկ պաշտոնյա, ցանկալի է, որ ձեռնպահ մնա ընտրապայքարին անմիջական մասնակցությունից, եւ հանդես գա որպես Երեւանի բոլոր քաղաքացիների համար այդ ընտրությունների մաքրության եւ ժողովրդավարության երաշխավոր.<<Նիկոլը, քանի որ բացի վարչապետ լինելը, փորձում է շարունակել հեղափոխության առաջնորդի իր առաքելությունը, գնաց ուղիղ հակառակ ճանապարհով, եւ ոչ միայն միջամտեց ընտրապայքարին, այլ դարձավ դրա հիմնական գործող անձը, փորձելով վերածել քաղաքապետի ընտրությունները անձամբ իր համար վստահության հանրաքվեի։ Ընտրությունները դեռ տեղի չունեցած, դա բերել է արդեն մի քանի պարադոքսալ արդյունքների՝ Նիկոլի փորձը հանրությունը բաժանել <<սեւերի>> եւ <<սպիտակների>> եւ դրանով զրկել սեփական համակիրներից բացի մնացած բոլորին ընտրության իրավունքից բերեց մնացած բոլորի բուռն հակազդեցությանը եւ համախմբմանը հենց Նիկոլի ու ՔՊ դեմ, իսկ <<ասֆալտին փռելը>> ու <<պատին ծեփելը>> պարզապես դարձավ ծաղրի առարկա, քանի որ ընկալվում է որպես օրենքից դուրս, պարապ ու անտեղի սպառնալիք։ ԲՀԿ-ն, որը մինչև այդ հանդիսանում էր Ազգային ժողովում Նիկոլի հիմնական հենարանը, եւ կառավարությունում գլխավոր գործընկերը, փաստորեն մտավ ընդիմության դերի մեջ, ընտրությունների արդյունքում այն կարող է ավելի դիստանցավորել նրանից, եւ դառնալ իրական հակառակորդ։ Լույսը, որը մինչը այս ընտրապայքարը ընդհանրապես գոյություն չուներ որպես կազմակերպված միավոր, Նիկոլի անիմաստ (ու տվյալ դեպքում նաև անշնորհակալ) ճնշման արդյունքում ստիպված եղավ իրեն դիստանցավորել նրանից, եւ ընտրությունների արդյունքում կարող է եւս ավելի հեռանալ, կախված ստացված ձայների թվից ու ներքին զարգացումներից։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Նիկոլի պատկերացրած <<Նոր Հայաստանու>> իրենք տեղ չունեն, նրանց միջեւ այս ընտրություններից հետո տեղի են ունենալու ակտիվ վերախմբավորման պրոցեսներ։ Հայկ Մարությանը, որ ՔՊ-ի ընդհանուր դժգույն ֆոնի վրա կարող էր դառնալ նոր քաղաքական հայտնություն, մնաց Նիկոլի ստվերի տակ, որպես երկրորդ պլանի էպիզոդիկ գործիչ, եւ այս ընտրապայքարի արդյունքում բացարձակ չավելացրեց իր անձնական վարկանիշը, ավելի շատ նույնիսկ ընդհակառակը ։ Նիկոլի հիմնական գաղափարը՝ օգտագործել այս ընտրությունները սեփական ուժի ցուցադրման, և Ազգային ժողովը ինքնալուծարման ճանապարհով տանելու համար, կարելի է ենթադրել, որ արդեն իսկ տապալված է, անկախ ընտրությունների արդյունքից, քանի որ Ազգային ժողովում ներկայացված հիմնական ուժերը կոշտ հակազդելու են դրան, արդեն սեփական ինքնապահպանման բնազդից ելնելով, եւ այլևս Նիկոլին չվստահելով որպես արդար եւ կանխատեսելի գործընկեր
Սեփական եւ դաշնակից քաղաքական ռեսուրսների այսպիսի մասսայական ոչնչացումից հետո մնաց տեսնել ընտրությունների արդյունքը, այն, ինչպես միշտ, դժվար կանխատեսելի է, քանի որ ընտրությունների օրը գործում են բազմաթիվ թաքնված գործոններ։ Սակայն անկախ այդ արդյունքից, արդեն հիմա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ ավելի շատ կշահեր, եթե մնար վարչապետական իր բարձրունքի վրա, այցելեր Արցախ առաջնագիծ ու կոնկրետ հարցեր լուծեր այնտեղ, հանդիպեր Մակրոնի հետ ու հետ վերադառնար կոնկրետ արդյունքներով, հեռահար պոլեմիկայի մեջ մտներ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող Ալիեւ ի հետ, եւ բոլոր այդ գործողություններով առաջ տաներ մեր բոլորիս հավաքական շահը։ Այլապես, ինչպես ասել է ժամանակին դասականը (արքա Պյուռոսը), <<Եվս մեկ այսպիսի հաղթանակ, եւ ես կմնամ առանց զորքի>>,_ասում է Ա. Չալաբյանը։