Կառավարությունն ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու որոշումը
Արխիվ 16-20
2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Ըստ որոշման՝ զորակոչն իրականացվելու է այս տարվա դեկտեմբերից մինչ 2019-ի հունվար՝ այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ինչ վերաբերում է զորացրմանը, ապա, ըստ որոշման, մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։
«Հաշվի առնելով նախընտրական, հետընտրական պրոցեսները՝ բոլոր պաշտոնյաներին խնդրում եմ ազնվորեն վերաբերվել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը», - դիմելով գործընկերներին՝ ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին արձագանքեց նաև նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
«Ես էլ եմ լիահույս, որ բոլոր պաշոնյաները հենց այդպես էլ վարվում են և հետայսու վարվելու են», - ասաց նա։