Ի՞նչ ընթացիկ հարցերի շուրջ են ժամուկես խոսել Փաշինյանն ու Ալիեւը
Արխիվ 16-20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսից այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանկարծակի ոչ պաշտոնական հանդիպմանը, մասնավորապես նշելով, թե այդպես ստացվեց: Ապա խոսել է մարզպետների կողմից իրենք իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելու մասին:
Անդրադառնալով վերոնշյալին` «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշում է. «Երկրի գլխավոր գերագույն հրամանատարը Դավոսից լայվ է մտնում՝ 16։38 րոպե տեւողությամբ, որից 7 րոպեն նվիրված էր Ալիեւի հետ հանդիպման արդարացումներին, իսկ մնացած 9 րոպեն՝ ինքնապարգեւատրումներին: Ու ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ, ինչ-որ լղոզված ձեւակերպումներ: Ու հասկանո՞ւմ եք՝ ժամուկես Ալիեւի հետ բանակցում է, ու վերջում պարզվում է՝ ըտենց խոսել են ընթացիկ հարցերից»:
Ա. Պողոսյանը նաեւ մի շարք հարցեր է բարձրացնում. «Կարո՞ղ է ընթացիկ հարցերից մեկն էլ վերաբերվում է ներդրումներին, կամ ասենք, «Իմ Քայլը» հիմնադրամին նվիրատվություններ անելուն, կամ կարո՞ղ է մարզպետների ինքնապարգեւատրություններին, թե՞ Ադրբեջանի ներքաղաքական հարցերին: Դե, քանի որ զրուցակիցը կիրթ ու գրագետ մարդ է, մտքովս ամեն ինչ անցնում է»: